«Իրենց խմբակցություններն էլ հարցուպատասխաններն են բոյկոտում. հարցը տալիս են, հետո թողնում փախնում». վարչապետը՝ ԶԼՄ-ների բոյկոտի մասին

Շուրջ 4 տասնյակ լրատվամիջոց հրաժարվել է մասնակցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ձևաչափով ասուլիսին: Ինչպես նշել են Factor.TV-ից, իրենք չեն միացել բոյկոտին այս հարցը վարչապետին ուղղելու համար:

«Ինչո՞ւ եք խուսափում լրատվամիջոցների հետ դեմ առ դեմ ասուլիսներից: Ո՞րն է ձեր մտավախությունը նախկին գործընկերների հետ ուղիղ շփվելու հարցում»,- հարցրել է Վանիկ Հակոբյանը:

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Տարօրինակ է, հեղինակն ասում է՝ ինչու եք խուսափում ուղիղ հարցից, երբ եթերում հնչում է իր ուղիղ հարցը: Բոյկոտել են այն լրատվամիջոցները, որոնք ներկայացնում են այն քաղաքական շրջանակներին, որոնք վերջին շրջանում բոյկոտային լայն գործունեություն են ծավալել»:

Վարչապետի խոսքով՝ այդ լրատվամիջոցները բոյկոտի պատճառ միշտ էլ կգտնեն՝ կրկնելով իրենց քաղաքական կարգախոսները. «Այդ նույն լրատվամիջոցներին եթե պատասխանը դուր չի գալիս, ասում են՝ բոյկոտում ենք, որովհետև պատասխանը չի բխում մեր պատկերացումներից»:

«Այդ լրատվամիջոցների քաղաքական լիդերները խորհրդարանական ընտրություններում բոյկոտեցին ուղիղ եթերում բանավիճելու հնարավորությունը. ես չտեսա այդ նույն լրատվամիջոցների դատապարտող հայտարարությունը: Եթե այդ լրատվամիջոցներն ուզում են ուղիղ ասուլիս, թող դիմեն Կառավարության լրատվական ծառայությանը: Ասուլիսը նպատակ չէ, այլ հանրության հետ շփվելու միջոց, և մենք հիմա ուղիղ եթերով շփվում ենք հանրության հետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և հավելեց. «Իսկ հնարավո՞ր է, որ այդ լրատվամիջոցների ներկայացուցիչները, քանի որ կոնկրետ կուսակցություններ են ներկայացնում, որոշեն ասուլիսը կաթվածահար անել կամ կրծքով փակել ուղիղ եթերի տեսախցիկների տեսարանը. կա՞ այս հարցի պատասխանը»:

Վարչապետը նշեց, որ իրենց խմբակցություններն էլ հարցուպատասխաններն են բոյկոտում. «Հարցը տալիս են, փորձում ենք պատասխանել, թողնում դահլիճից փախնում են»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ