Վահե Հակոբյանը 5 տարի գրանցված է եղել ՊՈԱԿ-ում, բայց ընդամենը 3 ամիս է հաճախել աշխատանքի

ԱԺ-ն շարունակում է մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընդդիմադիր Հայաստան խմբակցությունը առաջադրել է Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի թեկնածությունը։

Վերջինիս հարցեր տալու համար հերթագրված պատգամավորներն ի թիվս այլ հարցերի հետաքրքրվեցին նաև Հակոբյանի կենսագրության մեջ տեղ գտած որոշ ուշագրավ դրվագներից։ Մասնավորապես, հանրությանը պարզ դարձավ, որ Հակոբյանը, զբաղեցնելով բարձր պաշտոններ Քրոմմիմեթիլթրեյնինգ ՓԲԸ-ում և ԶՊՄԿ-ում, 1/4 դրույքով աշխատել է նաև նախագահականի հայտնի ՊՈԱԿ-ում։

Հակոբյանն իր հերթին ասաց, որ ՊՈԱԿ-ում եղել է շատ կարճ, մոտ 3 ամիս, և դա պայմանավորված էր նրանով, որ պիտի ընկերներին օգներ, դրա համար էր այդ դրույքը։ Աղաջանյանի դիտարկմանը, որ կենսագրականից հայտնի է դառնում, որ ՊՈԱԿ-ում աշխատել է 5 տարի, Հակոբյանը պատասխանեց, որ հնարավոր է՝ ինքը շփոթում է և ՊՈԱԿ-ում գրանցված է մնացել այդ դրույքով։

Թերևս տարօրինակ է կարծել, որ ուղղաթիռով աշխատանքի գնացող Հակոբյանի համար խիստ անհրաժետշտություն էր հանդիսանում նվազագույն աշխատավարձի չափով գումարը, այն դեպքում, երբ դու հանդիսանում ես հանքի բաժնետեր։ Հակոբյանի հաստատումից արձանագրվեց, որ վերջինս 5 տարի գրանցված է եղել նախագահականի ՊՈԱԿ-ում, բայց դրանից միայն 3 ամիսն է գնացել աշխատանքի: Թե ինչու է Հակոբյանը 5 տարի գրանցված մնացել ՊՈԱԿ-ում՝ չգնալով աշխատանքի ու անգամ՝ իր իսկ ասելով չիմանալով այդ մասին, դա հարցի մյուս կողմ է։

Այստեղ կարևորն այն համակարգի նկարագիրն է, որի կարկառուն ներկայացուցիչներն այսօր վերարտադրվելու փորձեր են անում՝ խոսելով բարոյական արժեքներից ու կառավարչական փորձից։ Միամտություն կլինի կարծել, որ Հակոբյանի դեպքը միակն է ու որ համակարգում նման օրինակներ այլ տեղերում չեն կրկնվել։ Ստացվում է, որ բազմաթիվ երիտասարդ կադրեր զրկված են եղել մասնագիտական գործունեություն ծավալալելու հնարավորությունից, քանի որ պետական հաստիքները եղել են բաժանված միայն իշխանամերձ շրջանակների միջև կամ էլ ազատ հաստիքներ չեն եղել, քանի որ կամա թե ակամա դրանք զբաղեցվել են «վահեհակոբյանների» կողմից, ովքեր նույնիսկ չեն իմացել, որ գրանցված պետաշխատողներ են ու որ ոչինչ չանելու դիմաց պետությունից աշխատավարձեր են ստացել։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետարանում Հաշվեքննիչ պալատի իրականացրած ստուգումները պարզել են, որ նախկին մարզպետ Վահե Հակոբյանը 2017-ից 2018 թվականն ընկած ժամանակահատվածում աշխատանքի չհաճախելով՝ աշխատավարձ է ստացել։ Նախկին մարզպետի փաստաբանն ընդունել է, որ հնարավոր է Վահե Հակոբյանը որոշ ժամանակ չի հաճախել աշխատանքի։

Մնում է հուսալ, որ «վահեհակոբյաններն» հետայսու ոչ թե կհոխորտան բարձր ամբիոններից, այլ մեղա կգան իրենց գործած նախկին սխալների համար ու կլծվեն այնպիսի հայրենիքի կառուցմանը, որում տիրող արատավոր բարքերի պատճառով երիտասարդ կադրերը ստիպված չեն լինի արտագաղթել՝ լավագույն ապագայի և մասնագիտական առաջընթացի փնտրտուքով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ