Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պարզապես փորձում են այդ տարբեր շերտերը պահել «հավաքագրված» և «համակարգված», որովհետև խորքային լուծումներ գտնելու ունակ չեն

Թեև խորհրդարանում ներկայացված ընդդիմությունը կարծես թե ընդունեց օրերս «հրադադարի» և քաղաքական պայքարը փոխադարրձ հարգանքի սկզբունքով կառուցելու ԱԺ նախագահի առաջարկը, այդուհանդերձ օգոստոսի 12-ի աշխատանքի ընթացքը ցույց տվեց, որ իրականում խորհրդարանական այդպիսի «հրադադարը» և ընդհանրապես համակեցության լայն համաձայնությունը մեղմ ասած մոտ հեռանկար չէ: Այստեղ կան իհարկե թե օբյեկտիվ, բայց թե նաև սուբյեկտիվ պատճառներ, ինչպես հնարավոր է նկատել առկա պատկերից:

Բանն այն է, որ ընդդիմադիր երկու խմբակցություններում էլ ակնհայտորեն առկա է որոշակի «դասակարգում», խորհրդարանական վարքագծային դրսևորումների, և խորհրդարանում հրապարակա-փողոցային վարքագծի և տոնայնության, ոճի առումով: Եվ մտածել, թե այդ «դասակարգումը» պատահականություն է, այդպես է ստացվել, այլ ոչ թե տեղի է ունեցել այսպես ասած «աշխատանքի բաժանում», գոնե առայժմ դժվար է:

Մյուս կողմից, խորհրդարանում հայտնված երկու ընդդիմադիր դաշինքներն էլ, չնայած լինելով նախկին կառավարող մեկ համակարգից սերված, այդուհանդերձ մեկտեղում են մի քանի տարբեր խմբեր՝ իրենց պատկերացումներով, շահերով, իրենց ներքին հարաբերություններով, միմյանց հանդեպ ներքին վերաբերմունքով, ինչ -որ առումով մրցակցությամբ և այլն: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ինչպես իրենց իշխանության տարիներին, այդպես էլ այժմ պարզապես փորձում են այդ տարբեր շերտերը պահել «հավաքագրված» և «համակարգված», որովհետև խորքային լուծումներ գտնելու ունակ չեն, մի շարք օբյեկտիվ պատճառներով:

Հակառակ պարագայում, նրանք այդ լուծումները կգտնեին դեռևս իշխանություն եղած տարիներին, և դրա շնորհիվ էլ թերևս առ այսօր կշարունակեին լինել իշխանություն: Բայց, միևնույն ժամանակ, ինչպես իշխանություն եղած տարիներին նրանք չունեցան խորքային լուծումների հնարավորություն, իսկ խնդիրներն էլ կուտակվելով այլևս անբավարար դարձրին զուտ հավաքագրվածության և համակարգվածության մեխանիզմը, նույն կերպ էլ ժամանակի ընթացքում այդ մեխանիզմը անբավարար է դառնալու նաև ներկայիս ձևաչափերի պարագայում: Իսկ դա նշանակում է, որ ինչ որ տարբերակ այդուհանդերձ պետք է «հաղթի»: Պետք է նրանց մոտ հաղթի կամ խորհրդարանում «հրապարակա-փողոցային» վարքն ու ոճը, ըստ այդմ խմբակցություններում եղած այդ «դասակարգը», կամ պետք է հաղթի խորհրդարանական քաղաքական պայքարի տրամաբանությունն ու դրա կրող «դասակարգը»:

Ներկայումս, խորհրդարանում ընթանում է ոչ միայն արմատական ընդդիմության պայքարը մեծամասնության դեմ, այլ նաև ընդդիմությունների ներքին «դասակարգային» պայքար, որն արտահայտվում է խորհրդարանական հարթակում այդ նկատելի «երկատվածությամբ», երբ մեծամասնության հետ որևէ ընդհանուր համակեցության նորմի շուրջ համաձայնության գալու միտումին շատ արագ փոխարինում են գործողություններ, որոնք սրում են իրավիճակն ու խթանում առնվազն սուր լեզվակռիվ: Ամբողջ հարցն այն է, որ այդ գործընթացը արտախորհրդարանական տիրույթից տեղափոխվել է խորհրդարան, այլ կերպ ասած՝ պետական ինստիտուցիոնալ, այն էլ թիվ մեկ ու միակ ներկայացուցչական մարմնի տիրույթ: Այդ հանգամանքն իհարկե մի կողմից խլում է պետական ինստիտուտի գործունեության ժամանակը, թեև իհարկե փաստ չէ, որ այլ տարբերակում այդ ժամանակը օգտագործվելու էր անհրաժեշտ արդյունավետությամբ, մյուս կողմից էլ խորհրդարան տեղափոխված գործընթացը ծավալվելու է թերևս ավելի նկատելի և ըստ այդմ ներքին ավելի քայքայիչ թափով: Ընդ որում, դրան գուցե դեմ չեն նաև Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, նրանցից յուրաքանչյուրը իր առանձին նկատառումներով, այդ թվում նաև փոխադարձ զսպման և վարքագծի վերահսկողության:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ