Սերժ Սարգսյանի՝ կառավարական օդանավով Բադեն-Բադեն այցերի մասին հրապարակումը և նրա պաշտպանի արձագանքը


Նախագահության տարիներին՝ 2008-ից մինչև 2018 թթ., Սերժ Սարգսյանը կառավարական օդանավով հաճախակի թռիչքներ է կատարել գերմանական Բադեն-Բադեն/Կարլսռուհե քաղաքներ: Պնդումն արել է «Փաստերի ստուգման հարթակը»՝ հղում կատարելով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից ստացած տվյալներին: Ըստ ուսումնասիրության՝ Բադեն-Բադեն մեկնելու համար առաջին անգամ պետական օդանավն օգտագործվել է 2008-ի օգոստոսին:

«Համաձայն նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության՝ նախագահը երկշաբաթյա արձակուրդ էր մեկնել օգոստոսի 4-ին։ Նշված էր, որ Սարգսյանը երկու օր կանցկացնի Եվրոպայում, ինչից հետո կմեկնի Պեկին՝ պաշտոնական հանդիպման։ Թռիչքը, սակայն, իրականում տեղի էր ունեցել հայտարարությունից մեկ օր առաջ։ Օգոստոսի 3-ին EK-RA01 գրանցման համարով հայկական կառավարական օդանավը գերմանացի լուսանկարչի կողմից նկատվել էր առողջարաններով և խաղատներով հայտնի գերմանական Բադեն-Բադեն/Կարլսռուհե քաղաքների օդանավակայանում վայրէջք կատարելիս։ Երկու օր անց՝ օգոստոսի 5-ին, մեկ այլ լուսանկարիչ կրկին ֆիքսել էր հայկական օդանավը նույն օդանավակայանում՝ հայտնելով, որ Հայաստանի նախագահը այնտեղ է մնացել 3 օր»։

Ըստ FIP-ի՝ Քաղավիացիայի կոմիտեի տրամադրած ցուցակում չկա այս թռիչքը: Բացակայում են նաև 2009-ի օգոստոսին նախագահի արտերկրյա արձակուրդի թռիչքի տվյալները: Հրապարակման մեջ նաև ասվում է՝ «Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նախագահն արձակուրդ էր մեկնել 2009 թ. օգոստոսի 11-ին: Արդեն օգոստոսի 15-ին կառավարական օդանավը ֆիքսել էին Բադեն-Բադեն և Կարլսռուհե քաղաքների օդանավակայանում»։ 2009-ի նոյեմբերին, ըստ աղբյուրի, Սարգսյանը կրկին եղել է Բադենում:

«Մյունխենում 2009 թ. նոյեմբերի 22-ին պլանավորված էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հանդիպումը՝ Ղարաբաղյան խնդրով բանակցությունների համար։ Այս հանդիպման կազմակերպման համար նախագահը Քաղավիացիայի վարչությանը կարգադրել էր պատվիրակության համար կազմակերպել Երևան-Մյունխեն և Մյունխեն-Երևան հատուկ չվերթեր։ Սակայն պատվիրակությունն ուղիղ մեկնում է ոչ թե Մյունխեն, ինչպես նշված էր հաղորդագրության մեջ, այլ Բադեն-Բադեն քաղաք, և ինքնաթիռը միայն նոյեմբերի 22-ին է նկատվում Մյունխենի օդանավակայանում»։

Սարգսյանի հաջորդ այցը Բադեն-Բադեն կայացել է 2010 թ. հուլիսին՝ արձակուրդի ընթացքում։ Ըստ հարթակի տվյալի՝ կառավարական ինքնաթիռը Երևանից մեկնել է հուլիսի 24-ին և մինչև օգոստոսի 8-ը մնացել Բադեն-Բադենի օդանավակայանում։

«Այստեղ, սակայն, ուշագրավ է ոչ այնքան առողջարանային այս քաղաքում երկու շաբաթ գտնվելու փաստը, այլ օգոստոսի 8-ին նախագահական օդանավի «տարօրինակ» թռիչքը, որը նույն օրը Բադենից թռիչք է կատարել դեպի Երևան, հետո հետ թռել Բադեն-Բադեն և կրկին վերադարձել Երևան։ Այս փաստը ակնառու է հատկապես Խաչատուր Սուքիասյանի՝ օդանավով խաղատուն գումար տեղափոխելու հայտարարության շրջանակում, քանի որ անհասկանալի է, թե ինչ նպատակով է այս թռիչքն իրականացվել»։

FIP-ի հրապարակման համաձայն՝ 2011 թվականի կարճատև արձակուրդի ընթացքում ևս Սարգսյանը հուլիսի 30-ին նախագահական օդանավով մեկնել է Բադեն-Բադեն։ Թռիչքը դեպի գերմանական այս քաղաք նախագահի համապատասխան հրամանագրում չի թաքցվել: Սարգսյանի «կարճատև» հանգիստը տևել է հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 11-ը և ավարտվել Կիպրոսում, որտեղ Սերժ Սարգսյանն աշխատանքային այց է կատարել։

2012 թ. հուլիսի 26-ին մեկնարկած Մեծ Բրիտանիա պաշտոնական այցի առիթն օգտագործելով՝ Սարգսյանը կրկին Բադեն-Բադեն է այցելել: Պետական ինքնաթիռը Լոնդոնից ոչ թե վերադառնում է Երևան, այլ վայրէջք կատարում արդեն հայտնի օդանավակայանում։ Ըստ FIP-ի՝ արդեն օգոստոսի 2-ին նախագահականը հաղորդագրություն է տարածում՝ հայտնելով, որ նախագահը մեկնել է կարճատև արձակուրդի, որի մի մասը կանցկացնի արտերկրում։

«Օգոստոսի 7-ին, ընդհատելով հանգիստը, 3-րդ նախագահը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա, որտեղ հանդիպում է ՌԴ նախագահի հետ։ Այս թռիչքը, սակայն, Քաղավիացիայից ստացած տվյալներում բացակայում է, և հարց է ծագում, թե ի՞նչ օդանավով և որտեղի՞ց է Սարգսյանը մեկնել Մոսկվա հանդիպման։ Հետաքրքրական է նաև պետական օդանավի՝ օգոստոսի 15-ին իրականացրած Երևան-Կալյարի-Երևան չվերթը, որի մասին տեղեկություն չկա ո՛չ նախագահականի հաղորդագրություններում, ո՛չ էլ կարգադրություններում։ Անհասկանալի է, թե ինչ նպատակով է կառավարական ինքնաթիռը թռիչք կատարել իտալական Կալյարի հանգստյան քաղաք, որը հայտնի է իր տեսարժան վայրերով և խաղատներով»։

2013 թվականին Սարգսյանը, վերընտրվելով նախագահի պաշտոնում, հանգիստը կրկին անցկացրել է Բադեն-Բադենում։ Նախագահական օդանավը նրան հունիսի 12-ին տարել է գերմանական այդ քաղաք։ Եվ, ինչպես հրապարակման մեջ է նշվում, օդանավը միանգամից չի վերադարձել Երևան, այլ վայրէջք է կատարել Բարսելոնա քաղաքում։ Մեկ շաբաթ անց՝ հունիսի 20-ին, Երևանից պետական օդանավը մեկնել է Բադեն-Բադեն/Կարլսռուհե օդանավակայան, որտեղից նրան տարել է Վիեննա՝ նույն օրը կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին: 2013-ի հուլիսի 22-ին, ըստ FIP-ի, Սարգսյանը կրկին մեկնել է Բադեն-Բադեն:

«Այս անգամ ևս նախագահի հանգիստն ընդհատվել է աշխատանքային այցով. օգոստոսի 4-ին Սարգսյանը մեկնել է Թեհրան՝ մասնակցելու Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը։ Պետական օդանավը, սակայն, նախագահին վերցրել է ոչ թե Բադեն-Բադենից, որտեղ նրան թողել էր, այլ Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքից, որը գտնվում է Բադեն-Բադենից ընդամենը 150 կմ դեպի հարավ։ Թե ինչո՞ւ և ինչպե՞ս էր նախագահը հայտնվել աշխարհի ֆինանսական և բանկային կենտրոն համարվող շվեյցարական այս քաղաքում՝ անհայտ է։ Սակայն երդմնակալության արարողությանը մասնակցելուց հետո նա կրկին Ցյուրիխ է վերադառնում՝ ևս մեկ շաբաթ արձակուրդ անցկացնելու։ Մեկ շաբաթ անց՝ օգոստոսի 11-ին, նախագահին արձակուրդից վերադարձնելու համար Երևանից Ցյուրիխ է մեկնում պետական օդանավը»:

Շարունակելով՝ լրատվամիջոցը գրում է. 2014 թվականի օգոստոսի 3-ին նախագահը երկօրյա պաշտոնական այցով մեկնում է Բրյուսել, որտեղից էլ պետք է մեկներ Սոչի՝ Իլհամ Ալիևի հետ հանդիպման։ Սարգսյանը, հանդիպումից առաջ կրկին մեկնում է Բադեն-Բադեն։ Նա այնտեղ մնում է երեք օր, հետո մեկնում է Սոչի, որտեղից կրկին վերադառնում է Բադեն-Բադեն։ Նույն օրը նախագահականը հայտնում է նրա՝ կարճատև արձակուրդ մեկնելու մասին։

«2015 թ. ամռանը Սարգսյանն արձակուրդն անցկացրել է Բադեն-Բադենում՝ պետական օդանավով այնտեղ մեկնելով հուլիսի 24-ին։ Պետական օդանավն այնտեղ մնում է երկու շաբաթ. Սարգսյանն օգոստոսի 1-ին վերադառնում է Երևան։ Երկու օր անց պետական օդանավը նրան տանում է Ցյուրիխ, որտեղ Սարգսյանը մնում է մինչև օգոստոսի 15-ը»։

2016 և 2017 թվականներին, ըստ FIP-ի, Սարգսյանն այցելել է Բադեն-Բադեն/Կարլսռուհե քաղաքներ՝ տարեկան երկու անգամ։ Հրապարակման մեջ նշվում է նաև, որ Սերժ Սարգսյանը քառօրյա պատերազմից հետո՝ ապրիլի 5-ին, Բեռլին այցից առաջ ևս եղել է Բադեն-Բադենում: Այս դրվագին անդրադարձել է Սերժ Սարգսյանի փաստաբանն ու պաշտոնական այցի ծրագրից նաև լուսանկարներ է հրապարակել:

Արամ Մակինյան, փաստաբան — Նախագահի հիշյալ պաշտոնական այցի ողջ ընթացքը րոպեի ճշգրտությամբ ամրագրված է իրավասու մարմիններում, այդ թվում՝ ՀՀ ԱԳՆ-ի, Պետական արարողակարգի ծառայության արխիվներում։ Ինչ վերաբերում է Քաղաքացիական ավիացիայի կողմից տրամադրված տեղեկանքին, ապա այն կամ միտումնավոր կերպով, կամ անփութության արդյունքում ճշգրիտ չէ և չի արտացոլում 2016 թ. ապրիլի 5-ին Սերժ Սարգսյանի ԳԴՀ կատարած պաշտոնական այցի փաստացի երթուղին: Ավելին` նախագահ Սարգսյանի այցը Գերմանիա մեկնարկել է ապրիլի 5-ի երեկոյան՝ Բեռլինի օդանավակայանի ռազմական մաս ժամանմամբ։ Սույն փաստը ապացուցվում է ինչպես պաշտոնական ծրագրով, այնպես էլ կարող է հաստատվել պատվիրակության այլ անդամների և նախագահին այցի ընթացքում ուղեկցող լրագրողների կողմից։

FIP-ի ուսումնասիրության համաձայն՝ 2016 թ. օգոստոսին Սերժ Սարգսյանը կրկին մեկնել է Բադեն-Բադեն՝ Բրազիլիա կատարած պաշտոնական այցից անմիջապես հետո, բայց ոչ նախագահական օդանավով։ Սակայն արդեն օգոստոսի 25-ին Երևանից մեկնած պետական օդանավը վերադարձրել է նրան Երևան։ Ըստ ուսումնասիրության՝ պետական օդանավով Սերժ Սարգսյանի վերջին արձակուրդային թռիչքը դեպի Բադեն-Բադեն տեղի է ունեցել 2017 թ. հուլիսի 22-ին՝ պաշտոնապես արձակուրդի հայտարարումից երկու օր շուտ։ Փաստաբանը «Լուրերի» հետ զրույցում անդրադարձել է հրապարակման մեջ տեղ գտած մյուս դրվագներին ևս:

2019 թվականի հուլիսին համացանցում լուսանկար էր տարածվել, որում երևում էր նախագահ Սարգսյանը։ Լրատվականները պնդում էին, որ լուսանկարն արվել էր Բադեն-Բադեն քաղաքում։ Ըստ FIP-ի ուսումնասիրության՝ լուսանկարն իրոք արվել է գերմանական Բադեն-Բադեն քաղաքում։ Լուսանկարում Սարգսյանը «Կարակալլայի բաղնիքներ» կոչվող սպա կենտրոնում է, որտեղ մեկ գիշերակացի արժեքը լրատվամիջոցի պնդմամբ՝ 190-300 եվրո է: Իսկ թե ի՞նչ արժե պետական օդանավով, օրինակ, Երևան-Բադեն-Բադեն-Երևան թռիչքը՝ FIP-ին պարզել չի հաջողվել: Քաղավիցայից հայտնել են, որ այդ տեղեկությունը գաղտնի է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ