ՌԴ-ն չի ապահովում իր իսկ կազմած եռակողմ հայտարարության պահանջների կատարումը, փոխարենն անվանարկում է Արեւմուտքի միջնորդությունը

Խաղաղության պայմանագրի, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը առերեսվում է ՌԴ-Արևմուտք դիմակայությանը, ու ակնհայտ է, որ հիշյալ սուբյեկտներից յուրաքանչյուրը փորձում է իր ձեռքում պահել և կամ իր ձեռքն առնել բարդ այս թնջուկի եթե ոչ հանգուցալուծման, ապա միջանկյալ կարգավորման միջնորդությունը։ Ո՞րն է Հայաստանի շահն այս դիմակայության համատեքստում։ Անշուշտ, իր և Արցախի համար առավելագույն շահավետ լուծում կորզելը, այնպիսի լուծում, որը ձեռք կբերվի ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պահպանմամբ և Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության երաշխավորմամբ։ Իսկ թե ո՞ր բևեռի մոդերատորությամբ հնարավոր կլինի հասնել ցանկալի լուծմանը, թերևս երկրորդական է, ճիշտ այնքան, որքան կենաց-մահու կռիվ տվող հիվանդի համար իրեն բուժող բժշկի խալաթի գույնը։

ՌԴ-Արևմուտք՝ ԱՄՆ, Բրյուսել, դիմակայության համատեքստում լսելի են միմյանց թիրախավորող կոշտ մեղադրանքներ, որոնք վերաբերում են Կովկասյան տարածաշրջանում կայունության խաթարմանն ու տևական, իրական խաղաղության հասնելու համար գործադրվող ջանքերի վիժեցմանը։ Մասնավորապես Ֆրանսիայի նախագահ Է. Մակրոնը վերջերս ՌԴ նախագահին մեղադրեց «իրադրությունը Ադրբեջանի օգտին թեժացնելու», «հարյուրամյակների պատմություն ունեցող հակամարտությունն օգտագործելու և Ադրբեջանի խաղը խաղալու մեջ՝ Թուրքիայի մասնակցությամբ, որպեսզի թուլացնեն Հայաստանը, որի հետ սերտ հարաբերություններ ունեն»: Մակրոնին արձագանքած պաշտոնական Մոսկվան էլ շեշտեց, թե «Ֆրանսիայի նախագահի անհեթեթ մտքերը վկայում են, որ Փարիզը շահագրգռված չէ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ»։ Մոսկվան, ի դեպ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի շուրթերով քանիցս Արևմուտքի իր գործընկերներին այս ընթացքում մեղադրեց ՌԴ-ՀՀ հարաբերությունները փչացնելու փորձերի, ՌԴ-ին և «եղբայրական Հայաստանին» գժտեցնելու մեջ։ «Մենք տեսնում ենք, թե ինչ աննախադեպ արտաքին ճնշման է ենթարկվում եղբայրական Հայաստանը։ Մեր երկրների ու ժողովուրդների դարավոր կապերին վնաս հասցնելու համար քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը վարկաբեկելու ուղղությամբ»,- օրերս հայտարարեց Զախարովան՝ Վաշինգտոնին ու Բրյուսելին մեղադրելով հակառուսական տրամադրություններ սերմանելու մեջ։

Մի կողմ թողնելով հիշյալ մեղադրանքները՝ արձանագրենք այն ստատուս քվոն, որը հաստատվել է 44-օրյա պատերազմից և մասնավորապես Ադրբեջանի՝ սեպտեմբերի 13-14-ի ռազմական ագրեսիայից հետո։ Ի՞նչ ունենք հողի վրա. փաստ է, որ միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող բազմաթիվ ազդեցիկ երկրների ու միջազգային կառույցների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ԵԽ-ի կոչ-պահանջներին ի պատասխան՝ Ադրբեջանը հետ չի քաշել իր զորքերը ՀՀ սուվերեն տարածքից, ավելին՝ առնվազն սեպտեմբերի 20-ից սկսած գրեթե ամենօրյա ռեժիմով խախտում է հրադադարը։ ՌԴ-ն և ՀԱՊԿ-ը, մինչդեռ, մինչև այս պահը գնահատական չեն տվել Ադրբեջանի գործողություններին և հրադադարի ռեժիմը հարգելու, զորքերը հետ քաշելու պահանջ չեն առաջադրել։ Արդյոք այն պատճառով, որ հրադադարը ձեռք է բերվել Վաշինգտոնի գործուն միջամտությամբ, այլ ոչ թե ՌԴ-ի՞։ Իսկ այն հրադադարը, որում Կրեմլի մատը խառը չէ, դրա պահպանմամբ ՌԴ-ն ամենևին էլ նախանձախնդիր չէ։ Հետևապես հարց է ծագում՝ Ադրբեջանը սեփական նախաձեռնությա՞մբ է շարունակում կրակել, թե՞ նրա ձեռքերով կրակում է այլ սուբյեկտ՝ ֆիքսելու, որ ամերիկյան ջանքերով ձեռք բերված հրադադարը ենթակա է արհամարհանքի՝ խախտման։ Արձանագրենք, որ հրադադարի խախտումը տեղի էր ունենում անտեսելով այն իրողությունը, որ դեռ շաբաթներ առաջ Պրահայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ համաձայնություն էր ձեռք բերվել հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդներ տեղակայելու մասին։ Զորքերի հետ չքաշելն ու հրադադարի խախտումները Ադրբեջանի կողմից ակնհայտորեն ուղղված են մեկ նպատակի՝ արժեզրկել, հեղինակազրկել արևմտյան մոդերատորությունն ու ցույց տալ ռուսական մոդերատորության գերակայությունը տարածաշրջանում։ Այս համատեքստում պետք է հարց բարձրացնել՝ եթե ՌԴ-ն անհանգստացած է տարածաշրջանում իր քաղաքականության հեղինակությամբ և Արևմուտքին մեղադրում է այն վարկաբեկելու մեջ, ապա ինչո՞ւ չի սաստում Ադրբեջանին, որի գործողություններն ուղղված են հենց իր՝ ՌԴ-ի՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության երաշխավորի դեմ։

Արդյոք կարելի՞ է ենթադրել, որ Ադրբեջանն իր գործողությունները համաձայնեցնում է «եղբայրական Հայաստանի» դաշնակցի հետ և զորքերը հետ կքաշի ու կդադարի կրակել միայն այն ժամանակ, երբ նման կոչ լսի անձամբ Վլադիմիր Պուտինի շուրթերից։ Երեկ պարոն Պուտինն, ի դեպ, «Վալդայ» ակումբում տեղի ունեցած քննարկման ժամանակ որոշեց իր հերթին քար նետել Արևմուտքի բոստանը՝ խոսելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, այսպես կոչված, «վաշինգտոնյան համաձայնագրի» մասին, և նշեց. «Եթե հայ ժողովուրդը և Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կարծում են, որ պետք է ընտրել խաղաղության պայմանագրի ինչ-որ կոնկրետ տարբերակ, այսպես կոչված՝ վաշինգտոնյան համաձայնագիրը, որը, ինչքան հասկանում եմ, նախատեսում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը՝ խնդրեմ։ Դե, եթե Հայաստանն այդպես է կարծում»։ ՌԴ նախագահը քաջ գիտի, թե ինչպիսի զգայուն թեմա է ԼՂ հարցը, և թե ինչ նշանակություն կունենան իր խոսքերը 30 տարի Արցախի անկախության համար կյանք ու արյուն տվող հայ ժողովրդի համար՝ փաստացի ԱՄՆ-ին, որպես մոդերատոր, մեղադրելով Արցախը Ադրբեջանին հանձնելու մեջ։ Արդ, եթե վաշինգտոնյան համաձայնագիրը, եթե այն իսկապես գոյություն ունի, հակաարցախյան է, չի արտացոլում հայ ժողովրդի արդարացի պահանջը, ի՞նչ է առաջարկվում ենթադրյալ «մոսկովյան համաձայնագրով», դրանում ինչպիսի՞ կարգավիճակ է երաշխավորվում Արցախի համար և ամենակարևորը՝ ո՞ր երկրի ինքնիշխանությունն է ճանաչվում Արցախի նկատմամբ։

Խաղաղապահ մանդա՞տ, թե՞ տապալված առաքելություն

Այժմ տեսնենք, թե ինչպիսի դերակատարում է ունեցել ՌԴ-ն Արցախում անցած երկու տարիների ընթացքում, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված իր խաղաղապահ մանդատի շրջանակներում։ Փաստ է, որ այդ հայտարարության կետերից շատերը կոպտորեն խախտվել են։ Նախ՝ մինչև այժմ չի կատարվել այդ հայտարարության հումանիտար՝ հրատապ կատարման ենթակա պահանջը՝ չեն վերադարձվել ռազմագերիներն ու բոլոր պահվող անձինք։

Հայտարարության ստորագրումից շաբաթներ անց խախտվել է դրա մասնավորապես առաջին կետը, ըստ որի՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում» «ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ավարտի» հայտարարումից հետո Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը «կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»: Այդ կետի խախտման հետևանքով և խաղաղապահ ուժերի թողտվության հետևանքով «ճանաչվեց» Ադրբեջանի վերահսկողությունը Արցախի անառիկ մնացած համայնքների՝ Խծաբերդի և Հին Թաղերի նկատմամբ։ Արցախի տարածքը «կտոր առ կտոր» Ադրբեջանին հանձնելու, ասել է թե՝ դրանց նկատմամբ Ադրբեջանի վերահսկողությունը ճանաչելու հաջորդ ակտը տեղի ունեցավ ս.թ. գարնանը՝ Փառուխ գյուղի և Քարագլուխ բարձունքի հանձնման տեսքով։ Եվ այս ամենը՝ դարձյալ խաղաղապահ ուժերի լուռ անգործության պայմաններում։ Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, մինչդեռ, հստակ արձանագրված է, որ Ղարաբաղում կա շփման գիծ, և հայկական կողմը այն պաշտպանելու մասով հստակ ակնկալիքներ ունի ռուսական զորախմբից։ Մինչդեռ ականատեսն ենք, որ շփման գծի խախտման փորձերը չեն կասեցվում խաղաղապահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումներն էլ դուրս չեն բերվում։

Եռակողմ հայտարարության մի շարք կետերի խախտումների մասին այս ընթացքում իշխանությունները մեկ անգամ չէ, որ ահազանգել են։

Մասնավորապես ս.թ. օգոստոսի 4-ին կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ընթացիկ էսկալացիայի համար Ադրբեջանը որպես պատրվակ օգտագործում է Լաչինի միջանցքի նոր երթուղու հարցը, իբր ինքն ավարտել է Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցման աշխատանքները, և հետևաբար գործող միջանցքի մի շարք հատվածներ պետք է հանձնվեն իր հսկողությանը: Ադրբեջանի նման ձևակերպումները նույնպես եռակողմ հայտարարության կոպիտ խախտում են, քանի որ խնդրո առարկա հայտարարության 6-րդ կետում ասվում է՝ «կողմերի՝ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում, այսինքն՝ մինչև 2023թ.-ի նոյեմբերի 9-ը, կորոշվի Հայաստանի հետ ԼՂ կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերատեղաբաշխմամբ այդ երթուղու պահպանության համար»: «Պիտի արձանագրեմ, որ այս պահին եռակողմ ձևաչափով հաստատված որևէ պլան գոյություն չունի, և մենք մի քանի անգամ առաջարկել և հիմա էլ առաջարկում ենք դա անել»,- նշել էր վարչապետը:

Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի հայտարարության աղավաղման ամենացցուն օրինակն, անշուշտ, «Զանգեզուրի միջանցքի» մասին պարբերաբար հիշատակումն է և Հայաստանին ուղղված մեղադրանքը, թե իբր ՀՀ-ն է խոչընդոտում տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը։ Փաստ է, որ հայտարարության 9-րդ կետի կոպիտ խախտումը տեղի է ունենում ՌԴ-ի լռության պայմաններում։
ՌԴ խաղաղապահ առաքելության որակի մասին խոսելիս պետք է հատուկ շեշտել, որ Ադրբեջանը մինչև օրս չի ստորագրել խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը, մինչդեռ Հայաստանը դա արել է հենց 2020-ի նոյեմբերին: «Մենք ակնկալում ենք, որ երկկողմ ֆորմատով ստորագրված այդ մանդատը գործի իր ամբողջ ծավալով»,- ամիսներ առաջ հայտարարել էր Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանն իր ստանձնած բոլոր պարտավորությունները կատարել է, Ադրբեջանն էլ պիտի կատարի իր երեք պարտավորությունը՝ ընդունի Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ արձանագրված ԼՂ միավորի գոյությունը, հարգի ԼՂ-ում շփման գծի առկայությունը և հարգի Լաչինի միջանցքի գոյությունը:

Ամփոփելով վերը նշվածը՝ արձանագրենք, որ ՌԴ-ն այսօր անվանարկում է ՀՀ-Ադրբեջան հարաբերություններում և Արցախում խաղաղության, կայունության ապահովման այլընտրանքային միջնորդություններն այն դեպքում, երբ ի վիճակի չէ կամ էլ պարզապես չի ցանկանում երաշխավորել իր իսկ կողմից կազմված, ստորագրված հայտարարության պահանջների կատարումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ