Ավտոբուսը մոտեցավ կանգառին և ես տեսնելով, որ ավտոբուսում շատ ուղևորներ չկան, շատ ուրախացա: Բարձրացա, նստեցի ազատ նստարանին, ականջակալներս դրեցի ու սկսեցի լսել իմ սիրած երգը:
Հանկարծ զգացի, որ ավտոբուսում խառնաշփոթ է, բոլորը շտապում են հետևամաս: Ականջակալներս հանեցի ու հասկացա, թե ինչ է տեղի ունենում:
Ավտոբուսի հետևամասում մի հղի կին էր նստած, նրա դեմքից զգացվում էր, որ սարսափելի ցավերի մեջ է: Մի տարեց կին շոյում էր նրա գլուխը: Հղի կինը ցավից գալարվում էր, և ասես շուրջը ոչինչ չէր նկատում:
Այդ պահին ավտոբուսի վարորդը բարձրաձայն ասաց.
— Հաջորդ կանգառը ծննդատուն: Ում համար չէ, թող հենց այս կանգառում էլ իջնի:
Եվ նստելով ղեկի մոտ մեծ արագությամբ սլացավ մոտակա ծննդատունը։Ավտուբուսի մեջ գտնվողներս շատ լարված էինք, նստատեղի տակ արյան հետքը մեծանում էր:
Վարորդը այնպիսի մեծ արագությամբ էր սլանում, որ մի քանի րոպեից հասանք ծննդատուն: Ծննդատան մուտքի մոտ նա կայանեց ավտոբուսը և արագ կնոջը գրկելով վազեցրեց ներս:
Կնոջ պայուսակը ավտոբուսի մեջ էր, ես նրա պայուսակի մեջ գտա բջջային հեռախոսը և կապ հաստատեցինք ամուսնու հետ, պատմեցինք կատարվածը:
5 րոպե չանցած ամուսնու ամվտոմեքենան սրընթաց մտավ հիվանդանոցի բակ, նա արագ իջավ մեքենայից ու շտապ քայլերով մտավ ներս:
Մենք բոլորս, ավտոբուսի ուղևորներս, որ օտար մարդիկ էինք և իրար չէինք ճանաչում, հարազատի նման անհամբեր սպասում էին ավտոբուսի «փոքրիկ ուղևորի» լույս աշխարհ գալուն:
Որոշ ժամանակ անց, ամուսինը ուրախ դուրս եկավ հիվանդանոցի շենքից.
— Ծնվե՜ց, որդիս, ծնվե՜ց:
Մենք բոլորս գրկախառնվեցինք, շնորհավորեցինք նորաթուխ հայրիկին:
Նորածնի հայրը ձեռքը մեկնեց ավտոբուսի վարորդին և աաաց.
— Շնորհակալ եմ եղբայր, եթե շտապ չհասցնեիր, չեմ էլ ուզում մտածել, թե ինչ կարող էր պատահել: Մինչև այսօր ես չէի որոշել ինչ անունով եմ կոչելու որդուս, բայց հիմա հաստատ գիտեմ: Ես նրան կկոչեմ քո անունով: