Ինչպես պատրաստել Վարդավառի տոնի սեղանը և ինչ ուտելիքներով այն զարդարել

Վարդավառը (Քրիստոսի պայծառակերպության տոնը) հայկական ամենահայտնի և ուրախ տոներից մեկն է։ Այն նաև Հայ Առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից է։

Հնում այս օրը հայկական ընտանիքներում տոնական սեղան էր բացվում ու մատուցվում հենց այս օրվա համար նախատեսված ճաշատեսակները։

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ անդամ, խոհարար Աննա Մաթևոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է, որ Վարդավառը Հայաստանի տարբեր շրջաններում տարբեր կերպ էին տոնում։

«Հնում Վարդավառի տոնին ընդունված էր միմյանց հյուր գնալ ինչպես Ամանորին։ Ամենաուրախ մասից` ջրոցիից հետո, տանտիրուհիները սեղան էին գցում», – պատմում է Մաթևոսյանը։

Նախքան Վարդավառը հավատացյալներն այսպես կոչված խնձորի պաս էին պահում, այսինքն` ընդհուպ մինչ այդ օրը այդ մրգի վրա արգելք էր դրված։ Իսկ Վարդավառի տոնական ուտեստները պետք է պատրաստված լինեին հենց խնձորով` խորհրդանշելով պասի ավարտը։ Ընդունված էր նաև գառ մորթելն ու դրանից խաշլամա կամ խորոված պատրաստելը։

Լցոնած խնձորներ
Հայտնի ավանդական աղանդերներից մեկը, որը սովորաբար հայ կանայք պատրաստում են Վարդավառին` լցոնած խնձորն է։ Որոշ տվյալներով` այս բաղադրատոմսը դարձել է Եվրոպայում հայտնի մի ճաշատեսակի «նախատիպը»` դարչինով և մեղրով խնձորի, որը սովորաբար մատուցվում է պաղպաղակով կամ տաք շոկոլադով։

Այս աղանդերը շատ թեթև և օգտակար է, ինչպես նաև դիետիկ։ Պատրաստման համար անհրաժեշտ է խնձոր, մեխակ, դարչին, շաքարավազ, ընդեղեն, մեղր և գինի։

Սկզբում հանում են խնձորի միջուկը, մանրացնում ընդեղենը։ Խնձորը լցոնում ընդեղենով, ավելացնում մեխակ և շաքարավազ։ Կաթսայի մեջ մի փոքր ջուր լցնում, ավելացնում երկու գդալ շաքարավազ և դարչին։ Կաթսան դնում դանդաղ կրակի վրա և մեջը 15 րոպեով իջեցնում խնձորները մեջը։ Երբ միրգը փափկում է, հանում ենք այն կաթսայից։

Պատրաստում ենք սոուսը. նույն ջրի մեջ ավելացնում մեղր և կարմիր գինի։ Եփում մինչև մածուցիկ խտության գա։ Դնում ենք խնձորներն ափսեի վրա, վրան լցնում սոուսը։ Եթե ավելի քիչ կալորիականության աղանդեր եք ուզում ստանալ, ապա Մաթևոսյանն առաջարկում է պարզապես խնձորը խորովածի նման եփել կրակի վրա։

Նազուկ
Այս աղանդերը գաթա է հիշեցնում և շատ մեծ տարածում ունի մինչ օրս։ Մաթևոսյանի խոսքով` այն ևս պարտադիր պատրաստում են տոնական սեղանին մատուցելու համար, սակայն ի տարբերություն խնձորային աղանդերի, այս մեկը շատ կալորիաներ է պարունակում։ Այն պատրաստելու համար հարում ենք ձուն և շաքարավազը, այնուհետև ավելացնում կարագ և շարունակում հարել։ Մի քիչ կաթ ու համեմունքներ ենք լցնում (դարչին, քրքում, մեխակ), ինչպես նաև մի փոքր ալյուր և խառնում խմորը։

«Անհրաժեշտ է խմորը ծածկել սրբիչով և թողնել մեկ ժամ, որպեսզի այն հանգստանա և բարձրանա», – ասում է Մաթևոսյանը։

Այնուհետև կիսում ենք խմորը, կլոր տեսք տալիս և դնում ջեռոցը։ Հնում աղանդերը պատրաստում էին թոնիրում 20-30 րոպեում։ Նազուկը իր պատրաստման եղանակով շատ է նման հայկական մեկ այլ աղանդերի` տարեհացի։

Ագդակ
Ագդակը գրեթե նույն նազուկն է, պարզապես տապակած։ Այն տապակած խմոր է, որը մատուցվում է մեղրով, շաքարավազով կամ շաքարի փոշիով։ Այս աղանդերը ևս պատրաստում են տոնին ընդառաջ։ Սկզբում հունցում են խմորը` ավելացնելով կաթ, ալյուր, սոդա, ձու։ Թողնում հանգստանա 20-30 րոպե։ Այնուհետև դրանից պատրաստում են գնդեր, որոնք տապակում են կարագով։ Սեղանին մատուցում են վրան մեղր կամ շաքարի փոշի լցնելով։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ