Ի՞նչ են սովորաբար զգում ինֆարկտի եզրին գտնվող պացիենտները

Սրտամկանի ինֆարկտը միշտ չէ, որ ուղեկցվում է ցավով եւ դեպքերի մոտ 30 տոկոսում կարող է որեւէ զգացողություն չլինել կրծքավանդակում: Այս մասին պատմել է սրտաբան Վլադիմիր Գլագոլեւը։

«Ավելին, հայտնի են դեպքեր, երբ ինֆարկտով պացիենտները բողոքել են ձեռքի, պարանոցի, ատամների, որովայնի, ականջի կամ մեջքի ցավից»,- «Դոկտոր Պիտեր» պորտալի հետ զրույցում ասել է Գլագոլեւը:

Նրա խոսքով՝ կրծքավանդակի ցավը միշտ չէ, որ կապված է հնարավոր ինֆարկտի հետ: Այն կարող է առաջանալ նաեւ ողնաշարի, կերակրափողի, աորտայի, պլեւրայի, թոքերի հիվանդություններից: Հետեւաբար, մասնագետը խորհուրդ է տալիս նման դեպքերում անպայման դիմել բժշկի՝ անհանգստության պատճառը պարզելու համար:

«Եթե մենք խոսում ենք հենց սրտամկանի ինֆարկտի մասին, ապա կան մի շարք առանձնահատկություններ, որոնք պետք է իմանալ: Սրտամկանի ինֆարկտի դեպքում կրծքավանդակի ցավերը կարող են ուղեկցվել շնչարգելությամբ, սառը քրտինքով, երբեմն մահվան վախի զգացումով եւ հնարավոր է նույնիսկ գիտակցության կորուստ»,- նշել է Գլագոլեւը:

Ինֆարկտի զարգացման ռիսկը նվազեցնելու համար մասնագետը խորհուրդ է տվել պահպանել առողջ ապրելակերպ, հրաժարվել ծխելուց, հետեւել արյան ճնշման ցուցանիշներին, արյան մեջ շաքարի եւ խոլեստերինի մակարդակին, ինչպես նաեւ կանխարգելիչ զննումներ անցնել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ