Նոր որոշում է կայացվել պատվաստվելու կարգի հետ կապված

Հայաստանում օգտագործվում է AstraZeneka ընկերության արտադրանքը, որն ընդունելի է ԵՄ երկրների համար՝ հայտարարել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով տարածված լուրերին, թե Հայաստանում AstraZeneka-ով պատվաստվելը խնդիրներ է առաջացնում ԵՄ երկրներ մեկնելու դեպքում:

«Չգիտեմ՝ ինչ ենթադրություններից ելնելով այսպիսի կեղծ լուրեր տարածվեցին, թե կա ինչ-որ մի AstraZeneka, որն ընդունելի է, կա, որը որ ընդունելի չէ: Խնդրում եմ նման ապատեղեկատվություն չտարածել: Հայաստանում օգտագործվում է AstraZeneka ընկերության արտադրանքը, որն ընդունելի է ԵՄ երկրների համար»,- ասաց Ավանեսյանը:

Ավելի վաղ լրագրող Մարկ Գրիգորյանն ահազանգել էր, որ Հայաստանում AstraZeneka-ով պատվաստվելուց հետո փորձել է դրա QR կոդով Նորվեգիա գնալ, սակայն պարզվել է, որ Եվրոպան չի ընդունում այդ կոդը։

«Վերջերս Եվրամիությունն ընդհանուր որոշում կայացրեց, որ Հայաստանից պատվաստումները ևս կդառնան ընդունելի տարբերակ ԵՄ երկրների մուտքի համար: Դրանից հետո ԵՄ ամեն մի երկիր պետք է սկսի ավելի տեխնիկական հատվածի գործընթացը, թե ինչպես պետք է արվի:

Արտաքին գործերի նախարարության հետ աշխատում ենք, որ տարբեր երկրներ ճանաչեն մեր սերտիֆիկատների ֆորմատները: Ոչ միայն իրենք են ճանաչում, այլև մենք: Կխնդրեմ դիմել արտգործնախարարություն, որպեսզի տան տեղեկատվություն, թե որ երկրներն են այս պահին արդեն իսկ հաստատել մեր սերտիֆիկատների տարբերակները, և որոնք են դեռ պրոցեսի մեջ»,- մանրամասնեց Ավանեսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ