Մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ Տարոն Մարգարյանը դիմել է իր և իր ընտանիքի անդամներին Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու համար։ Տասնամյակներով պետական պաշտոններ զբաղեցրած Մարգարյանների ընտանիքը հասցրել է կուտակել ահռելի կարողություն՝ դղյակներ, հողատարածքներ, ընկերություններ, և հիմա պարզվում է Հայաստանի քաղաքացիությունը նրան այլևս հարկավոր չէ։ Ի՞նչն է ստիպում Մարգարյանին ամբողջ ընտանիքի համար ապաստան փնտրել Ռուսաստանում։ Պատասխանը դժվար չէ գուշակել, նախ ամենինչ անել պահպանելու համար կուտակած միլիոնավոր դոլարները և երկրորդ՝ ոչ պակաս կարևոր, իր որդիների համար ստեղծել հնարավորություն չծառայելու հայկական զինված ուժերում։
Հինգ որդիների հայրը հեռուն է մտածում այսօրվանից փորձելով հոգալ երեխաների զինծառայությունից ազատելու հարցերը։ Ինքը լինելով բարձրաստիճան պաշտոնյա նախկինում արտոնյալ կարգավիճակ ունեցել է հեշտությամբ լուծելու զինծառայությունից ազատվելու հարցը, այժմ հերթը հասել է իր որդիներին։ Զավեշտալին թերևս այն է, որ Տարոն Մարգարյանը ամիսներ առաջ Երևանի փողոցներում զբաղված էր հայրենիք «փրկելով», իսկ հիմա պարզվում է Հայրենիքը այլևս իր փրկության կարիքը չունի և առաջին հերթին պետք է քայլեր ձեռնարկել սեփական կարողությունը փրկելու և որդիներին զինծառայությունից ազատելու։
Օրինաչափություն է դարձել այն, որ նախկին պաշտոնյաներից գրեթե բոլորը կամ ունեն օտարերկրյա անձնագրեր կամ երեխաները և թոռները ծնվում են արտերկրում ոչ հայկական անձնագիր ունենալու նպատակով։ Սա լավագույն ցուցիչն է, թե ինչպիսի երկիր են կառուցել երկու տասնամյակ, որ իրենց ժառանգների համար անգամ չեն ուզում Հայաստանի քաղաքացիություն ունենալ։