Արևմուտքի կողմից Ուկրաինա ուղարկված վարձկանները ռազմագերու կարգավիճակ չեն ստանա. ՌԴ ՊՆ

Կիևին օգնելու համար Արևմուտքի կողմից Ուկրաինա ուղարկված վարձկանները չեն կարողանա ռազմագերու կարգավիճակ ստանալ, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

«Ես ուզում եմ պաշտոնապես ընդգծել, որ Արևմուտքի կողմից ուղարկված բոլոր վարձկանները՝ Կիևի ազգայնական վարչակարգին օգնելու համար, միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն մարտիկներ չեն: Նրանք ռազմագերու կարգավիճակի իրավունք չունեն»,- ասել է նա:

Նա նաև հայտարարել է, որ օտարերկրյա վարձկանների բոլոր հարձակումներն Ուկրաինայում ռուսական զորքերի վրա իրականացվում են Արևմուտքի կողմից մատակարարվող զենքի կիրառմամբ։

Կոնաշենկովն ասել է, որ օտարերկրյա վարձկանները պատասխանատվության կենթարկվեն:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ 16 000 օտարերկրյա կամավորներից առաջիններն արդեն ուղևորվում են Ուկրաինա՝ օգնելու Ռուսաստանի դեմ պայքարում:

«Ուկրաինան ամեն օր զենք է ստանում գործընկերներից, իսկական ընկերներից, ավելի ու ավելի հզոր զենքեր։ Ուկրաինան արդեն դիմավորում է օտարերկրյա կամավորների, որոնք գալիս են մեր երկիր։ 16 000-ից առաջինները պատրաստվում են պաշտպանել մեր ազատությունը, մեր կյանքը, և դա հաջողությամբ կպսակվի, ես դրանում վստահ եմ»,- ասել է նա։

Նախագահի խոսքով՝ Ուկրաինայի բոլոր պաշտպանական բնագծերը պահպանվել են։ Զելենսկու խոսքով՝ ռազմավարական պաշտպանության ուղղություններից որևէ մեկում թշնամին հաջողություն չունի:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ