Առողջ սնունդ, առողջ նախաճաշ. Պարենի համաշխարհային ծրագիրը երեխաներին խրախուսում է նախաճաշել

Առողջ նախաճաշի անհրաժեշտությունն ընդգծելու նպատակով Միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագիրն (WFP) իրականացնում է «Այս օրը քոնն է» արշավը։

Ծրագրի պիլոտային փուլի համար ընտրվել են Կոտայքի մարզի 4 համայնքի 1-4-րդ դասարանցիներ, որոնք առաջիկա շաբաթների ընթացքում պետք է սննդային սովորությունների փոփոխություն գրանցեն։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ծրագրի համակարգող Վարդանուշ Պետրոսյանն ասաց, որ իրենց թիրախում երեխաներն ու ծնողներն են: Նպատակ ունեն փոխել վերջիններիս սննդային սովորությունները, որովհետև սնունդը խոսում է վարքագծի մասին:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը մեծ հետազոտություն է իրականացրել Հայաստանում և հայտնաբերել հիմնական ոչ առողջ սովորությունները, որոնք են՝ շաքարի և աղի շատ օգտագործումը, ջուր չխմելը, սպիտակ ալյուրային սննդամթերք օգտագործելը, չնախաճաշելը, ձեռքերը չլվանալը և այլն:

«Արշավը չի կարող միանգամից հինգ թիրախ ունենալ և ուղղված կլինի միայն մեկին, որպեսզի ապահովվի արդյունավետությունը: Ընտրվել է առողջ նախաճաշերի ուղղությունը: Մեր նպատակը ՀՀ-ում առողջ նախաճաշ օգտագործողների թիվը բարձրացնելն է»,- շեշտեց ծրագրի համակարգողը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է պիլոտային արշավը մեկնարկում Կոտայքի մարզում՝ Պետրոսյանը նշեց, որ նախապատրաստական աշխատանքները սկսվել են ծանր, դժվար ժամանակներում՝ պատերազմական, հետպատերազմական շրջանում, երբ ամենամոտ ու ապահով մարզը Կոտայքն էր:

Ծրագրի շրջանակում երեխաներին նախաճաշի համար օրագիր է հատկացվում, որտեղ նրանք ամեն օր ֆիքսում են իրենց արդյունքները:

«Աշխատում ենք ուսուցիչների, ծնողների հետ, սովորեցնում, թե ինչ կետերի վրա է անհրաժեշտ ուշադրություն դարձնել: Բացի այդ, երեխաներին խաղերի ձևով ենք ներկայացնում նախաճաշի դրական կողմերը, օգուտները և այն առողջ բաղադրիչները, որոնք պետք է նախաճաշի մաս լինեն»,- ասաց Վարդանուշ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ երեխաներին ոգևորում են, որ նախաճաշեն, որովհետև դա էներգիա է տալիս ամբողջ օրվա համար, իսկ ծնողներին ոգևորում են երեխաների համար նախաճաշ պատրաստել և նախաճաշել նրանց հետ՝ օրինակ ծառայելով:

Նախատեսում են նաև ծնողների համար բացօթյա միջոցառումներ կազմակերպել՝ մայրերին առողջ ու հետաքրքիր բաղադրատոմսեր ներկայացնելու համար:

«Եթե ծրագիրը հաջողի, այն կանցկացվի ամբողջ Հայաստանում»,-եզրափակեց Վարդանուշ Պետրոսյանը:

Արշավի շրջանակում դպրոցում ինտերակտիվ խաղեր, ներկայացումներ կլինեն, որոնք կհանրահռչակեն առողջ նախաճաշի գաղափարը, ընտանիքներից կհավաքագրվեն առողջ նախաճաշի բաղադրատոմսեր, որոնք էլ արշավի ընթացքում կհրապարակվեն առանձին գրքով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ