«Ասել էր, որ երբեք գերի չի ընկնի՝ նռնակ ունի». Գոռ Այվազյանը պայթեցրել է իրեն՝ իր հետ միասին հակառակորդի զինվորներին

Այս տարվա օգոստոսի 7-ին կամավորական Գոռ Այվազյանը կդառնար 30 տարեկան, ընկերներով պայմանավորվել էին մեծ խնջույք անել, սակայն չհասցրեց: Մեկ տարի առաջ այս օրը պատուհասած 44-օրյա պատերազմը խլեց հազարավոր հայորդիների կյանքեր, որոնց թվում էր 29-ամյա Գոռ Մառլենի Այվազյանը:

Գոռը ծնվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: Վանատուրի համար 6 միջնակարգ դպրոցում 8-ամյա կրթություն ստանալուց հետո մեկնել էր Լեհաստան, ապա՝ 2009 թվականին վերադարձել Հայաստան, որպեսզի ժամկետային ծառայությունն անցնի Հայոց բանակում: Ծառայել է Ջրականում (Ջաբրայիլ):

«Եկավ հայրենիք, որ ծառայի, տարիներ հետո հայրենիքում էլ ընկավ: Ժամկետային ծառայությունն անցել էր Ջրականում, 10 տարի անց այնտեղ մղվող մարտերի ժամանակ էլ զոհվեց»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում պատմեց Գոռի մերձավոր եւ ամենամտերիմ ընկերներից Տաթեւ Ղազարյանը:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկիզբ առած պատերազմի երկրորդ օրը Գոռն արդեն ռազմաճակատում է եղել: Տաթեւի խոսքով՝ երիտասարդը շատ պատահական է մեկնել, անգամ նորմալ հրաժեշտ տալ չեն հասցրել:

«Խանութում էի, մեր մյուս ընկերներից մեկը եկավ, ասաց՝ գնաց Գոռը: Ճիշտ է, այդ ժամանակ չէի պատկերացնում՝ մեզ ինչ է սպասվում. այդ չարաբաստիկ օրերի մասին չէի էլ կարող երեւակել, բայց տարօրինակ տխրության զգացում ունեի»,- պատմեց Տաթեւը:

Մեկնումից հետո Գոռի հետ կապի դուրս գալ շատ հազվադեպ է հաջողվել, ընկերները մեկը մյուսի միջոցով են կամավորականից լուր ստացել: Վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 3-ին, բայց այդ օրն արդեն Գոռը վիրավոր է եղել, մի քանի ժամ սողալով՝ փորձել է հասնել ապահով վայր։

«Ես ու մեր ընկերներից մի աղջիկ զանգեցինք, պատասխանեց հեռախոսազանգին: Շատ էինք ուրախացել, որ վերջապես կարողացանք ձայնը լսել: Ասաց, որ լավ է, ուղղակի քունն է տանում, չի կարող խոսել և կախեց հեռախոսը: Այդ օրը մի քանի ժամ հետո իմացանք, որ այդ ժամանակ վիրավոր է եղել, հատուկ է այդպես ասել, որ չանհանգստանանք: Մեր ընկերներից Լեւոնի հետ է խոսել: Ասել է, որ երբեք գերի չի ընկնի… նռնակ ունի»,- ասաց նա:

Ըստ հարազատների եւ ընկերների պատմածի՝ Գոռը վիրավոր է եղել ոտքից: Այդ ընթացքում կապ է հաստատել հրամանատարության հետ, օգնություն խնդրել, սակայն օգնությունն ուշացել է: Այդ օրվանից հետո այլեւս Գոռի հետ խոսել չի հաջողվել:

Տաթեւի խոսքով՝ երկար ժամանակ փնտրել են նրան. «Լեւոնի պատմելուց հետո երկու օր համբերեցինք, մտածում էինք՝ գուցե օգնության հասած կլինեն, ու որեւէ լուր կիմանանք, բայց երբ ոչ մի տեղեկություն չեղավ, թաքուն սկսեցինք փնտրել նախ բոլոր հիվանդանոցներում, ապա մեր ընտանիքներից թաքուն՝ նաեւ դիահերձարաններում: Սոսկալի օրեր էին… այդքան երիտասարդներ, այդքան ցավ: Զոհվածներից մի երիտասարդ տղա, որի դեմքը չէր երեւում, մարմնով Գոռին շատ էր նման, դաջվածքն էլ համընկնում էր: Արդեն գրեթե վստահ էինք, որ Գոռն է, բայց ավելի ուշ պարզվեց, որ ուրիշ երիտասարդ է: Երբ էլ փնտրելու տեղ չմնաց, այլ տարբերակ չունեինք, մեզ ոչինչ չէր մնում անել, քան սպասելը… օրեր, ամիսներ անորոշ սպասել»:

Հոկտեմբերի 3-ից անհետ կորելուց 4 ամիս անց՝ փետրվարի 17-ին, գտնվել են Գոռի մարմնի մասունքները: Հետաքննությամբ պարզվել է, որ Գոռն ինքն իրեն է պայթեցրել՝ իր հետ նաև թշնամու զինվորներին: Նրա աջ ձեռքը եւ գլուխը չեն եղել, մեջքն ու ոտքերը՝ բազմաթիվ բեկորային վիրավորումներով: Դին հարազատները ճանաչել են հագուստից եւ այդ ժամանակ մոտը եղած իրերից:

«Հետո Լեւոնը մեզ պատմեց, որ Գոռն իրեն ասել է՝ կներեք, դուք ուշացաք, իրենք (թշնամու զորքերը) արդեն շատ մոտ են, հասնում են: Գոռի վերջին բառերը եղել են, որ բոլորիս շատ է սիրում, առավել շատ՝ ընկերներին, հանուն որոնց ամեն ինչի պատրաստ է: Նախքան դա, բավականին երկար հեռախոսազրույց է ունեցել Լեւոնի հետ, Լեւոնն ասել է՝ վերքդ պինդ կապիր, սողալով գնա: Գոռը պատասխանել է՝ չեմ պատկերացնում, թե որ ուղղությամբ պիտի գնամ»,- չկարողանալով զսպել հուզմունքը՝ հիշեց Տաթեւ Ղազարյանը:

Գոռ Այվազյանը հանգչում է Վանատուրի եղբայրական գերեզմանատանը

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ