Երևանի քաղաքապետարանը չի հերքում «Մհեր Մկրտչյան» թատրոնի տնօրենի պաշտոնի համար Սոս Ջանիբեկյանի թեկնածությունը

Այսօր առավոտից լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվում այն մասին, թե դերասան Սոս Ջանիբեկյանը նշանակվելու է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի տնօրեն:

«Հայկական ժամանակ»-ը տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ թատրոնի տնօրենի նշանակման համար նախ պետք է մրցույթ հայտարարվի, թեկնածուները պետք է մասնակցեն մրցույթին, իսկ հաղթողը Երևանի քաղաքապետի որոշմամբ ստանձնի տնօրենի պարտականությունները:

«Դեռ մրցույթ չկա, չկա նաև մասնակիցների ցանկ, ուստի այն տեղեկությունները, թե Սոս Ջանիբեկյանը նշանակվել է «Մհեր Մկրտչյան» թատրոնի տնօրեն, չի համապատասխանում իրականությանը»,-նշեց նա։

Միևնույն ժամանակ Կոստանյանը չհերքեց՝ Ջանիբեկյանի թեկնածության վերաբերյալ քննարկումներ կան:

Անդրադառնալով մրցույթի հայտարարման ժամկետներին՝ Կոստանյանն ասաց՝ ժամկետներ դեռ չեն նախանշվում:

Նշենք, որ Սոս Ջանիբեկյանը լրատվամիջոցների հետ զրույցում նույնպես չէր հերքել լուրը, հայտնելով՝ այդ հարցը քննարկման փուլում է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ