«Ես էմոցիոնալ մարդ եմ». Սիմոնյանը՝ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու օրը իր գրառման մասին

Ես ուզում եմ ներողություն խնդրել իմ եւ Հայկ Մարությանի ընդհանուր ընկերներից, հանրությունից, որ իրենք ականատես եղան իմ էմոցիոնալ պոռթկմանը, որովհետեւ ես ավելի շատ որպես ընկեր էի վիրավորված։

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի տաղավարում ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով օգտատերերից մեկի այն հարցին, թե ի՞նչ հարաբերություններ ունի Սիմոնյանը Հայկ Մարությանի հետ, եւ ի՞նչն էր Մարությանին անվստահություն հայտնելու օրը վերջինիս հայտարարությանը կոշտ գրառմամբ պատասխանելու պատճառը:

«Ես էմոցիոնալ մարդ եմ եւ եթե կարող եմ մեկին կարեկցել, օգնել, մի տեղ էլ զայրանալ, ապա կարող եմ շատ ծանր տանել այն, որ իմ ընկերը, որի հետ ես ճանապարհ եմ անցել, որին շատ բաներ ներել եմ: Այդ հայտարարությունից ընդամենը 10 օր առաջ իրար հետ խոսել էինք որպես ընկեր, բայց նա իր հեռանալուց փորձում էր ամեն ինչ մի կողմ դնելով՝ շահարկել ինձ, իմ անունը։ Անկեղծ ասած՝ ներելու եւ անտեսելու լիմիտը այդտեղ սպառվեց, եւ գտա, որ պետք է այդ բաները ասեմ։ Նորից եմ ասում՝ ցավում եմ, ընդունում եմ, որ էմոցիոնալ էի»,- ասաց Սիմոնյանը։

Նա նաեւ նշեց, որ այդ ընթացքում Մարությանի հետ չի շփվել. «Իրեն ու իր ընտանիքին միայն լավն եմ ցանկանում, թող շարունակի իր գործունեությունը, իր մոտ դա, կարծում եմ, ավելի լավ կստացվի, և չեմ ցանկանում այլևս իր մասին խոսել։ Ներել-չներելու հարց չկա, իր հետ կապված բոլոր խնդիրների ժամանակ միշտ առաջինն եմ եղել՝ իր հետ կապված հարվածը իմ վրա վերցնելու, ինչո՞ւ էր պետք այդ օրը իմ մասին խոսել»:

Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ավագանին Հայկ Մարությանին անվստահություն հայտնեց 2021 թվականի դեկտեմբերի 22-ին 44 կողմ, 10 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ