«Ռուբեն Վարդանյանը Բաքու-Ստեփանակերտ-Մոսկվա նոր համաձայնագիր ստորագրելու հայտարարությամբ Արցախի գլխին ցեղասպանության բանաձև է բերում»․ Հայկ Սուքիասյան

Սերժ Սարգսյանը երեկ բաց նամակ է գրել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Բաց նամակում մասնավորապես ասված է, որ այսօր 120 հազար արցախցիների ֆիզիկական գոյությունը բառի բուն իմաստով վտանգի տակ է:

«Մենք ձեզնից յուրաքանչյուրի հետ բազմաթիվ առիթներով խոսել ենք 1915 թվականին տեղի ունեցածի՝ Հայոց ցեղասպանության և դրա հետևանքների մասին: Այսօր՝ 108 տարի անց, մենք շատ մոտ ենք այդ ահասարսուռ իրադարձությունների կրկնությանը ժամանակակից մեթոդներով»,- նշել է Սերժ Սարգսյանը: Այնուհետև առիթը բաց չի թողել նաև քննադատելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Այս մասով Սերժ Սարգսյանը գրել է, որ դիմում է նրանց՝ նախևառաջ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների, որպես առաջնորդների, ովքեր անձամբ գիտեն, թե ինչ հանգրվանում էր Արցախյան խնդրի լուծման բանակցային գործընթացը մինչև 2018 թվականը, երբ մեր հասարակությունը հուզական ընտրություն կատարեց և իշխանությունը հանձնեց պետության ընկալման հետ որևէ աղերս չունեցող գործչի:

«Բայց փաստ է, որ և՛ հարցը չի լուծվել, և՛ խնդիրներն են շատ ավելի խորանում, իսկ այդ մարդն էլ այսօր հստակորեն չունի մեր ժողովրդի քվեն՝ Արցախը ճանաչելու որևէ այլ երկրի կազմում, և արցախցիների կողմից էլ բացարձակապես չունի քվե՝ ինքնակամ որոշելու իրենց ճակատագիրը»,- գրել է Սերժ Սարգսյանը և վերջում խնդրել երեք երկրների ղեկավարներին կանգնեցնել արհավիրքը, ապահովել արցախցիների տարրական մարդկային կեցության պայմանները, երաշխավորել դրանք, այնուհետև անցնել դիվանագիտական լուծումներ գտնելու ջանքերին։

Այս առնչությամբ Civic.am-ի հետ զրույցում հայտնելով իր տեսակետը՝ քաղաքագետ Հայկ Սուքիասյանը ասաց, որ այսինքն՝ նամակ է գրել, բողոքել է վարչապետից, ուրիշ բան չկա տակը։ Քաղաքագետի խոսքով՝ ընդհանրապես խորքը սաբոտաժն է ՀՀ արտաքին քաղաքականության։ «Հիմա լավ է, վատ է՝ Հայաստանը ուղիներ որոնում է, բայց նրանց նպատակը բոլոր տեղերում այդ ելքերը փչացնելն է և ճանապարհը փակելը, այլանդակելն է, այլասերելը և այլն։ Իսկ մնացածը իրենց ավանդական լացն է, թե բանակցողը վատն է։ Իսկ իրենց ժամանակ բանակցողը լա՞վն է եղել։ Հայաստանի երրորդ հանրապետության հիմնադիր նախագահ կար, ինքը 1994 թվականին հրադադարի պայմանագիր էր ստորագրել այն Ադրբեջանի հետ, որը պարտված էր։ Այսինքն՝ հաղթող կողմը գնացել ստորագրել է իրար վրա չկրակելու պայմանագիր։ Եվ սա լավ բանակցող է։ Դրանից հետո երկու աշակերտները. երկրորդ նախագահը Արցախը դուրս է թողել բանակցային գործընթացից, և պարզվում է, որ պատրաստ է եղել նաև Մեղրին փոխանակել։ Բայց շատ լավ բանակցող է եղել։ Հետո էս վերջին նամակ գրողը շատ լավ բանակցել է 2016 թվականին ապրիլյան պատերազմի ժամանակ։ Պայմանավորվել է, որ 7 շրջանները պիտի տա, դե Արցախի հարցն էլ տեսնենք՝ հետո ինչ կլինի։ Բայց պարզվում է՝ ինքը եղել է շատ լավ բանակցող։ Եվ այս մեկը, որ իրենց ժառանգության վրա չի կարողացել ճեղքել փակ դռները և ստեղծել է պատերազմ, պարզվում է՝ շատ վատ բանակցող է»,- ասաց քաղաքագետը։

Այնուհետև նա նշեց, որ «Կիլիկիա» նավի մի հատ «պիռատ» կար, Զորի Բալայան էր անունը, ինչ էր, որ նամակ էր գրել «ռուսաց թագավորին»՝ Պուտինին, որ Ղարաբաղը մտցնի Ռուսաստանի կազմի մեջ, այ սրանք իրենք են, հիմա այս մեկն էլ, հավանաբար ոգևորված Զորի Բալայանից, նամակ է գրում ուրիշ տեղեր։

«Էդ Բայդենին, Մակրոնին էլ ձեռի հետ է գրել։ Իրականում ինքը Պուտինին է գրել, որ մի բան արեք, որ այստեղ հեղաշրջում անենք։ Մնացածը, բոլոր տեղերում ոնց կարողանում են՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը սաբոտաժի են ենթարկում»,- ասաց Հայկ Սուքիասյանը։

Խոսելով նաև այն մասին, որ Արցախի հետ կապված Երևանում փողոցներ են փակել, քաղաքագետն ասաց, որ ընդհանրապես եթե ազնիվ դժգոհություններ են, դա նորմալ է, այսօր Արցախում 120.000 մարդ սովամահության է ենթարկվում, և ամեն բողոք չէ, որ պետք է քննադատության ենթարկել, բայց կոնկրետ այս բողոքի իմաստը ինքը չի հասկանում։

«Ենթադրենք, փողոց են փակում, ի՞նչ, պահանջը ո՞րն է։ Ես առաջարկում եմ, որ այդ մարդիկ փակեն Ռուսաստանի դեսպանատունը։ Շրջափակեն ու ասեն՝ պայմանավորվածություն ունես, ինչի՞ չես կատարում։ Ադրբեջանը արցախահայությանը սովամահության է դատապարտում։ Թող մի հատ պատասխան լսեն, այ սա կլինի արժանապատիվ քայլ, այ սա կլինի արցախահայությանը օժանդակություն։ Ընդհանրապես ցանկացած բան պետք է պրակտիկայով ստուգել՝ դրա արդյունավետությունը ինչ է։ Ասենք, փակեցիք փողոցները, ի՞նչ շահեցիք դուք. բացի անիմաստ խցանումներ առաջացնելուց, ոչինչ։

Ինչ վերաբերում է «Հայաքվե» նախաձեռնությանը, քաղաքագետն ասաց, որ Հայաստանը ներսից և դրսից գրոհի է ենթարկվում, սրանք նամակներ են ուղարկում, Արցախում իհարկե ժողովրդի բողոքն օբյեկտիվ է, և ինքը ողջունում է դա, բայց վստահ է, որ Արցախի ԱԺ նախագահի տեքստը գրել են ռուսական «կոմենդատուրայում»՝ խաղաղապահները, տվել են ձեռքը կարդացել է, սրանք էլ այնտեղից են ցնցում, ներսում ինչ-որ տարբեր օջախներ են առաջացել, էս մեկն էլ հերթական մի օջախն է, անունը դրել են «Հայաքվե», այսինքն՝ ով չի ստորագրում, հայ չի, կամ իրենք կասկածում են, որ հայ են, անպայման պիտի գան ստորագրեն, որ ապացուցվի, որ իրենք հայ են։

«Այսինքն՝ այդ մարդիկ իրենք իրենց ինքնությանը կասկածում են՝ իրենք հայ են, թե չէ։ Պիտի գան ստորագրեն, վկայականը ստանան, որ իրենք հայ են։ Բայց սրա նպատակը որն է, ենթադրենք՝ այդ 50.000 ձայնը հավաքեցին, պարզ է, որ ԱԺ-ն չի ընդունելու այդ օրենքը, իրենք դիմելու են այդ 50.000 ստորագրած անձանց և գնալու են Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձի, իրենց ուզածը մոբիլիզացնելն է 50.000 մարդու։ Ես դիմում եմ իշխանությանը. դեմոկրատիան բառադիությունը չի, որ ով ինչ ուզի՝ անի, պետության մեջ պետք է խիստ կարգուկանոն։ Դրա համար ՀՀ իրավապահ մարմինները պետք է լավ աշխատեն»,- ասաց Հայկ Սուքիասյանը։

Խոսելով նաև այն մասին, որ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր ԱԺ-ում հայտարարել է, թե 537 հազար ստորագրությամբ ապացուցվեց՝ Փաշինյանը չի լիազորվել Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչել, Հայկ Սուքիասյանն ասաց, որ այդ մարդը ԱԺ պատգամավոր և ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ է եղել, բայց այդ մարդը ոչ Սահմանադրություն գիտի, ոչ օրենսդրություն գիտի, այդ մարդը բացարձակ ոչինչ չի հասկանում։

«Հո ստորագրություն հավաքելով չի, այս պետության մեջ օրենքներ կան, Սահմանադրություն կա։ Այս պետության մեջ ընտրություններ են տեղի ունեցել, օրինական ընտրություններ, դուրներդ գալիս է, թե չի գալիս՝ ձևավորվել է իշխանություն, որն ունի և՛ բոլոր իրավական, և՛ լեգիտիմ հիմքերը հազար ու մի բան բանակցելու, հազար ու մի բան խոսելու։ Ինքը այդ իրավունքն ունի։ Դու ոնց ես ստորագրություն հավաքել ու ասում, որ էս մարդուն չեն լիազորել։ Այդ մարդուն իշխանության են լիազորել, ինչ ուզի՝ կբանակցի, այլ բան է, որ մենք կարող ենք համաձայն լինել կամ համաձայն չլինել իշխանության տեսակետի հետ։ Իրենց նպատակն է, որ եթե հեղաշրջում չլինի, Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ»,- եզրափակեց Հայկ Սուքիասայանը։

Խոսելով նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի արած հայտարարության մասին՝ քաղաքագետն ասաց, որ տեսնում ենք, որ Թաթարստանի մի սարը այնտեղից կանխարգելիչ քայլ է արել՝ հայտարարել է, որ եկեք Բաքու-Ստեփանակերտ-Մոսկվա նոր համաձայնագիր ստորագրենք, որտեղ Հայաստանը չլինի, բայց նրանք հավանաբար հոտը առել են, որ միջազգային հանրությունը, լավ-վատ, բայց ընկալում ունի, որ արցախահայությունը սովամահության և էթնիկ զտման եզրին է կանգնած, կա հավանաբար կոնսենսուս, որ ինչ-որ մի պահի պիտի գնալ միջազգային խաղաղապահներ բերելուն։

«Սրանք հավանաբար հոտը առել են, դրա համար արդեն կանխարգելիչ քայլ են անում, որ չգան, որ էլի Արցախը մնա ռուս-թուրքական գործարքի մեջ, գլխավորապես՝ ռուսական գործարքի մեջ, դրա համար տափակ հայտարարություն է արել, այսինքն՝ որպեսզի միջազգային խաղաղապահների մուտքն այստեղ արգելվի։ Մենք տեսնում ենք, որ տարբեր տեղերից սաբոտաժ է։ Բայց այդ մարդուն ուզում եմ ասել, որ ինքը Արցախի գլխին ցեղասպանության բանաձև է բերում»,- եզրափակեց քաղաքագետը։

Լիլիթ Թադևոսյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ