Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ որոշվել է հետայսու ևս նպաստել դեպի Հայաստան ռուսաստանյան ներդրումների հոսքին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գոհունակություն են հայտնել Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կայուն աճի հետագծին դուրս բերելու ուղղությամբ աշխատանքի արդյունքներով:

Այս մասին նրանք նշել են մերձմոկսովյան Նովո-Օգորյովո նստավայրում այսօր տեղի ունեցած հանդիպման ավարտին հետևած հայտարարության ժամանակ:

Ընդգծվել է առևտրի անվանակարգի դիվերսիֆիկացման և ծավալների հետագա առաջանցիկ աճի, արտադրության տարբեր ոլորտներում կոոպերացիայի զարգացման, Եվրասիական տնտեսական միության մեխանիզմների ակտիվ գործադրման անհրաժեշտությունը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել խրախուսել երկու երկրների գործարար շրջանակների միջև սերտ կապերի հաստատումը, այդ թվում միջտարածաշրջանային և տեղական ինքնակառավարման ձևաչափերով՝ գործարար առաքելությունների մեխանիզմների գործադրմամբ:

Դրական է գնահատվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2022-2025թթ. համար տնտեսական համագործակցության ծրագրի վերջնականացման ուղղությամբ իրականացված աշխատանքը:

Նշվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի, ինչպես նաև արդյունաբերության հարցերով աշխատանքային խմբի բարձր պահանջվածությունը և արդյունավետությունը՝ երկկողմ գործնական պայմանավորվածությունների մշակման և իրականացման տեսանկյունից:

Փոխադարձ հետաքրքրվածություն է արտահայտվել Հայաստանի տարածքում արդյունաբերական ցուցահանդեսների մշտական անցկացման, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության շեշտադրմամբ:

Կողմերը ողջունել են ռուսաստանյան տնտեսական օպերատորների՝ Հայաստանում ամբողջական և ժամանակակից արտադրական ցիկլի ստեղծման մտադրությունը: Հետաքրքրվածություն է հայտնվել էներգետիկայի զարգացման, այդ թվում վերականգնվող էներգետիկայի ծրագրերի մշակման հարցում՝ հիմնված էներգետիկական անվտանգության և անկախության, բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքի և կայուն զարգացման սկզբունքների հիման վրա:

Որոշվել է հետայսու ևս նպաստել դեպի Հայաստան ռուսաստանյան ներդրումների հոսքին: Ընդգծվել է, որ Ռուսաստանից տնտեսական օպերատորները Հայաստանի Հանրապետության հիմնական հարկատուների թվում են, ապահովում են աշխատատեղերի զգալի քանակի ստեղծումը և ընդլայնում կադրերի պրոֆեսիոնալ պատրաստման հնարավորությունները:

Գոհունակությամբ նշվել է երկու երկրների տարածաշրջանների միջև կապերի ընդլայնման, գործարար կապերի ամրապնդման, համատեղ արտադրությունների ստեղծման և ներդրումային երկխոսության ինտենսիվացման նպատակով՝ Հայ-ռուսաստանյան գործարար խորհրդի ստեղծման ուղղությամբ տարվող Կողմերի աշխատանքը:

Կողմերը հաստատել են պատրաստակամությունն ընդլայնել ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցությունը: Ողջունվել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը և նպատակադրվածություն հայտնվել նոր էներգոբլոկների կառուցման մշակման շուրջ:

Ընդգծվել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում էներգառեսուրսների ընդհանուր շուկայի հետևողական ձևավորման ուղղությամբ համատեղ արդյունավետ աշխատանքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ