ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնականները մշակում են ոչ իմունոգեն, փոխպատվաստման պատրաստ սկաֆոլդներ կամ բջջային մատրիքսներ, որոնք կարող են օգտագործվել ռեգեներատիվ բժշկության մեջ՝ վնասված կամ ոչ ֆունկցիոնալ օրգանների, հյուսվածքների վերականգնման և փոխարինման համար:
Հետազոտություններն իրականացվում են Ֆիզիոլոգիայի ինստիտուտի իմունոլոգիայի և հյուսվածքային ինժեներիայի լաբորատորիայում՝ կենսաբանական գիտությունների թեկնածու Զարուհի Կարաբեկյանի գլխավորությամբ:
«Սկաֆոլդ ստանալու առաջին քայլը կենդանական հյուսվածքի ապաբջջայնացումն է՝ կենդանու հյուսվածքից բոլոր կենդանական բջիջների հեռացումը, որի արդյունքում մնում է թափանցիկ արտաբջջային մատրիքս կամ սկաֆոլդ։ Սկաֆոլդը հյուսվածքային ճարտարագիտության մեթոդներում օգտագործվող կառուցվածք է, որը ծառայում է որպես հենարան բջիջների համար՝ ապահովելով դրանց ամրանալու և գոյատևելու հնարավորությունը, նմանակելով և փոխարինելով նորմայում այդ բջջին շրջապատող արտաբջջային մատրիքսին: Բջիջներից ազատ մատրիքսը նյութակառուցվածքային կազմությամբ գրեթե չի տարբերվում կենդանիների և մարդկանց մոտ, որն էլ հնարավորություն է տալիս կենդանական աղբյուրներից ստացված սկաֆոլդը վերաբնակեցնել մարդկային բջիջներով և փոխպատվաստել հենց մարդուն»,- պարզաբանում է Զարուհի Կարաբեկյանը:
Ըստ նրա՝ փորձերում օգտագործվել են ինչպես առնետների, մկների, ճագարների, խոզերի, այնպես էլ մարդու հյուսվածքային նմուշներ․ «Փորձեր ենք իրականացրել՝ ստեղծելու մաշկի սկաֆոլդի անսահմանափակ և մատչելի աղբյուր հանդիսացող այլընտրանքային սկաֆոլդ՝ մաշկի փոխպատվաստման համար։ Ինչպես նաև փորձեր են արվում ամբողջական օրգանների ինժեներիայի ուղղությամբ՝ նպատակ ունենալով ստանալ ամբողջական լյարդ և երիկամ: Հետազոտություններն ունեցել են դրական ելք»:
Որպեսզի օրգանիզմը չվանի սկաֆոլդը փոխպատվաստման ժամանակ, այսինքն՝ տեղի չունենա օրգանիզմի կողմից փոխպատվաստուկի մերժում, պետք է որ փոխպատվաստվող հյուսվածքի բջիջներն օժտված լինեն նույն մակերեսային սպիտակուցների խմբերով, ինչ ռեցիպիենտի բջիջները։ Այս նպատակով Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում սկսել են ստեղծել հայկական պոպուլյացիային բնորոշ մեզենքիմալ ցողունային բջիջների շտեմարան, որպեսզի հետագայում կարողանան տարբերակել ու կիրառել հետազոտական և կլինիկական նպատակներով՝ ընտրել պացիենտին համապատասխանող տեսակը և դրա միջոցով կառուցել փոխպատվաստվելիք հյուսվածքը։
«Մեր լաբորատորիայում փորձեր են արվում ստանալ մաշկի և սրտի փականի սկաֆոլդներ բիոտպագրության մեթոդով, որպեսզի ստացված արդյունքը համեմատենք բնական ծագում ունեցող սկաֆոլդների հետ և ընտրենք լավագույնը: Բացի դրանից՝ հետազոտել ենք բջիջների կուլտիվացման (պահման և աճեցման) համար մարդկային շիճուկի կիրառման հնարավորությունը: Բանն այն է, որ աշխարհում բջիջների կուլտիվացման համար մեծ մասամբ կիրառվում է կովի սաղմնային արյան շիճուկ՝ որպես սննդամիջավայր։ Լինելով կենդանական ծագման՝ այն պարունակում է ռիսկեր, որոնցից է կենդանական հիվանդությունների փոխանցումը։ Այդ պատճառով մարդկային բջիջների և հյուսվածքների կուլտիվացման համար որպես հնարավոր օպտիմալ այլընտրանք կարելի է դիտարկել մարդկային շիճուկի կիրառումը։ Մեր կողմից իրականացված փոխարինող շիճուկի հետազոտությունները ևս դրական ելք են ունեցել՝ ապահովելով բարձր էֆեկտիվություն: Աշխատանքները շարունակվում են էֆեկտիվության երկարաժամկետությունն ապահովելու ուղղությամբ»,- նշում է Զարուհի Կարաբեկյանը:
Կատարված հետազոտությունները ներկայացվել են տարբեր միջազգային համաժողովների ժամանակ։ Որպես համահեղինակ Springer հրատարակչությունում 2020 թվականին տպագրվել է «Հյուսվածքային ինժեներիա» գիրքը (հեղինակներ՝ Նարինե Սարվազյան (կ.գ.թ.), Զարուհի Կարաբեկյան (կ.գ.թ.), Հովհաննես Արեստակեսյան (կ.գ.թ.), Վահան Գրիգորյան, Վարդան Ավետիսյան, Լիանա Հայրապետյան, Մարիամ Գրիգորյան, Աստղիկ Կարապետյան, Արտեմ Օգանեսյան, Արման Սիմոնյան, Աննա Սիմոնյան)։ Ինչպես նաև համատեղ ջանքերով հրապարակվել է հոդված Research on Biomedical Engineering հեղինակավոր պարբերականում (https://doi.org/10.1007/s42600-021-00141-8) (հեղինակներ՝ Լիանա Հայրապետյան, Հովհաննես Արիստակեսյան (կ.գ.թ.), Անուշ Մարգարյան, Արտեմ Օգանեսյան, Վահան Գրիգորյան և Աստղիկ Կարապետյան):
Հետազոտություններն իրականացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ՝ Engineered skin via natural recourses /Grant Number 18T-1F275/, Generation of non-immunogenic Mesenchymal Stem Cells for Tissue Repair /Grant Number 15T-1F359/ ծրագրերի, ինչպես նաև հայ-բելառուսական գիտական համագործակցությամբ ձեռք բերված դրամաշնորհի շրջանակում՝ Biocompatibility of multicomponent allogeneic cells with decellularized liver scaffold, /Grant Number 18BL-028/: