Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում բնակվող 28-ամյա բուժքույր Անժելիկա Բարանովան հայրենի քաղաքում հայտնի է դարձել «ռուսական Ռապունցել» անունով:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, կինը նշում է, որ իր վարսերն ընդհանրապես չեն կտրել վերջին 23 տարում: Անժելիկան ընդամենը 5 տարեկան է եղել, երբ վերջին անգամ մազերը կտրել են: Նշվում է, որ ո՛չ ինքը, ո՛չ ծնողները մտադրություն չեն ունեցել երկարեցնել աղջկա մազերը, դա պատահականության արդյունք է եղել:
Անժելիկան նշում է, որ միշտ սիրել է խնամել վարսերը, սակայն արտասովոր ոչինչ չի արել. պարզապես կանոնավոր կերպով շաբաթը երկու անգամ լվացել է վարսերը սովորական շամպունով և բալզամով, ինչպես նաև նրբորեն սանրել է:
28-ամյա կինը խոստովանել է, որ մինչև ոտքի կոճը հասնող վարսերն արձակած քայլելը երբեմն բավականին դժվարություններ է առաջացնում, սակայն Անժելիկան հավելում է, որ արժի փոքր-ինչ տանջվել, քանի որ շատ է սիրում իր վարսերը: