Վերջին շրջանում Հայաստանում հայտնվում են այնպիսի թմրանյութեր, որոնք խիստ մահաբեր են. Բադասյան

Այսօր՝ Կառավարության նիստից հետո, ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ 1 տոննա կոկաինի ներմուծմանը Հայաստան:

Վերջինս նկատեց, որ կատարվածի վերաբերյալ կա քրեական վարույթ, և ձեռնպահ մնաց մանրամասների վերաբերյալ մեկնաբանություններ տալուց:

«Կարող եմ սխեմաների մասին խոսել։ Եթե որևէ երկրից ապրանքը, ըստ ուղեկցող փաստաթղթերի, պետք է տեղափոխվի մեկ այլ վերջնակետ երկիր, նշանակում է մի քանի բան։ Տարբեր երկրների մաքսային մարմինները մշակում են ռիսկերի համակարգեր, ալգորիթմներ, որի հիման վրա պետք է վերհանեն, թե որ կոնտեյները, որ բեռնատարն են ստուգում։ Դրա մասին գիտեն նաև մաքսանենգ ճանապարհով ապրանքներ տեղափոխող ընկերությունները և կիրառում են տարբեր մեխանիզմներ»,- ասաց նա:

Ռուստամ Բադասյանը նաև հիշեցրեց, որ ամբողջ աշխարհը ողողված է թմրանյութերով, և, բնականաբար, դրանք հայտնվում են տարբեր շուկաներում՝ մաքսանենգ ճանապարհով անցնելով մաքսային հսկողության կետեր կամ շրջանցելով մաքսային հսկողության գոտիները, այսինքն՝ անպայման չէ, որ մաքսային հսկողության գոտիով մաքսանենգ ապրանքը մտնի:

«Օրինակ՝ Իրանի հետ Հայաստանի Հանրապետության սահմանը որ կա, դեպքերի մեծամասնությունը ռուս սահմանապահների կողմից է հայտնաբերվում, որովհետև, օրինակ, նետում են գետի վրայով թմրանյութը կամ դրոնով տեղափոխում են և թողնում այնպիսի գոտում, որտեղից իրենց հանցակիցները կարող են վերցնել»,- ասաց Բադասյանը և մտահոգություն հայտնեց, որ վերջին շրջանում Հայաստանում հայտնվում են այնպիսի թմրանյութեր, որոնք խիստ մահաբեր են, և պետք է մտածել, թե մեր կարողություններն ինչպես ենք զարգացնելու թմրանյութերի դեմ պայքարում:

Հիշեցնենք, որ Հայաստանում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերությունը Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն էր ներմուծել կոկաին տեսակի շուրջ 1 տոննա քաշով թմրամիջոց (շուրջ 250 միլիոն եվրո արժողության), որը հայտնաբերվել է և գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ