Վարդենիկի Իշխանաց վանք սրբավայրը
Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում` համանուն գետի ափին է գտնվում Իշխանաց վանք սրբատեղին: Այս սրբավայրը թվագրվում է 11-13-րդ դարերով: Այն նախկինում եղել է խոշոր եկեղեցի, որը կոչվել է Սնչից Անապատ կամ Սուրբ Մինաս եկեղեցի:
Կոչվել է Իշխանաց վանք կամ Իշխանավանք , քանի որ եկեղեցու բակում է գտնվում իշխան Միրզայի գերեզմանը: Պահպանվել է հին եկեղեցու ավանդատներից մեկը: Գերեզմանի հարակից տարածքում է գտնվում պուրակը, որի մեջ կան 400-ից ավելի խաչքարեր՝ հիմնականում թվագրվող 11-13-րդ դարերով:
Սրբավայրի մասին առաջին տեղեկությունները ստանում ենք Ստեփանոս Օրբելյանի աշխատությունում: Մատենադարանում հայտնաբերված 1669 թվականով թվագրված մի փաստաթղթի համաձայն՝ այն կոչվել է Սուրբ Մինաս: Միջնադարում այն հարկատու է եղել Մաքենյաց վանքին:
Ներկայումս Վանքի պատերի շարվածքներում կան բազմաթիվ խաչքարեր, որոնք ժամանակին օգտագործվել են վանքի պատերը ամրացնելու և այն ներկայիս տեսքին բերելու համար, վերակառուցման դեպքում դրանք պիտի դուրս բերվեն և վանքի բակում կանգնեցվեն:
Տարիների ընթացքում սրբավայրը խոնարհվել է, բայց գյուղի Հազեյան գերդաստանը իր վրա է վերցրել տարածքի մշակութային ժառանգության պահպանությունը, իսկ Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո հանձնվել է Մայր աթոռի պատասխանատվությանը:
Այստեղ շատ են ուխտավորները Գավառից, Սևանից, Արարատի և Արմավիրի շրջաններից: Տիրոջ պայծառակերպության՝ Վարդավառի տոնը, այստեղ յուրահատուկ կերպով է նշվում:
Իշխանավանք սրբավայրի անվան հետ է կապվում ներբանային գորտնուկ կոչվող հիվանդության բուժումը: Վանքի տարածքում է գտնվում նրա վանահայրերից Տեր Մխիթարի գերեզմանը:
Տվյալ հիվանդությամբ ախտահարված հիվանդը, այցելելով Իշխանաց վանք, վերցնում էր Տեր Մխիթարի շիրմաքարի տակի հողը, որով շփում էր իր մարմնի ախտահարված հատվածը, որից հետո լիարժեք առողջանում է։
Նյութի աղբյուր՝ Հայաստանի Մատուռներ