«Ոչ մեկը թող հույս չունենա, թե մեր պարտությունը անժամկետ է, ու մենք պետք է միշտ գործենք պարտվածի կարգավիճակում». Էդմոն Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հարցազրույց է տվել RTVI միջազգային հեռուստաալիքին՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին և ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող այլ հարցերի։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ հարցին՝ Մարուքյանը կրկին հիշեցրել է հայկական անփոփոխ դիրքորոշումը առ այն, որ ադրբեջանական զորքերը պետք է լքեն Հայաստանի սուվերեն տարածքը, որտեղ ներխուժել են 2021 թվականից, և նշել, որ առկա բոլոր քարտեզներով, այդ թվում՝ ՌԴ-ում պահվող ԽՍՀՄ քարտեզներով, այդ տարածքը ՀՀ սուվերեն տարածք է։

Մարուքյանը կրկնել է, որ Հայաստանը խաղաղության կողմնակից է և ամեն քայլ արել ու անում է դրան հասնելու ուղղությամբ՝ միաժամանակ դատապարտելով ադրբեջանական կողմից հնչող ռազմական տարբեր կոչերը և հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն առաջացնելու ադրբեջանական տարբեր փորձերը։ Մարուքյանը նշել է, որ չի կարող սահմանագծման ու սահմանազատման աշխատանք ընթանալ այնպիսի իրավիճակում, երբ սահմաններին հնչում են կրակոցներ. «Դեմարկացիայի հարցը մի քանի օրվա աշխատանք չէ. դա երկարատև գործընթաց է, որը պետք է իրականացվի հանգիստ պայմաններում։ Այն չպետք է ընթանա որպես հաղթող ու պարտվող կողմերի միջև գործընթաց, քանի որ այդ դեպքում անհնար է հասնել արդյունքի։ Մենք պետք է գնանք այնպիսի ճանապարհով, որ հասնենք անգլերենում հայտնի «win win» տարբերակով լուծման, երբ բոլոր կողմերը գործընթացից դուրս կգան հաղթած»։

Անդրադառնալով անկլավների վերաբերյալ հարցին՝ Էդմոն Մարուքյանը նշել է, որ իր անձնական տեսակետով՝ դրանք առհասարակ պետք է դուրս գան քննարկումներից, քանի որ, նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, կողմերը մնում են այն տարածքներում, որտեղ այդ պահին գտնվում են. «Մենք պարտվել ենք մեկ անգամ, ու դա չի նշանակում, թե մենք միշտ պետք է պարտվենք ու միշտ զիջումների գնանք։ Ոչ մեկը թող հույս չունենա, թե մեր պարտությունը անվերջ ու անժամկետ է, ու մենք պետք է միշտ գործենք պարտվածի կարգավիճակում»։

Խոսելով տարածաշրջանում կոմունիկացիաների բացման հնարավորության մասին՝ Մարուքյանն ասել է, որ սխալ են պատկերացումները, թե այն ձեռնտու է միայն Ադրբեջանին։ Մարուքյանը բերել է Լարսի օրինակը, որը օրերով կարող է մնալ փակված, և հավելել, որ դրա այլընտրանքը Հայաստանի համար անհրաժեշտություն է։ Նա սպեկուլյացիա է որակել ադրբեջանական կողմից հնչող միջանցքային տրամաբանությամբ լուծումների մասին լուրերը՝ նշելով, որ այդպիսի հարցեր չեն քննարկվում, ու խոսքը միայն ճանապարհների սովորական բացման մասին է՝ յուրաքանչյուր երկրի օրենսդրության համաձայն ու տարածքների սուվերենության պահպանման սկզբունքով։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հնարավոր խաղաղության պայմանագրի մասին խոսակցություններին՝ Մարուքյանը նշել է, որ Հայաստանը Ադրբեջանից որևէ տարածքային պահանջ չունի, և շեշտել է, որ Արցախի հարցը ոչ թե տարածքային հարց է, այլ իրավունքների, որոնք 21-րդ դարում ավելի առաջնային են։ Նա անդրադարձել է նաև Արցախի կարգավիճակի վերաբերյալ հարցին՝ նշելով, որ կոնֆլիկտը դեռևս լուծված չէ՝ ինչպես պնդում է ադրբեջանական կողմը: Մարուքյանը հավելել է, որ Հայաստանը ակտիվ ջանքեր է գործադրում հարցի լուծման ուղղությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ