«Գեղամ Նազարյանը և Արծվիկ Մինասյանը մոտեցան ինձ, ասացին՝ Սահակյանից նման բան չէին սպասում, պատժելու են»․ Վարդանյան

ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ԱԺ–ում լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադառնալով այսօր հանձնաժողովի փակ նիստում դաշնակցական պատգամավորի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին, նշեց՝ մինչև միջադեպը, բովանդակային քննարկում էր տեղի ունենում։ Ընդդիմադիր պատգամվորները նիստի ընթացքում ստացել էին իրենց հուզող պատասխանները։

Ըստ նրա՝ քննարկումից հետո ընդդիմադիր պատգամավորները եղափոխվեցին էմոցիոնալ դաշտ․ «Քննարկման ժամանակ որևիցե արտահայտություն, որ կվիրավորեր ինչ–որ մեկին, չի հնչել։ Ես ինձ թույլ չեմ տվել։ Իմ կանոններն են՝ չվիրավորել և թույլ չտալ ինչ–որ մեկին վիրավորել։ Սա խորհրդարան է, բոլորը պետք է հարգեն միմյանց։ Սահակյանը պարզապես թույլ տվեց իրեն այնպես գրգռվել, որ սա խոսում է որոշակի վերաբերմունքի մասին։ Ես նախահարձակ չեմ եղել»,– ասաց նա։

Վարդանյանի խոսքով՝ միջադեպից հետո թե՛ Գեղամ Նազարյանը, թե՛ Արծվիկ Մինասյանը մոտեցել են իր գրասենյակ, նշել՝ Սահակյանից այդպիսի բան չէին սպասում, պատժելու են․ «Ասում էին՝ «շատ վատ բան ստացվեց, ինչի նման բան արեց։ Ինքը պետք է պատժվի։ Փոխարենը մամուլում տեսնում են տարատեսակ մեկնաբանություններ, որ ես եմ եղել նախահարձակ։ Երկուսնն էլ փորձում էին հանդարեցնել իրավիճակը մտերմիկ ձևով։ Հիմա այլ բան եմ տեսնում։ եթե պարոն Սահակյանը փորձում էր ինքնապաշտպանվել, ի՞նչու էր սողոսկում դահլիճից»։

Անձնական շփում Սահակյանի հետ Վարդանյանը երբևէ չի ունեցել։ Ասում է՝ մի քանի անգամ մոտեցել է ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանին և խնդրել կարգի բերել հանձնաժողովի նոր անդամի վարքագիծը․ «Մինչև հարձակումը բովանդակային քննարկում էր գնում։ Ավարտվեց, սկսեցին առաջ բերել էմոցիոնալ ֆոն։ Ես կանգնել եմ ոտքի ու ասել՝ եթե շարունակեց, այսպես առաջ չենք գնա, խնդրում եմ անցնենք բովանդակային քննարկման։ Ինքը սկսեց ինձ դիտողություններ անել՝ «մեր հետ այդպես չի կարելի խոսել»։

Ըստ Վարդանյանի՝ նիստի ժամանակ քննարկվել են միջազգային հարցեր, որոնք պետք չէ, որ ադրբեջանական կամ թուրքական կողմը տեղեկանա։ Ասում է՝ չի հասկանում ընդդիմության դիրքորոշումը․ նրանք մեկ գոհ են, մեկ դժգոհ։

«Ինչպես այս կարգի վարքագիծը կարելի է հանդուրժել Ազգային ժողովում։ Այս միջադեպից ես չեմ շեղվելու, առաջ եմ գնալու։ Նման վարքագծեր առաջ են գալիս, երբ քննարկվում են ապօրինի գույքին վերաբերվող հարցեր, քաղաքական որոշակի գործընթացներ, բարեփոխումներ, որոնք կապված են ապօրինի գույքի հետ։ Մենք շարունակելու ենք մեր աշխատանքը, նման բաներով ինձ չեք վախեցնի»,– հավելեց պատգամավորը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ