«ՌԴ նախագահ Վ.Վ. Պուտինը հերթական անգամ ստում է»․ Արամ Սարգսյան

ՌԴ նախագահ Վ.Վ. Պուտինը հերթական անգամ ստում է և իր դավաճանության մեղքը փորձում է վերագրել ՀՀ ժողովրդին ու իշխանությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«5 շրջանների վերադարձի առաջարկին հայկական կողմը Կազանում համաձայնել է և ՀՀ երրորդ նախագահը դա բազմիցս բարձրաձայնել է։ Իսկ եթե ամերիկյան առաջարկը ոչ հայանպաստ է, անհասկանալի է, թե ինչու՞ է Ալիևը խուսափում իրեն ձեռնտու արևմտյան առաջարկներից և գերադասում խնդիրը տեղափոխել մոսկովյան եռակողմ պայմանավորվածությունների դաշտ»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ Վլադիմի Պուտինը «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում ասաց․ «Մենք երկար տարիներ երկխոսություն ենք վարել Հայաստանի հետ և առաջարկել ենք Ղարաբաղի հետ կապված հարցը կարգավորել հետևյալ ձևով․ Հայաստանը փաստացի վերահսկում էր Ադրբեջանի յոթ շրջանները։ Մենք ասում էինք՝ եկեք շարժվենք հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Կա երկու շրջան՝ Քարվաճառը և Լաչինը, ինչ-որ փուլում համաձայնության կգանք Ադրբեջանի հետ, տվեք նրանց այդ հինգ շրջանները, դրանք պետք չեն, անիմաստ է պահելը, քանի որ դատարկ են, մարդիկ հեռացել են, փաստացի վտարվել են և այդ տարածքները պահելու իմաստ չկա։

Իսկ Ղարաբաղի հետ կապը պահելու համար բավարար են երկու շրջանները որոնք ի դեպ՝ բավական մեծ են։ Կարծում ենք դա արդարացի կլիներ վերադարձնել փախստականներին, դա լավ քայլ կլիներ տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Սակայն Հայաստանի իշխանությունը գնաց իր ճանապարհով։ Հայտնի է, որ դա հանգեցրեց այս օրվա ստեղծված իրավիճակին»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ