Հայաստանում հակառուսականություն չկա, կա պետական շահերի գիտակցում, իսկ հակառուսականություն իրենց վարքագծով հրահրում են Զատուլինը և Անդրանիկ Միհրանյանը. Հայկ Սուքիասյան

Երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբում ասել է, որ Ռուսաստանը կողմնակից է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը, սակայն Մոսկվան կողմերին ոչինչ չի պարտադրի։

«Ռուսաստանը տարիներ շարունակ Հայաստանին առաջարկում էր լուծել Ղարաբաղի հարցը՝ Բաքվին փոխանցելով հինգ շրջան, բայց Երևանը գնաց իր ճանապարհով»,- պատասխանել է Պուտինը քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հարցին, ապա հավելել, որ իրենք առաջարկել են շարժվել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, սակայն Հայաստանի ղեկավարությունը գնացել է իր ճանապարհով, և դա հանգեցրել է ստեղծված իրավիճակին։

«Ռուսաստանն աջակցում է խաղաղ կարգավորմանը, մենք հանդես ենք գալիս խաղաղության պայմանագրի, սահմանազատման և սահմանագծման օգտին։ Հայաստանի գործն է, թե պայմանագրի որ տարբերակը կընտրի։ Բայց որ տարբերակն էլ ընտրի, եթե այն հանգեցնի խաղաղության, մենք միայն կողմ ենք: Մենք չենք կարող և չենք պատրաստվում Հայաստանին որևէ բան թելադրել։ Եթե հայ ժողովուրդը և Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կարծում են, որ պետք է ընտրել խաղաղության պայմանագրի ինչ-որ կոնկրետ տարբերակ, այսպես կոչված՝ վաշինգտոնյան համաձայնագիրը, որը, ինչքան հասկանում եմ, նախատեսում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը՝ խնդրեմ։ Դե, եթե Հայաստանն այդպես է կարծում»,- ասել է Պուտինը։
Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Հայկ Սուքիասյանի հետ։

«Դա Ռուսաստանի հերթական բլեֆն է և Հայաստանում ներպետական լարումներ առաջացնելը, նաև իրենց շատ սիրած 5-րդ շարասյանը Հայաստանում փողոց նետելու լեգիտիմ հիմք հաղորդելու տարբերակ է։ Երբ ինքն ասում է՝ մենք առաջարկել ենք Հայաստանի տարբեր իշխանություններին հանձնել հինգ շրջանը, Սերժ Սարգսյանը վանկարկում էր, գոռում էր նույնիսկ, որ պատրաստ ենք յոթ շրջանը հանձնել։ Այդ դեպքում ինքը թող բացատրի՝ ինչո՞ւ դա չի ստացվել։ Իրենք պատերազմի ժամանակ առաջարկեցին «Լավրովյան պլան»՝ «5+2», արագ հանձնեք, բայց իրենց նպատակը եղել է հանձնեն, որ իշխանությունը հեղինակությունը կորցնի, միանգամից Հայաստանում հեղաշրջում անեին, իհարկե իշխանությունը դրան չի համաձայնել»,- ասաց քաղաքագետը։

Նա նշեց, որ ինչ վերաբերում է նրան, թե Հայաստանը որ տարբերակը կընտրի, որը չի ընտրի, Հայաստանը երկու տարի է՝ Ռուսաստանին առաջարկում է սահմանազատում և սահմանագծում, բայց մենք տեսնում ենք, որ երկու տարի է՝ Ռուսաստանն անհաղորդ է։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը, որը «նոյեմբերի 9-ի» փաստաթղթի ճարտարապետն է, ինչու չի օգնել, որ այդ ընթացքում սահմանազատում և սահմանագծում լինի, ինչո՞ւ է ինքն անընդհատ ասում, որ քարտեզներն ինձ մոտ են, հանկարծ չթպրտաք, և հետևապես իրենք անընդհատ կոնֆլիկտ են հրահրում Հայաստանի ներսում։

«Ես կարող եմ ասել, որ Հայաստանը միշտ հավատարիմ է եղել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, Հայաստանը միշտ հավատարիմ է եղել Ռուսաստանի հետ տարբեր կառույցներում իր աշխատանքին՝ ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին, բայց Հայաստանը Ռուսաստանից միշտ ստացել է բլեֆ, սադրանք, ներպետական հարաբերությունները ցնցելուն ուղղված դիսկուրս և այլն։ Հետևապես, երբ ասում է՝ ուզում եք արեք, մենք էլ ասում ենք՝ ուզո՞ւմ եք՝ նոյեմբերի 9-ի հայտարարություն կա, ձեր հովանավորության ներքո է եղել, որտե՞ղ են մեր գերիները, ինչո՞ւ չեք նպաստում, որ մեր գերիները վերադառնան։ Չէ՞ որ դա ևս խաղաղության պայմանագրին նպաստող բան է»,- ասաց Հայկ Սուքիասյանը։

Ինչ վերաբերում է նրան, որ իբրև թե Արևմուտքն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, ապա առաջինը ինքն է ճանաչել, նոյեմբերի 9-ից հետո Պուտինը հայտարարեց, որ Արցախն Ադրբեջանի տարածք է, Արևմուտքը նման բան չի հայտարարել։

Քաղաքագետի խոսքով՝ բոլոր միտումները ցույց են տալիս, որ Ռուսաստանից Հայաստանը հարցերի արդարացի լուծում երբեք չի կարող ակնկալել, այնտեղից գալիս է միայն թշնամանք, այնտեղից իրենք անընդհատ հրահրում են ՀՀ իշխանությունների նկատմամբ թշնամական վերաբերմունք, հուզականություն և հետո կառավարում են այդ հուզականությունը։

«Ոնց որ թե Արցախում ցույցեր են պատրաստվում, այստեղ հինգերորդ շարասյունն է, որ նորից ոտքի է դուրս եկել, ռևանշիզմը։ Դա իրենց անընդհատ մեսիջ է, որ ոտքի կանգնեք, մինչև տեսնենք՝ ինչ է լինելու, հետևապես իրենց ասածը դա է, ուրիշ ոչինչ չկա»,- ասաց Հայկ Սուքիասյանը։

Հայկ Սուքիասյանը խոսել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառման մասին, որում վարչապետը նշել էր հետևյալը. «Հայաստանը սեպտեմբերի սկզբին իր համաձայնությունն է տվել աշխատելու Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքների և պարամետրերի հիման վրա, որոնք ներկայացրել է Ռուսաստանի Դաշնությունը, և պատրաստ է դա հաստատել Սոչիում: Հուսով ենք՝ Ռուսաստանը կպաշտպանի իր առաջարկները»:

Քաղաքագետի խոսքով՝ դա վարչապետի արձագանքն է Պուտինի հայտարարությանը և նաև վարչապետի կողմից, ըստ էության, ուլտիմատում է։

«Ես համաձայն եմ այդ հայտարարության հետ, դե եկեք լուծենք, տեսնենք՝ լուծելո՞ւ եք, թե՞ չէ։ Ակնհայտ է, որ իրենք լուծում չեն ուզում, իրենք ուզում են լուծում՝ իրենց ընկալումով։ Լուծումը պիտի լինի հետևյալը՝ Հայաստանը պառկում է Ռուսաստանի ոտքերի տակ, ինչ ասում է՝ հանձնում են Ադրբեջանին, Արցախը, այն, ինչ որ մնացել է, կիսանկախ պահում են, դա լինում է կոնֆլիկտի աղբյուր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, Ռուսաստանի ձեռքի տակ, և այդտեղ Հայաստանը դառնում է ատամները քաշած պետություն։ Եվ այստեղ էլ շարժում է հինգերորդ շարասյանը դեպի հեղաշրջում։ Իրենց առաջարկածը դա է։ Բայց վարչապետն ինչ է առաջարկել, դուք ասում եք՝ լավագույն տարբերակներ ունեք, դե հիմա լուծեք։ Դե հիմա մենք Ռուսաստանի արձագանքը կտեսնենք»,- ասաց Հայկ Սուքիասյանը։

Խոսելով նաև այն մասին, որ ՌԴ ԱԳՆ-ն պարզաբանում է պահանջել ՀՀ ԱԳՆ-ից Կոնստանտին Զատուլինին և Մարգարիտա Սիմոնյանին անցանկալի անձ ճանաչելու մասին, այսօր տեղեկացանք, որ անցանկալի անձ է ճանաչվել նաև ՌԴ-ում բնակվող քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, Հայկ Սուքիասյանն ասաց, որ մեր իշխանությունները ճիշտ են արել, բացի դրանից, նա առաջարկում է նաև, որ ՀՀ-ն Ռուսաստանից բացատրություն պահանջի, թե ինչո՞ւ է Ռուսաստանն անընդհատ այստեղ դեսանտներ ուղարկում, ինչո՞ւ է անընդհատ իշխանության նկատմամբ թշնամանք հրահրում՝ իր դեսանտների միջոցով, ինչո՞ւ է անընդհատ Հայաստանում պետական կարգը տապալելուն ուղղված գործողություններ հրահրում։

«Ի՞նչ է նշանակում «Լազարևյան ակումբ», ի՞նչ գործ ունի դա ընդհանրապես Հայաստանում։ Դա ռուսական գործակալական ցանցի վարքաբանությամբ գործող կառույց է։ Իրենք թող սա ասեն։ Ինչո՞ւ են Հայաստանում անընդհատ միջպետական հարաբերությունները շրջանցում, ինչո՞ւ են իրենք Հայաստանի հետ շփվում 5-րդ շարասյունով։ Իսկ Հայաստանի արարքը շատ օբյեկտիվ է։ Անդրանիկ Միհրանյանին հենց առաջինը պետք է անցանկալի անձ ճանաչեին։ Ուզում եմ նաև իշխանություններին ասել, որ դա լավագույն աշխատանքն է, որ իրենք արել են»,- ասաց Հայկ Սուքիասյանը։

Ի հավելումն քաղաքագետն ասաց, որ Հայաստանում հակառուսականություն չկա, Հայաստանում կա պետական շահերի գիտակցում, որն իրենց ընկալումով դիտվում է որպես հակառուսականություն, իսկ Հայաստանում հակառուսականություն հրահրում է հենց Զատուլինը, ինքն իր վարքագծով հայ ժողովրդի մոտ հակառուսականություն է առաջացնում, Անդրանիկ Միհրանյանն իր վարքագծով հակառուսականություն է առաջացնում, և ենթադրում է, որ նրանք եկել էին այստեղ՝ հեղաշրջում կազմակերպելու։

«Ինչո՞ւ են գալիս անընդհատ թունավոր նյութեր տարածում Հայաստանում։ Իրենք դա անում են՝ օգտվելով մեր ժողովրդի հուզականությունից, որպեսզի հետո այդ հուզականությունը կառավարեն։ Այ, իրենք դա չպիտի անեն։ Իսկ մեր իշխանության տեսակետը շատ ճիշտ է»,- եզրափակեց Հայկ Սուքիասյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ