Դեսպան Կիշան Դան Դեվալի խոսքով՝ իր համար մեծ պատիվ է, հայրենի երկրից հեռու լինելով, տոնել Դիվալին հնդիկ ուսանողների հետ Հայաստանում։
«Տոնը խորհրդանշում է բարու հաղթանակը չարի հանդեպ, լույսի հաղթանակը խավարի հանդեպ և գիտելիքի հաղթանակը տգիտության հանդեպ։ Այսօր Դիվալին այլևս առանձին երկրի կրոնական տոն չէ, այն հայտնի է նաև այլ երկրներում: Ուրախ եմ տեսնել, որ մեր ուսանողները գիտելիք և իմաստություն են ձեռք բերում բժշկական համալսարանում», — շեշտեց դիվանագետը։
Պրոռեկտոր Երվանդ Սահակյանը հիշեցրեց, որ իր անմիջական մասնակցությամբ Դիվալին Հայաստանում սկսել է նշել դեռևս 1993 թվականից։ «Ամեն տարի ուրախացել եմ, որ հնդիկ ուսանողները մեր երկրում կարողացել են պահպանել իրենց հավատն ու ավանդույթները։ Դա շատ կարևոր է, որովհետև ապահովում է ընտանիքի կայունությունը, ինչն, իր հերթին, ապահովում է երկրի կայունությունը։ Իսկ լավ կրթություն ստացած մարդն ապահովում է նաև երկրի զարգացումը։ Ցանկանում եմ, որ յուրաքանչյուրդ դառնաք մի լույս և, վերադառնալով ձեր երկիր, սփռեք այն ձեր շրջապատում», — մաղթեց պրոռեկտորը։
Դեկան Գայանե Ավետիսյանը կոչ արեց ուսանողներին լավ սովորել, շատ գիտելիք, փորձ և հմտություններ կուտակել՝ ապագայում իրենց հիվանդների կյանքը լուսավորելու համար։ «Արդեն 2 տարի աշխարհին պատուհասել է կորոնավիրուսի համավարակը։ Դուք այս պահին հեռու եք տնից, բայց մենք փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի դուք զգաք ձեզ ինչպես տանը։ Թող երջանկությունն ու բարեկեցությունը լինեն ձեր մշտական ուղեկիցները կյանքում», — բարեմաղթեց դեկանը։
Հանդիսավոր միջոցառումն ուղեկցվեց Դիվալիի տոնի կարևոր «Պուջա» և «Արատտի» արարողակարգերով, ինչպես նաև հնդկական քաղցրավենիքի, մրգերի և 5 ազգային ուտեստի հյուրասիրությամբ։