Հայտնի է կոբրաների 10 տեսակ՝ տարածված Աֆրիկայում, Հարավային Ասիայում։ Վտանգի ժամանակ, գրգռված վիճակում, կոբրաները բարձրացնում են մարմնի առջևի մասը, լայնացնում պարանոցը սկավառակի տեսքով և իրարից հեռացնում առջևի ութ զույգ կողերը։
Վերին ծնոտի առջևի մասում են գտնվում թունավոր մեծ ատամները, ետևի մասում՝ 1-3 փոքր ատամները։
Հնդկական կոբրան կամ ակնոցավոր օձը (N. naja) կոբրաներից ամենահայտնին է, հանդիպում է Հարավային Ասիայում, ԽՍՀՄ-ում՝ Թուրքմենիայի, Ուզբեկստանի հարավում և Տաջիկստանի հարավ-արևմուտքում։
Մարմնի երկարությունը 160-180 սմ է, մեջքի կողմում, մարմնի լայնացող մասում ունի ակնոց հիշեցնող կլորավուն բաց գույնի նախշեր (այստեղից էլ՝ «ակնոցավոր օձ» անվանումը)։ ԽՍՀՄ-ում ապրում են նաև միջին-ասիական կոբրաներ (N. naja oxiana), որոնց մարմնի երկարությունը մինչև 180 սմ է, շատ նման են ակնոցավոր օձերին, սակայն նախշեր չունեն։ Ապրում են քարերի, թփերի միջև, կրծողների բներում, լքված շինություններում։ Լավ լողում են, կարող են ծառ բարձրանալ։
Դնում են 8-45 ձու։ Սնվում են երկկենցաղներով, կրծողներով, երբեմն թռչուններով։ Ամենախոշորը և ամենաթունավորը թագավորական կոբրաներն են, որոնց մարմնի երկարությունը 4-5․5 մ է, ապրում են Հնդկաստանի, Բիրմայի, Հնդկաչինի ջունգլիներում։