«Մի պապիկ եկավ, ասաց՝ հիվանդանոցում զինվորների մազերը կկտրե՞ս…». լիբանանահայ Գրիգորը դա չնչին փոխհատուցում է համարում

Լիբանանահայ Գրիգոր Չիրիշյանը գրեթե 2 տարի է՝ ինչ տեղափոխվել է Հայաստան: Մասնագիտությամբ վարսահարդար Գրիգորը հստակ որոշել է՝ հիմնական ապրելու եւ արարելու է հայրենիքում: «2019 թվականին որոշեցի գալ Հայաստան եւ այստեղ իմ արհեստով զբաղվել»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում պատմեց նա:

Լիբանանահայ երիտասարդն աշխատում է Երեւանի վարասավիրանոցներից մեկում: Նրա գալուց ընդամենը ամիսներ անց մեր երկրում սկսվեց կորոնավիրուսի համավարակը, ապա նաեւ պատերազմը: Գրիգորն ասում է՝ դժվար օրեր էին Հայաստանի համար, որի ժամանակ ինքն էլ էր փորձում իր թեկուզ չնչին օգնությունը ցուցաբերել պատերազմի հետեւանքով տուժած անձնանց եւ առհասարակ իր հայրենակիցներին:

«Պատերազմի ելքից հետո երեւի մեկ ամիս էր անցել, մի պապիկ մտավ վարսավիրանոց, հարցրեց՝ զինվորների մազերը հիվանդանոցում կտրելու համար ինչքա՞ն գումար կվերցնես: Ասացի՝ ոչ մի փող: Զարմացավ ու ասաց՝ դե արի հենց հիմա էլ գնանք: Մեծ սիրով համաձայնեցի, հավաքեցի անհարժեշտ իրերս ու գնացինք»,- պատմեց վարսահարդարը:

Այդ օրը խնդրանքով իրեն դիմած պապիկի հետ Գիրգորը գնացել է բժշկական կենտրոններից մեկը, կտրել է զինվորներից մեկի մազերը, որին բժիշկները պատրաստվում էին վիրահատել: Գրիգորն ավելի ուշ է իմացել, որ երիտասարդը պետք է վիրահատվեր: Խոստովանում է կրկնակի թեթեւություն եւ ուրախություն է զգացել, երբ իմացել է, որ անհարժեշտ ժամին է տեղում եղել:

«Պարզվում է պապին ինձնից առաջ այդ օրն այլ վարսավիրների էլ էր դիմել, իհարկե՝ չեմ ուզում ասել, ովքեր են կամ ինչ: Նրանք ասել են՝ թող մի քանի զինվոր հավաքվեն, կգնանք միանգամից բոլորի մազերը կսարքենք, չենք կարող ամեն մեկի համար գործը թողնել ու գնալ»,-պատմեց Գրիգորը:

Վիրավոր զինծառայողների մազերը կտրելու համար նա հետագայում էլ այցելել է հիվանդանոց:

Ասում է՝ եղել են օրեր, երբ երկու զինվոր է մազերը կտրելու կարիք ունեցել, պատահել է՝ 8 եւ ավելի: Այդպես մոտավորապես 1 ամիս կամ մի քիչ ավելի երկար ժամանակ նա պարբերաբար իրեն դիմած պապիկի հետ գնացել է բժշկակական կենտրոն:

Երիտասարդն ասում է՝ չնայած մեծ սիրով ու երախտագիտության զգացումով է ամեն անգամ գնացել հիվանդանոց տղաներին իր փոքրիկ աջակցութությունը ցուցաբերելու, բայց առաջին մի քանի օրերեը շատ ծանր են եղել նրա համար: «Այն ինչ տեսա այդ օրերին, երբեք չեմ մոռանա: Ամեն ինչ ե՛ւ շատ տխրեցնող էր, ե՛ւ հավատ ու լավատես լինելու ուժ էր տալիս: Մի տղա կար, կորցրել էր ե՛ւ ձեռքերը, ե՛ւ ոտքերը, եղբայրն էր օգնում, որ նրան թեքեմ աջ կամ ձախ: Տղան տխուր էր, բայց ասում էր՝ փառք եմ տալիս Աստծուն, որ գոնե ողջ եմ, ապրում եմ, զգում եմ»,-պատմեց Գրիգոր Չիրիշյանը:

Երիտասարդն ասում է՝ այնպես չէ որ գնում էր հիվանդանոց արագ գործն ավարտում ու վերադառնում. «Շփվում էի տղաների հետ, իրենց հարազատենրի հետ էի խոսում»:

Գրիգորն այստեղ միայնակ է ապրում: Վարձակալած բնակարանում, ասում է՝ կարողանում է այնքան վաստակել, որ իր հոգսերը հոգա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ