Հայերենը միակ լեզուն է, որտեղ «Աստվածաշունչ» բառը կապվում է Աստծու հետ

«Աստվածաշունչ» բառը վերլուծելիս ակնհայտ է դառնում, որ այն նշանակում է «Աստծո շունչ»: Եվ հայերենը միակ լեզուն է աշխարհում, որում «Աստվածաշունչ» բառն ուղիղ կապ ունի Աստծո հետ: Այլ լեզուներով Աստվածաշունչը հնչում է որպես Bible (անգլ.), Библия (ռուս.) և այլն։Աստվածաշնչի առաջին հայերեն թարգմանությունները կատարվել են քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց՝ 301 թվականից անմիջապես հետո:

Այդ ժամանակ Հայաստանում դեռևս այբուբեն գոյություն չուներ, և հոգևոր ծառայողները բանավոր կերպով թարգմանում էին Աստվածաշունչը՝ երկրում քրիստոնեությունը տարածելու և ծիսակատարություններ անցկացնելու համար: 405 թ., երբ մեծն Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը, Աստվածաշունչն առաջին անգամ գրավոր թարգմանվեց հայերեն ասորական Պեշիթոյից: Պեշիթոն Աստվածաշնչի ասորերեն թարգմանությունն է:

Երկրորդ թարգմանությունն արվեց հետագա տարիներին՝ 431 թ. կայացած Եփեսոսի Գ տիեզերական ժողովից հետո: Աստվածաշունչը հայերեն թարգմանողները դարձան Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը, Եզնիկ Կողբացին, Կորյունը, Հովսեփ Պագնացին, Հովհան Եկեղեցացին, Ղևոնդ Վարդապետը և այլք: Թարգմանությունն արվեց դասական հին հայերենով՝ գրաբարով, որն էլ այսօր համարվում է Հայկական առաքելական եկեղեցու պաշտոնական լեզուն:

Առաջին հայերեն Աստվածաշունչը տպագրվել է Ամստերդամում  1666 թ. հոկտեմբերի 13-ին, հայ հոգևոր գործիչ Ոսկան Երևանցու ջանքերով: Գիրքը տպագրվեց այն ժամանակների համար չափազանց մեծ տպաքանակով՝ 5000 օրինակ: Ոսկանյան Աստվածաշնչի հիմքում օգտագործվել է 1295 թ. Կիլիկիայի Հեթում Բ թագավորի պատվերով ընդօրինակված Աստվածաշունչը:

Այս բնագիրը Ոսկան Երևանցին խմբագրել է ըստ Աստվածաշնչի լատիներեն թարգմանության` Վուլգաթայի: Նա տպագրության ընթացքում թարգմանել և ավելացրել է նաև Հին Կտակարանի մի քանի գրքեր, որոնք բացակայում են Աստվածաշնչի հայկական կանոնում:

Ոսկան Երևանցին հրատարակված Աստվածաշնչի մի շքեղ օրինակ է պատվիրել հոլանդացի նշանավոր արվեստագետ-կազմարար Ալբերտ Մագնուսին` Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդին նվիրելու համար: Այն այժմ պահվում է Փարիզի ազգային գրադարանում:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ