Նիհարելու համար հարկավոր է ընտրել առողջ նախուտեստներ, ինչպիսիք են նուշը և չիայի սերմերով պուդինգը, ասում է սննդաբան Դիվիա Գոպալը: Лента պարբերականի փոխանցմամբ՝ մասնագետը թվարկել է սպիտակուցներով հարուստ ինը խորտիկներ, որոնք չեն վնասի կազմվածքին:
«Մարդիկ քաղցը հագեցնելու համար հաճախ ընտրում են հեշտ հասանելի մթերքներ։ Դրանք սովորաբար պարունակում են շատ շաքար և զտված ածխաջրեր և խանգարում են նիհարելու գործընթացին», – բացատրել է մասնագետը և առաջարկել այլընտրանքային տարբերակներ։
Գոպալն առաջին հերթին ուշադրություն է հրավիրել հունական մածունի վրա, որը հարուստ է կալցիումով ու սպիտակուցներով և հիանալի հագեցնում է քաղցը։
Սննդաբանն առաջարկել է որպես նախուտեստ բանջարեղեն ուտել, քանի որ դրանք պարունակում են բջջանյութ, որը լավացնում է մարսողությունը և երկարացնում հագեցվածության զգացողությունը։ Նա նաև առաջարկել է հիմնական սնունդն ընդունելու միջև ընկած ժամանակահատվածում ուտել գետնանուշի մածուկով սենդվիչ:
Գոպալը առաջարկած խորտիկների ցանկում նշել է նաև խաշած ձուն, միկրոէլեմենտներով հարուստ նուշը, մրգերը, կաթնաշոռը և լոբազգիները:
Եզրափակելով՝ փորձագետը խորհուրդ է տվել սննդակարգում ավելացնել չիայի սերմերի պուդինգ։
«Չիայի սերմերը պարունակում են հսկայական քանակությամբ սննդանյութեր։ Դրանց մեջ կա սպիտակուց, կալցիում, հակաօքսիդանտներ, մանրաթելեր, ֆոսֆոր և մանգան։ Այսպիսով, դրանք կարող են օգնել, եթե դուք փորձում եք նիհարել»,- բացատրել է Գոպալը։