Արտերկրում «ռեսպուբլիկան խայտառակելու», ՀՀ-ի մեջքին խփելու վտանգավոր արշավում ՀՅԴ-ն սփյուռքից բացի փորձում է ներքաշել նաեւ Արցախը

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ օրերս Կիպրոսում տեղի ունեցած միջադեպը՝ ՀՅԴ-ականների ռեժիսրությամբ, հայ ավանդական կուսակցության ապակառուցողական կեցվածքի, ՀՀ պետական ինստիտուտների դեմ իրականացված հերթական ոտնձգության ապացույցն է։ Օրնիբուն համազգային միասնականությունից եւ ներքին համախմբման վերականգնման անհրաժեշտությունից ճամարտակող ՀՅԴ-ական վերնախավը իրականում զբաղված է իր քարոզածի ճիշտ հակառակն անելով՝ «Հայաստանի թրքացման» մասին կեղծ օրակարգը գեներացնելով ու այսպիսով խզում մտցնելով Հայաստան-Սփյուռք հարաբերություններում եւ ամենավտանգավորը՝ դրսի աչքում «ռեսպուբլիկան խայտառակելով»։ Ստացվում է, որ «համազգային համախմբում» ասվածը, ըստ ՀՅԴ-ի, մնացած բոլոր հայերի համախմբումն է՝ բացառությամբ ՀՀ այսօրվա իշխանությանն ընտրած եւ նրան ներկայացնող 680 հազար քաղաքացիների։

Հիշեցնենք, որ Զ․ Սինանյանն աշխատանքային այցով հուլիսի վերջին գտնվում էր Կիպրոսում եւ մասնակցել Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովի բացման արարողությանը։ Իր գործընկերոջ հետ առանձին հանդիպման ընթացքում Գլխավոր հանձնակատարն ընդգծել է, որ մեկ ամիս առաջ Հայաստան-Հունաստան-Կիպրոս սփյուռքի հարցերով եռակողմ հւշագրի կնքումից հետո սա ևս մեկ կարևոր առիթ է համագործակցության ուղղություններն ընդլայնելու համար։ Նկատենք, որ ՀՅԴ Կիպրոսի Կոմիտեն, անդրադանալով Սինանյանի այցին, անհեթեթ փաստարկներով հագեցած մի հայտարարություն էր տարածել, որը զետեղված է ՀՅԴ պաշտոնական կայքում։ Այդ հայտարարության տեքստում նույն երգն է երգվում, որն արդեն որերորդ ամիսն է՝ երգվում է ՀՀ փողոցային ընդդիմության կողմից։ Մասնավորապես՝ «Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային պահանջից հրաժարվելու միտքը սատարող, թշնամու առջեւ ծնկի եկած եւ ապազգային իշխանության ներկայացուցիչը գործ չունի սփյուռքի որեւէ գաղութում՝մանավանդ՝ Կիպրոսում, ուր մերժված եւ անցակալի է իր եւ իր նմանների ներկայությունը բոլորիս ծանոթ հակահայ եւ թրքանպաստ քաղաքականության պատճառով»։ «Սփիւռքահայ գաղութները պառակտել փորձող, կառոյցներուն հանդէպ անլուրջ վերաբերմունք ցուցաբերող, սփիւռքահայ քաղաքական գործիչներու Հայաստան մուտքը արգիլող վարչապետի յանձնակատարը՝ Կիպրոսի մէջ ու այսպիսի համաժողովի մը մասնակցելու իրաւունքն իսկ պէտք չէ ունենայ: Մնաս բարով անվերադարձ՝ Սինանեան»,-ասված է հայտարարության մեջ։ Հարկ է նշել, որ նույն այս կայքը Սինանյանի՝ «նախաճաշը հարամելու» շոուին եւս անդրադարձել է եւ մասնավորապես գրել․ «Կիպրոսի հայկական համայնքը հերթական «անակնկալը» մատուցեց ՀՀ դավաճանական իշխանության ներկայացուցչին: Կիպրոս, նախաճաշի ընթացքին հանդիպեցանք Զարեհ Սինանեանին, ան զարմացաւ եւ շուարեցաւ՝ մենք որոշ բացատրութիւններ տուինք, յանձնեցինք Արցախի դրօշը եւ նամակ մը, ապա հեռացանք։ Սինանեան ըսաւ.«Ես Ալեն Սիմոնյանի հետ գործ չունեմ», – հայտնում է Կիպրոսի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Կազանջյանը»»: Ուշագրավ է, որ ՀՅԴ-ի պաշտոնական կայքում կից ներկայացված է «Երկիր Մեդիա»-ի լոգոյով մի տեսագրություն, որը դաշնակներ-Սինանյան շոուի մոնտաժված տարբերակն է։

Այդ տարբերակից դուրս են մնացել Սինանյանի՝ իր անկոչ հյուրերին ուղղված հորդորները՝ ներկայանալ, նստել սեղանի շուրջ, հանգիստ խոսել։ Տեսագրության մեջ երեւում է ՀՅԴ-ականների մոտենալը Սփյւռքի հանձնակատարին, նրան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին հիշեցնելը, Արցախի դրոշի եւ նամակի հանձնումն ու հեռանալը։ Անգամ Սինանյանի վերջին խոսքն՝ ուղղված իրենից հեռացող ՀՅԴ-ականներին՝ «առողջ եղեք», մոնտաժվել է։ Զարեհ Սինանյանի բախտը, կարելի է ասել, բերել է, որ իրեն մոտեցած դաշնակցականները կուլտուրական են գտնվել, խնայել են իրեն՝ բավարարվեով միայն բարոյախրատական կարճատեւ սեանս անցկացնելով՝ առանց ՀՅԴ-ականների ակցիաներին հատուկ վուլգար դրսեւորումների, մասնավորապես՝ «դավաճան», «թրքահպատակ», «հայրենիքը վաճառող» եւ այլ դառնահեծ գոռում-գոչյունների ու պաստառների։

Իսկ ահա ամիսներ առաջ նույն ՀՅԴ-ականները, հիշեցնենք, երբ Երեւանում խմորվում էր Լաոյին զարթնեցնելու շարժումը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հետապնդման էր ենթարկվել ՀՅԴ Արևելյան ԱՄՆ֊ի Հայ Երիտասարդաց դաշնակցության «Անի» մասնաճյուղի մի քանի անդամների կողմից՝ «Դավաճա’ն», «Դավաճա’ն» վանկարկումների ուղեկցությամբ։ Այդ հետապնդման մասին վկայող տեսագրությունը սոցցանցերում, ապաեւ՝ ԶԼՄ-ներում էր հայտնվել ապրիլի 18-ին։ ԱՄՆ-ում աշխատանքային այցով՝ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին մասնակցելու նպատակով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ՀՅԴ-ի ջահելները դիմավորել էին իրենց քնարին հավատարիմ ոճով։ Մի երիտդաշնակցական օրիորդ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան դռան առաջ սեւ վարդերով եւ Թուրքիայի դրոշով ծաղկաման էր թողել՝ որպես նվեր Միրզոյանին, իսկ ավելի ուշ սոցցաներում հայտնվեց մի տեսագրություն, որում երեւում է, թե ինչպես են Վաշինգտոնում ՀՀ դեսպանատնից դուրս եկող ՀՀ ԱԳ նախարարին ՀՅԴ-ի ջահելները դիմավորում «դավաճան» վանկարկումներով եւ «քանի՞ կծախեք Արցախը» հարցադրումով։ Համապատասխան տեսագրության մեջ, որը եւս տարածել էին նախկին իշխանության հետ փոխկապակված մի շարք ԶԼՄ-ներ, լսվում են Դիմադրության շարժման «սաունդթրեք» «Զարթնիր Լաո»-ի հնչյունները։

ՀՅԴ-ի սփյուռքյան կառույցների՝ վերջին մի քանի ամիսներին կայացած հակաիշխանական «գաստրոլները» այսքանով չեն սահմանափակվում։ «Ռեսպուբլիկան խայտաակելու» հերթական ակցիան տեղի ունեցավ Նիդերլանդներում մայիսի 11-ին մեկնարկած՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկօրյա պաշտոնական այցի ժամանակ։

Նույն՝ «Զարթնիր լաո» երգի ուղեկցությամբ հնչող «դավաճան» կոչերից բացի ՀՅԴ-ականները 18+ հայհոյանքներ հնչեցրին Հայաստանի ղեկավարի հասցեին եւ իհարկե երեւանյան ակցիաների ժամանակ հնչեցվող կարգախոսների «ֆուլ պակետը»՝ «Առանց թուրքի Հայաստան», «առանց Նիկոլ Հայաստան», «հողատու», «Նիկոլ կապիտուլյանտ», «Նիկոլ դիկտատոր», «թուրքի լամուկ», «Նիկոլ վասակ»։ «Նիկոլ դավաճանին քշելը, հեռացնելը միայն Երևանում մեր հանձնառու հայրենակիցների գործը չէ»,-ասել էր ակցիայի մասնակիցներից մեկն ու «խնդիրը համահայկական» որակել։

ՀՅԴ-ի արցախյան թեւը, նկատենք, եւս անմասն չէ կուսակցության կենտրոնից ուղղորդվող գործողություններին, ավելին՝ հավանության է արժանացնում եւ ակտիվ ձայնակցում է Երեւանի կենտրոնում ընդդիմության կազմակերպած ակցիաներին։ Հիշեցնենք՝ Ստեփանակերտում մայիսի 28-ին տեղի ունեցավ հանրահավաք, ապա՝ երթ, որի մասնակիցները աջակցություն հայտնեցին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ իրականացնող խորհրդարանական ընդդիմությանը։

Օրերս էլ, երբ Արցախի ԱԺ նախագահը ՀՀ խորհրդարանական երեք ուժերին սեպտեմբերի 2-ին հրավիրեց Արցախ՝ նշելու հայկական երկրորդ պետության անկախության օրը, Արցախի խորհրդարանի ՀՅԴ խմբակցության անդամ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը, ի պատասխան հարցի՝ արդյոք հավանակա՞ն է ՀՀ իշխանությունների այցը Արցախ, մամուլում հայտարարել է, թե «ՀՀ գործող իշխանություններից մեկ սպասելիք ունեն՝ հրաժարական և հեռացում»։ Մեկ այլ պատգամավոր էլ՝ Արթուր Մոսինյանը, հավասարության նշան էր դրել Փաշինյանի եւ Ալիեւի միջեւ՝ մասնավորապես նշելով․ «Վերջին ժամանակներս Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի արած արտահայտությունները Արցախի վերաբերյալ փոքր տարբերություններով, չեն տարբերվում»: Ստացվում է՝ Արցախի ըդդիմությունն իրեն իրավունք է վերապահում որոշել, թե ով պետք է իշխի ՀՀ-ում կամ հեռանա իշխանությունից՝ թքած ունենալով այդ իշխանությանն ընտրած քաղաքացիների որոշումը։

ՀՀ ընդդիմության ներկայացուցիչներն, ի դեպ, ի դեմս ՊՈՒ խմբակցության պատգամավորներ Տարոն Մարգարյանի ու Տիգրան Աբրահամյանի, օրերս Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել են Արցախի խորհրդարանի ընդդիմադիր երեք ուժերի՝ ՀՅԴ, «Արդարություն» և «Արցախի Ժողովրդավարական կուսակցության» ներկայացուցիչների հետ։ Ինչպես տեղեկանում ենք այդ մասին հաղորդագրությունից՝ հանդիպման ժամանակ քննարկվել է մասնավորապես «Արցախի և Հայաստանի ընդդիմադիր ուժերի համագործակցության հետ կապված հարցեր»։ «Կողմերը կարևորել են Հայաստանի ու Արցախի համար առաջնային օրակարգ համարվող հարցերի շուրջ դիրքորոշումների ներդաշնակեցումը, որի հետ կապված քաղաքական խորհրդակցությունները և՛ խմբակցությունների, և՛ կուսակցական մակարդակով պարբերական բնույթ են կրում․․․»։

Հատկապես Արցախից ՀՅԴ-ականների շուրթերով ՀՀ իշխանությունների հասցեին հնչող ոչ դիվանագիտական հայտարարություններին «տոն տվողն», ակնհայտորեն, ՀՀ ընդդիմությունն է։ Իսկ թե այս երկուսի միջեւ ինչ բնույթի համագործակցության մասին է խոսքը եւ ինչպես է այն դրսեւորվելու նաեւ հրապարակայնորեն՝ կարելի է ենթադրել։ Իսկ մինչ այդ արձանագրենք, որ Արցախի ընդդիմությանը ՀՀ իշխանության մեջքին խփելու գործում ներքաշելը ամենավտանգավոր քայլն է, ով էլ որ լինի ներքաշողը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ