Շոուբիզնեսի ներկայացուցիչները՝ քաղաքի ամանորյա զարդարանքի մասին

Երևանում արդեն տևական ժամանակ է իրականացվում են ամանորյա լուսավորման, ձևավորման աշխատանքներ: Շուտով տոնական տրամադրություն կլինի ամենուր, քանի որ քաղաքն այս տարի բացառիկ քանակությամբ լուսավորություն է ունենալու:

«Հայկական ժամանակ»-ը շոուբիզնեսի ներկայացուցիչներից հետաքրքրվել է, թե ինչպես են վերաբերվում կատարվող աշխատանքներին:

Դերասանուհի Իննա Խոջամիրյանն անկեղծանում է՝ աշխատում է այնպիսի գրաֆիկով, որ մեկ ամսից ավելի է՝ չի եղել քաղաքում, ձևավորումն էլ դեռ չի տեսել:

«Եթե շատ լույսերի առկայությունը կարող է ամանորյա տրամադրություն ստեղծել քաղաքացիների մոտ և դրական էֆեկտ կունենա, ես միայն ուրախ եմ: Ես Հայաստանի Հանրապետության բոլոր բնակիչներին ուզում եմ ժպիտով տեսնել: Մենք գուցե դեռ երկար ժամանակ պատրաստ չլինենք այդ լույսերը մեզ թույլ տալուն, սակայն բոլոր արդարացված և ադեկվատ միջոցները պետք է ձեռնարկվեն, որպեսզի կարողանանք ոտքի կանգնել»,- նշում է դերասանուհին:

Իննայի համար խաղաղությունը ոչ միայն ամանորյա, այլ ամենօրյա մաղթանք է դարձել. «Մենք դրա մասին երազելով ենք ապրում: Ուզում եմ, որ այս ամենից հետո շարունակենք իրար սիրել: Կոպիտ է հնչում, բայց մենք շատ քիչ ենք մնացել, և շատ հստակ կերպով մարդկանց վերաբերմունքը միմյանց հանդեպ փոխվել է դեպի վատը՝ նեգատիվը: Մեր ամենաուժեղ զենքը կլինի այն, որ իրար սիրենք: Թող սերը տիրի, տոլեռանդությունը, համբերությունն ու ջերմությունը»:

Դերասան Սոս Ջանիբեկյանի կարծիքով էլ՝ առհասարակ Երևան քաղաքի գիշերային լուսավորությունը շատ թույլ է. «Երեկոյան ժամը 12-ից հետո շատ մութ է, գիշերային լուսավորությունը պետք է ուժեղանա: Պետք է լավ լուսավորված լինի գոնե փոքր կենտրոնը: Գլխավոր փողոցներով քայլում ես մթության մեջ, կարծես քաղաքի ծայրամասերում լինես»:

Անդրադառնալով տոնական լուսավորությանն ու զարդարանքին՝ Ջանիբեկյանը նկատում է՝ Երևան քաղաքը պետք է ունենա գլխավոր դիզայներ:

«Օրինակ՝ հիմա կատարվում են ինչ-որ աշխատանքներ, որոնք, վստահ եմ, սիրուն կլինեն, բայց թե ինչպես են Հանրապետության հրապարակի շենքերը ծակվել, լարերն անցկացվել, մեխվել, դռելի հետքեր առաջացել, այդ աշխատանքից շատ դժգոհ եմ: Կարելի է Գառնիի տաճարի վրա էլ մեծ անցքեր բացել, հետո նույն հաջողությամբ փակել»: Լույսերը դեռ չեմ տեսել, բայց պատերին անցքերը տեսնում եմ»,- դժգոհում է նա:

Իսկ ահա երգիչ Արսեն Գրիգորյանին տոնական տրամադրությունն ու քաղաքի լուսավորությունը շատ են դուր գալիս:

«Շատ ուրախ եմ, որ իմ քաղաքում տոնական է լինելու տրամադրությունը, շատ լույսեր են լինելու: Տա Աստված, որ դա կապված չլինի միայն այս տարի Երևանում անցկացվող «Մանկական Եվրատեսիլ»-ի հետ և ամեն տարի նույն խանդավառությամբ քաղաքը զարդարվի: Տոնը, իհարկե, նախևառաջ հոգեվիճակ է, ներսից եկող զգացողություն, բայց երբ տեսնում ես սիրուն զարդարանքներ, լիքը լույսեր, ժպիտով դեմքեր, իրար սիրող, հանդուրժող մարդկանց, տոնն ապահովված է»,- համոզված է երաժիշտը:

Նրա մաղթանքն է, որ մեր երեխաները մեծանան առանց զենքի ձայների, մայրերն էլ արտասվեն միայն երջանկությունից. «Թող այսուհետ գրված երգերը լինեն ուրախության, փոխադարձ սիրո, պոզիտիվ բաների մասին: Թող էլ չունենանք կորուստներ և այդ կորստի ցավից ծնված երգեր, ապրումներ»:

Երգչուհի Ջուսի մոտ տոնական տրամադրություն դեռևս չկա, քանի որ ձյուն չի եկել: Քաղաքի զարդարանքն ու լուսավորությունն էլ դեռ չի տեսել, սակայն համոզված է՝ շատ գեղեցիկ է լինելու: «Ճիշտ է, ձյուն դեռ չկա, բայց շատ լույսերի ու տոնածառերի առկայությունը ևս ստեղծում են տոնական տրամադրություն: Վերջին շրջանում մեր կյանքում շատ են տխուր ու նեգատիվ միջադեպերը: Պետք է ամեն ինչ անել, որ մարդիկ զգան տոնական տրամադրությունն ու տոնի կախարդանքը, հա ու մեկ էլ՝ մանդարինի հոտը»,- կատակում է երգչուհին:

Դերասան Ռաֆայել Երանոսյանի կարծիքով էլ՝ ամեն ինչ շատ գեղեցիկ է. «Լուսավոր բաներն ինձ դուր են գալիս: Ընդհանրապես Ամանորը լավ բան է: Ես սիրում եմ այս տոնը, տոնածառը: Ու ամեն տարի տոնածառ եմ զարդարում, չնայած որ տանը երեխաներ չկան: Հորս ու հորաքրոջս հետ եմ ապրում, որ 77 և 74 տարեկան մարդիկ են, բայց նույն խանդավառությամբ ենք զարդարում տոնածառը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ