Ո՞րն է Գյումրու տարեցներին ծեծելու համար անազատության մեջ գտնվող ԵՊՀ ուսանող Տարոն Մանուկյանի հեռավար քննություն հանձնելու արգելքի իրական պատճառը. ԵՊՀ պարզաբանումը

Օրերս ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարել էր, որ այժմ անազատության մեջ գտնվող իր որդուն՝ ՀՅԴ անդամ Տարոն Մանուկյանին, ԵՊՀ-ն թույլ չի տվել հեռավար հանձնել Արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության բաժնի 3-րդ կուրսի ավարտական քննությունները՝ այն դեպքում, երբ, օրինակ, ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանին հնարավորություն էր տրվել բանտից ստանալու հեռավար բարձրագույն մասնագիտական կրթություն:

Որդու դաստիարակության հարցում ակնհայտ թերացած պատգամավորն այս որոշումը որակել էր որպես «դասական քաղաքական հետապնդում, ճնշում ընդդիմադիր գործունեություն ծավալելու համար»:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ՝ «Հայաստան» խմբակցության Գյումրի այցելության օրը, Գեղամ Մանուկյանի որդին մի խումբ երիտընդդիմադիրների հետ դաժան ծեծի էր ենթարկել կանգառում կանգնած տարեց տղամարդկանց։ Իսկ նրա հայրը հայտարարել էր․ «Էդ պապիկներից որեւէ մեկը պապիկ չէր. լափառոշ բերանով ինչ-որ էակներ էին»։

Civic.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ԵՊՀ՝ ճշտելու, թե ի՞նչ հիմքով է արգելվել ընդդիմադիր գործիչ Գեղամ Մանուկյանի որդուն հանձնել հեռավար քննություն: ԵՊՀ-ից մեզ հայտնել են, որ Արևելագիտության ֆակուլտետի «Թյուրքագիտություն» դասընթացի 3-րդ կուրսի ուսանող Տարոն Մանուկյանին հեռախոսաային կապի միջոցով քննություն հանձնելու թույլտվություն հնարավոր չէ տալ, քանի որ ԵՊՀ-ում եզրափակիչ քննություններն անցկացվում են առկա՝ լսարանային ձևաչափով: Որպես որոշման օրինական հիմք՝ ԵՊՀ-ն հղում է անում ՀՀ Կառավարության 2005թ. մայիսի 25-ի թիվ 692-Ն որոշումը, համաձայն որի՝ արևելագիտությունը ներառված է հեռակա և հեռավար (դիստանցիոնալ) ուսուցման ձևերով չթույլատրվող բարձրագույն կրթության մասնագիտությունների թվում:

Բացի դրանից, ԵՊՀ-ն հիշեցնում է, որ ուսանողը հնարավորություն ունի հանձնելու իր բաց թողած քննությունները ակադեմիական պարտքերի մարման շրջանում, որի առանձին փուլը նախատեսված է անցկացնել օգոստոսի 29-ից սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում, երկրորդ փուլը՝ սեպտեմբերի 13-22-ը:

Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թ․ մայիսի 8-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառ, ավտոերթի մասնակիցները նշված կանգառում կանգնած՝ ավտոերթի ընթացքին հետեւող տարեց տղամարդկանց կոչ են արել միանալ իրենց: Ստանալով բացասական պատասխան՝ երիտասարդները վիրավորական արտահայտություններ են հնչեցրել, այնուհետեւ իջնելով ավտոմեքենայից՝ մոտեցել են հիշյալ տարեց տղամարդկանց, սկսել են վիճաբանել նրանց հետ, հայհոյանքներ են հնչեցրել, ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 7 անձի՝ Գոռ Սարգսյանին, Արսեն Մարտիրոսյանին, Տարոն Մանուկյանին, Հոսիեկ Սարկիսյանին, Գոռ Մաթեւոսյանին, Գեւորգ Մուրադյանին եւ Վելիխան Խլղաթյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ