Հունիսի 30-ին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց, որի համաձայն՝ արտամարմնային բեղմնավորման եղանակով ստացված և չօգտագործված սաղմերն այսուհետ կարող են անհատույց տրամադրվել դրա կարիքն ունեցող զույգերին։
Նախագիծը մշակել է ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջապահության պահպանման վարչությունը։
Այսինքն՝ այն զույգերը կամ ՀՀ սահմանված կարգով ամուսնության մեջ չգտնվող կանայք, ովքեր չունեն բեղմնունակ սեռաբջիջներ, հնարավորություն կստանան, այսպես ասած, դոնորների միջոցով երեխա ունենալ։ Այս որոշումը մեր հասարակության շրջանում տարաբնույթ կարծիքների և մեկնաբանությունների տեղի տվեց, քննարկվեց և քննադատվեց։ Շատերը մտահոգվում են՝ մասնավորապես նշելով, թե՝ այսինքն՝ ստացվում է, որ սաղմերի անհատույց տրամադրումը հետագայում կարող է պատճառ դառնալ հարազատ քույր և եղբոր ամուսնության և հանգեցնել գենետիկ ֆոնի աղավաղմա՞ն։
Իսկ ի՞նչ է նշանակում չօգտագործված սաղմ
Այն զույգերը, ովքեր չեն կարողանում բնական ճանապարհով երեխա ունենալ և դիմում են արտամարմնային բեղմնավորման, նրանց սերմնաբջջից և ձվաբջջից ստացվում է մեկ կամ մինչև հինգ սաղմ։ Մեկ կամ երկու սաղմ ներպատվաստվում են շահառուի արգանդում, մի քանի սաղմ՝ մնում սառեցված վիճակում. դրանք շատ երկար պահպանման ժամկետ ունեն։
Առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայան «Հայկական ժամանակի» հետ զրույցում մանրամասնում է՝ նախկինում արտամարմնային բեղմնավորման միջոցով ստացված սաղմիկների մասով օրենքը որևիցե ձևով կանոնակարգված չէր, և ԲԿ-ներում սաղմիկները կա՛մ անորոշ ժամանակով պահպանվում էին, կա՛մ ոչնչացվում, ընդ որում՝ դրանց պահպանումը ծախսատար էր։
«Հիմա զույգը կարող է ինքը որոշել, թե ինչ ճակատագիր ունենա իր սաղմիկը։ Այսինքն՝ տրամադրի բուժհաստատությանը, որպեսզի բուժհաստատությունն իր հերթին դա տրամադրի կարիքն ունեցող զույգին, կամ էլ որոշի մնացած սաղմիկները թափոնացնել»,- ասում է Փաշայանը։
Սաղմիկը, ըստ իր կենսաբանական ծնողների որոշման, կարող է երեք ճակատագրերից մեկն ունենալ, որը որոշվելու է զույգի և տվյալ ԲԿ-ի միջև կնքված համաձայնագրով։ Ըստ համաձայնագրի երեք կետերի՝ զույգը կա՛մ կարող է իր սաղմը անհատույց տրամադրել ԲԿ-ին, կա՛մ որոշել, որ այն պետք է ինչ-որ ժամանակով պահպանվի տվյալ բուժհաստատությունում և դրա համար պետք է վճարի դրամական փոխհատուցում, կա՛մ էլ որոշում ընդունի, որ այն պետք է ոչնչացվի։
«Եթե երկրորդ տարբերակն է ընտրում զույգը, ապա այդ ժամկետի լրանալուն պես նորից պետք է համաձայնագիր կնքի, որոշի՝ սաղմը նորից ինչ-որ ժամանակ պահվո՞ւմ է, թե՞ ուզում է, որ ոչնչացվի»,- ընդգծում է մասնագետը։
Սաղմի կենսաբանական ծնողները այս պարագայում համարվում են դոնորներ, եթե ցանկանում են իրենց սաղմը անհատույց տրամադրել դրա կարիքն ունեցող զույգերին։ Համաձայնգիրը կնքելիս նրանք նաև տեղեկացվում են, որ երեք ամսվա ընթացքում կարող են հետ վերցնել իրենց համաձայնությունը: Ինչպես նաև սաղմի կենսաբանական ծնողները իրազեկվում են, որ իրենց սաղմն այլ զույգի տրամադրելու ամբողջ գործընթացը անանուն է, իրենք որևիցե պատասխանատվություն չեն կրում սաղմի առողջական վիճակի վերաբերյալ, իրավունք չունեն փնտրել և ստանալ տեղեկություն սաղմի մասին։
Խոսելով հետագայում նույն ազգակցական կապը ունեցող զույգերի, այսինքն՝ քույր կամ եղբոր ամուսնության հավանականության մասին՝ առողջապահության նախարարության Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը նշում է՝ այս գործընթացում դա նվազագույնի է հասցված, քանի որ մեկ դոնորի սաղմը տրամադրվելու է ընդամենը մեկ ընտանիքի։
«Մեկ դոնորի երկու և ավելի սաղմի պայմաններում այդ սաղմերը ներպատվաստվում են մի զույգի, մնացածը կա՛մ ոչնչացվում է, կա՛մ նորից օգտագործվում»,- նշում է նա։
Հայաստանում վերարտադրողական տեխնոլոգիաների միջոցով երեխա կարող է ունենալ մինչև 53 տարեկան զույգը։ Իսկ այն զույգերը, որոնք ցանկանում են դոնորի միջոցով սաղմիկ ստանալ, պետք է դիմեն ցանկացած բուժհաստատություն։