Ամերիկացի բժիշկներն անվանել են մի շարք մթերքներ, որոնք կարող են բարձրացնել մարդու իմունիտետը։ Կանխարգելիչ բժշկությամբ զբաղվող բժիշկ Սեդրինա Կալդերը նշել է չորս մթերք, որոնք, նրա կարծիքով, կօգնեն ամրապնդել իմունիտետը համաճարակի ժամանակ և բարելավել ինքնազգացողությունը հիվանդության ժամանակ: Այս մասին հաղորդում է Eat This, Not That! հարթակը։
Բժիշկ Սեդրինա Կալդերն ասում է, որ այս նպատակների համար լավագույնն են հավի ապուրը, մեղրով կոճապղպեղի թեյը, չիլի պղպեղը և սխտորը:
«Հավը վիտամին B6-ի հիանալի աղբյուր է, որն անհրաժեշտ է իմունային համակարգի ճիշտ աշխատանքի համար», – ասել է բժիշկը։
Նա նաև անդրադարձել է Journal of Immunology Research-ում հրապարակված ուսումնասիրությանը, համաձայն որի թուլացած իմունային համակարգը ուղղակիորեն կապված է վիտամին B6-ի պակասի հետ: Ի թիվս այլ օգուտների, Կալդերը կարծում է, որ հավի ապուրն օգնում է նաև հանգստացնել կոկորդի ցավը, որը COVID-19-ի օմիկրոն շտամի հիմնական ախտանիշներից է:
Ըմպելիքը, որը, ըստ բժշկի, կօգնի ամրապնդել իմունային համակարգը և կօգնի պայքարել վարակների դեմ, կոճապղպեղով և մեղրով թեյն է: Կալդերը նշել է, որ կոճապղպեղը կարող է օգնել նվազեցնել բորբոքումը և թեթևացնել սրտխառնոցը, որը հաճախ COVID-19-ի և վիրուսային այլ հիվանդությունների ախտանիշ է, իսկ մեղրը կոկորդի ցավը հանգստացնելու լավագույն միջոցներից է: Կոճապղպեղը նաև օգնում է ստամոքսաղիքային տրակտի աշխատանքին, ցավին, մետաբոլիկ համախտանիշին։
Մեկ այլ մթերք, որը կարող է լավացնել ինքնազգացողությունը, ըստ Կալդերի, չիլի պղպեղն է: Բժիշկը նշել է, որ չիլիում առկա կապսաիցինն օգնում է բացել խցանված քիթը: Բացի այդ, Աֆրիկյան Առողջապահության Գիտությունների հետազոտությունները ցույց են տվել, որ կապսաիցինը կարող է օգնել պայքարել բորբոքման դեմ:
Սխտորը ևս մեկ մթերք է, որը կարող է օգնել բարձրացնել իմունիտետը:
«Սխտորը խթանում է իմունային բջիջների ակտիվությունը, կարող է օգնել պայքարել վարակների դեմ», – ասել է բժիշկը։ Նա խորհուրդ է տալիս հիվանդության ժամանակ սխտոր ավելացնել այնպիսի ուտեստների մեջ, ինչպիսիք են մակարոնեղենը կամ ապուրը։