«ՌԴ նախագահի հետ վերջնական համաձայնության ենք եկել մի շարք կարևոր հարցերի շուրջ»․Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցի շրջանակում այցելել է Ռուսաստանի Դաշնության Պետական Դումա՝ հանդիպում ունեցել Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ նման շփումները նոր ազդակ են հաղորդում միջպետական հարաբերություններին ու համագործակցությանը: ՀՀ կառավարության ղեկավարը նույնպես կարևորել է միջխորհրդարանական փոխգործակցության ամրապնդումն ու ակտիվ երկխոսությունը:

«Նախագահ Պուտինի հետ արդյունավետ քննարկում ունեցանք, ընդունեցինք համատեղ կարևոր հայտարարություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ վերջնական համաձայնության են եկել մի շարք կարևոր հարցերի շուրջ, այդ թվում` կապված անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հարցի, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահամանագծման և սահմանազատման գործընթացների շուրջ:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեության, Երևանում ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի նիստի անցկացման, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեության և այլ հարցերի շուրջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ