Kinder-ի ներմուծումը Հայաստան կարգելվի. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ժամանակավորապես կարգելվի «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի ներմուծումը: Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ուսումնասիրելով տեղեկատվությունն այն մասին, որ Եվրոպական մի շարք երկրներում արձանագրվել են շոկոլադի, մասնավորապես՝ «Կինդեր» շոկոլադե ձվերի, օգտագործման արդյունքում սալմոնելայով վարակվելու տասնյակ դեպքեր՝ վերահսկողական միջոցառումներ է սկսել «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի նկատմամբ։

Նշված ապրանքանիշը ներկրող երկու կազմակերպություններում՝ «Սլավ Գրուպ» ՓԲԸ-ում (ներկրում է Ռուսաստանից) և «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ում (ներկրում է Գերմանիայից) իրականացվում է պետական վերահսկողություն՝ ստուգում, որի շրջանակներում ընկերություններում առկա խմբաքանակներից կկատարվի նմուշառում և կներկայացվի լաբորատոր փորձաքննության:

Տրվել է նաև Գերմանիայից ներկրվող «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի ներմուծման ժամանակավոր արգելանքի հրաման:

Լաբորատոր փորձարկումների արդյունքները կհրապարակվեն։

Ավելի վաղ Aliq.ge-ն հայտնել էր, որ Վրաստանի պարենի ազգային գործակալությունը մանրէների տարածման վտանգի, Եվրոպայում սալմոնելայի բռնկումների պատճառով կասկածելի շոկոլադե ապրանքների ստուգում է անցկացնում, կստուգվի նաև Kinder-ը։

Գործակալության հաղորդմամբ՝ Սննդամթերքի անվտանգության արագ ազդարարման եվրոպական համակարգի (RASFF) միջոցով ահազանգ է ստացվել՝ տարբեր շոկոլադե արտադրանքներում սալմոնելա հարուցիչի հնարավոր առկայության մասին։

Բացի այդ, գործակալության տեսուչները չպլանավորված ստուգումներ կանցկացնեն շոկոլադ ներկրող ընկերություններում։

Նշենք, որ սալմոնելա բակտերիայի տարածման հարյուրավոր դեպքեր են գրանցվել Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում և այլ երկրներում, հատկապես մինչև 10 տարեկան երեխաների մոտ, ամենայն հավանականությամբ, Ferrero ապրանքանիշի Kinder տեսակի շոկոլադե տարբեր ապրանքների բակտերիայով վարակված լինելու պատճառով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ