Ռուսաստանը 1 մլրդ 400 մլն դոլարի գազի իբր կուտակված պարտքի հաշիվ է ներկայացրել Հայաստանին, բայց մենք ՌԴ-ին ոչինչ պարտք չենք․ Արման Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, որը նոր է վերադարձել Միացյալ Նահանգներից, Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ ԱՄՆ-ում հանդիպումներ է ունեցել տարբեր կառույցների աշխատակիցների, պաշտոնյաների հետ, որոնք ահռելի տեղեկատվություն են փոխանցել իրեն՝ կապված Հայաստանի նախկին տարբեր պաշտոնյաների կողմից խոշոր ծավալով կապիտալի դուրսբերման և ԱՄՆ տեղափոխման հետ։ Այդ տեղեկատվությունը Բաբաջանյանը փոխանցել է Հայաստանի համապատասխան կառույցների ղեկավարներին։ «Վարչապետներից բռնած, մինչև ՊԵԿ շարքային ծառայող միլիոնավոր դոլարների կապիտալ են դուրս բերել ՀՀ-ից, և դրանք հարցեր են առաջացրել Միացյալ Նահանգների մոտ, և մեր քննարկումների ժամանակ ուզում էին հասկանալ, թե ինչպե՞ս է հնարավոր լինել շարքային մաքսային ծառայության աշխատակից և այս ծավալի հարստություն կարողանալ տեղափոխել Հայաստանից։ Բոլոր ոլորտներն են դրանք ներկայացնում՝ սկսած մարզային, տեղական կառույցներից։ Թալանը եղել է համատարած։ Թղթապանակը որ նայում ես, տեսնում ես, թե պետությունը ինչպես են հոշոտել էս բորենիները»,- ասաց Արման Բաբաջանյանը։

Անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի՝ ԱՄՆ-ում տուն ձեռք բերելուն, Բաբաջանյանն ասաց, որ Վիգեն Սարգսյանը ստում է, թե տուն ձեռք բերելու մասին տեղյակ է պահել ՀՀ իշխանություններին։ «Մենք գործ ունենք շարքային հանրապետական փալասների հետ։ Վիգեն Սարգսյանը դրա կարկառուն ներկայացուցիչներից մեկն է։ Վիգեն Սարգսյանը դեռ պետք է շատ հարցերի պատասխանի։ Օրինակ՝ թե ինչպե՞ս է նրան հաջողվել իր և կնոջ վարձավճարները տալ Հարվարդի համալսարանում՝ ուսումնառության վերջին երկու տարիներին, և էլի ուրիշ հարցեր, որոնք առաջ են գալու»,- ասաց կուսակցության ղեկավարը։

Բաբաջանյանը ևս մեկ կարևոր բացահայտում արեց՝ մինչև հեղափոխությունն ընկած ժամանակահատվածում սպառազինությունների ձեռք բերման մասին։ «Ինձ հասու են փաստաթղթեր, որոնք վերաբերում են Հայաստանի՝ սպառազինության գնումներին։ Այդտեղ շատ ուշագրավ իրողություններ են բացահայտվում, և կասկածներ են առաջանում, որ այդ սպառազինությունը ընդհանրապես Հայաստան չի էլ բերվել։ Այդ փողը, որի մի մասը հատկացվում էր վարկային միջոցներից, մյուս մասը՝ բյուջեից, այդպես էլ զենք չի դարձել։ Խոսքը մինչև 2018 թվականը տեղի ունեցած գնումների մասին է։ Ըստ էության, հայտարարագրվել է, որ Հայաստանը ձեռք է բերել այդ սպառազինությունը, բայց դա չի եկել, և փողը ռուսների հետ յուրացվել է»,- ասաց Արման Բաբաջանյանը։

Մի քանի օր առաջ ֆեյսբուքյան իր էջում Արման Բաբաջանյանը գրել էր, որ Ռուսաստանը Հայաստանին սպառած գազի դիմաց տարիներով կուտակված պարտքի վերաբերյալ մեծ հաշիվ է ներկայացնելու։ Մանրամասնելով այս տեղեկությունը՝ Բաբաջանյանն ասաց, որ իրականում Հայաստանը որևէ պարտք չի կուտակել, բայց ռուսները մեզ հաշիվ են ներկայացրել. «1 մլրդ 400 մլն դոլարի կուտակված պարտքի մասին է խոսքը, որը առանց Հայաստանին իրազեկելու նոր հաշվարկի արդյունքում է ձևավորվել։ Իբր այն զեղչը, որ Հայաստանի համար արվում է, այդ զեղչի հաշվարկման նոր սխեմա է գործադրվել, և Հայաստանին այդպիսի պարտք է ներկայացվել։ Մենք այդտեղ աշխատելու ճակատ ունենք, մենք ոչինչ էլ պարտք չենք։ Հույս ունեմ, և կա այդպիսի կամք, որ կկարողանանք այդտեղ մաքսիմալ ամուր բանակցային մեր դիրքերը պաշտպանել։ Սա խոսում է Ռուսաստանի հետ հարաբերությունների որակի մասին»,- ասաց Բաբաջանյանը։ Անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ռուսական և արևմտյան տարբերակներին՝ Բաբաջանյանն ասաց, որ շատ է խոսվել, թե կա ռուսական առաջարկ, և Հայաստանը դրան կողմ է եղել, բայց մենք չենք կարող միակ համաձայն կողմ հանդես գալ։ Ռուսաստանը, ըստ Բաբաջանյանի, պետք է այդ առաջարկը համաձայնեցնի Բաքվի հետ։ «Հայաստանը այլևս չի կարող իր տարածքների և կյանքերի գնով, հանուն նրա, որ ռուսական առաջարկը կենսունակ մնա, շարունակի գտնվել Ադրբեջանի հարձակումների տակ, երբ ՌԴ-ն էլ չի կատարում իր դաշնակցային պարտավորությունները»։ Բաբաջանյանը նաև կասկածներ հայտնեց, որ Ռուսաստանը այլևս կարողություն էլ չունի Բաքվին որևէ բան պարտադրելու։ «Երբ Բաքուն սանձազերծում էր ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակում, կասկածներ կան, որ Ռուսաստանը չի արձագանքել՝ ոչ թե որովհետև չի ցանկացել, այլ որովհետև չի կարողացել, և սրանք տարբեր հանգամանքներ են ու որակապես փոխում են իրավիճակը»։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ