5 պարզ միջոց արյան մեջ շաքարի մակարդակը նվազեցնելու համար

Շաքարային դիաբետն ամենավտանգավոր ու տարածված հիվանդություններից մեկն է, որի դեպքում մարդիկ ստիպված են մշտական վերահսկողության տակ պահել արյան մեջ շաքարի մակարդակի ցուցանիշը՝ թույլ չտալով, որ այն նորմայից բարձր կամ ցածր լինի։

Բացի այդ, շաքարային դիաբետով հիվանդները պետք է նաև միջոցներ ձեռնարկեն իմունային համակարգի ամրապնդման համար, քանի որ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացումը հանգեցնում է իմունային համակարգի թուլացման՝ բարձրացնելով վարակումների հավանականությունը։

Սովորաբար այս հիվանդության դեպքում մասնագետները նշանակում են հատուկ դեղամիջոցներ, սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ սննդակարգում ու կենսակերպում մի քանի պարզ փոփոխություն անելը ևս կարող է հիանալի միջոց լինել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը նվազեցնելու և վերահսկողության տակ պահելու համար։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հինգ պարզ քայլ, որոնց հետևելը կօգնի խուսափել գլյուկոզայի մակարդակի կտրուկ բարձրացումից։

Քայլել սնվելուց հետո

Գիտնականները պնդում են, որ չափավոր ֆիզիկական ակտիվությունը դրական ազդեցություն է ունենում արյան մեջ շաքարի մակարդակի վրա անգամ քաշի փոփոխության բացակայության դեպքում։ Ընդ որում՝ շաքարի մակարդակի բարձրացման դեմ պայքարի ամենապարզ միջոցն է համարվում սնվելուց հետո զբոսնելը։ Գիտնականների խոսքով՝ 15 րոպե տևողությամբ զբոսանքը սննդի ընդունումից անմիջապես հետո շատ արդյունավետ միջոց է շաքարի մակարդակը վերահսկողության տակ պահելու համար, իսկ աերոբային վարժությունները թույլ են տալիս նվազեցնել HbA1c գլիկոլիզացված հեմոգլոբինի մակարդակը։

Սննդակարգում վարսակ ներառել

Ամբողջահատիկ վարսակից պատրաստված շիլան հագեցնում է օրգանիզմը բետա-գլյուկանով, իսկ մանրաթելերի այս տեսակն արդյունավետ կերպով դանդաղեցնում է աղիներում գլյուկոզայի ներծծումն ու դրա՝ արյան մեջ հայտնվելու գործընթացը։

Կարգավորել քունը

Քնի պակասը նպաստում է ինսուլինակայունության զարգացմանը, իսկ սա նշանակում է, որ օրգանիզմի բջիջները կորցնում են զգայունությունն արյան մեջ շաքարի մակարդակը նվազեցնող հորմոնի նկատմամբ։ Ինսուլինի նկատմամբ օրգանիզմի ճիշտ ռեակցիայի համար մարդը պետք է գիշերը քնի առնվազն 7 ժամ։

Բավարար քանակությամբ ջուր խմել

Հետազոտությունները ցույց են տվել, որ ջուրը լավագույն հեղուկն է օրգանիզմից ավելորդ շաքարը դուրս բերելու համար, ուստի օրվա ընթացքում ժամանակ առ ժամանակ հարկավոր է մի քանի կում ջուր խմել։

Մուգ շոկոլադ օգտագործել

Որակյալ մուգ շոկոլադը, որում կակաոյի պարունակությունը 80 տոկոս է և ավելի, կարող է շատ արդյունավետ լինել արյան մեջ շաքարի բարձր մակարդակի դեմ պայքարում։ Նման դրական ազդեցությունը պայմանավորված է դրանում պարունակվող պոլիֆենոլային ու հակաօքսիդանտային նյութերով, որոնք շատ օգտակար են օրգանիզմի համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ