Արժեհամակարգային հեղափոխության հրամայականը

Հանրության շրջանում լայն արձագանք է գտել ապրիլի 11-ին տեղի ունեցած շքեղ հարսանյաց արարողություն:

Ամուսնացել է Գագիկ Ծառուկյանի ավագ որդին: Ծառուկյանը կազմակերպել է իր շքեղությամբ «դարի հարսանիք», ինչն էլ դարձել է հանրային մեծ քննարկումների առարկա, թե որքանով է հարիր պետության, հանրության ներկայիս ծանր իրավիճակում այդօրինակ շքեղության ցուցադրումը, սգակիր հազարավոր քաղաքացիների առկայության պայմաններում այդօրինակ ճոխությունն ու հրավառությունը:

Երջանկություն, իհարկե, նորապսակներին, բայց հանրային արձագանքը, մեղմ ասած, ունի օբյեկտիվ հիմքեր, հատկապես եթե նկատի առնենք այն իրողությունը, որ Գագիկ Ծառուկյանն ու նրա քաղաքական կուսակցության ակտիվիստները, պատգամավորները տարբեր ամբիոններից տարատեսակ բարոյախրատական ելույթներ են ունենում ազգի, ժողովրդի, պետության ներկայիս ծանր վիճակի, դրան հարիր մտածողության, վարքագծի և այլնի մասին: Շքեղագույն հարսանիքը այդ պարագայում, մեղմ ասած, որևէ կերպ չի համադրվում բարոյախրատական այդ ելույթներին:

Եթե Գագիկ Ծառուկյանը չլիներ քաղաքական ուժի ղեկավար, եթե չլինեին նրա ուժի այդ բարոյախրատական ելույթները, հանրային արձագանքը վստահաբար կլիներ ավելի մեղմ, թեև անշուշտ կլիներ նաև այդ դեպքում: Որովհետև այստեղ, իհարկե, խնդիրը միայն քաղաքական իրողությունների հետ համեմատությունը կամ համադրումը չէ, այլ ավելի խորը՝ արժեհամակարգային: Ըստ այդմ՝ անգամ պատերազմից առաջ, տարիներ առաջ, ըստ էության միշտ, երբ որևէ կերպ որևէ մեծահարուստ դրսևորել է այդպիսի շքեղություն ու ճոխություն, արժանացել է հանրային բացասական գնահատականի, որովհետև մեր հանրության շրջանում մշտապես եղել է սոցիալական արդարության խնդիրը: Նկատենք, արդարության, ոչ թե հավասարության: Հանրությունը եղել է սոցիալական արդարության կարոտ, սակայն տնտեսաքաղաքական վերնախավը իր վարքագծով գտնվել է բացարձակապես այլ տիրույթում:

Այդ իմաստով խնդիրը հարսանիքը չէ: Խնդիրը առանձին վերցրած հարսանիքները չեն: Խնդիրը այն կենսակերպն ու արժեհամակարգային միջավայրն է, որ հանրությունից երբեք չի էլ թաքցրել Հայաստանում կառավարած տնտեսաքաղաքական վերնախավը: Գագիկ Ծառուկյանը դրա մեկ ներկայացուցիչ է, ընդամենը: Ընդ որում, արժեհամակարգային այդ դաշտում ոչ միայն խոշոր կապիտալիստներն են, այլ նաև նույն սոցիալական արդարության մասին խոսող հանրության շատ ներկայացուցիչներ, որոնց համար խնդիրը արժեքների դաշտում չէ, այլ հնարավորությունների, և դրանք լինելու դեպքում հավասարապես կանեին նույնը:

Այլ կերպ ասած՝ հերթական անգամ բոլորն ականատես են դառնում արժեհամակարգային ճգնաժամի, քաղաքակրթական ճգնաժամի, որում գտնվում ենք մենք՝ որպես հանրություն ու պետություն: Այդ ճգնաժամի սկիզբը պատերազմը չէ, այդ ճգնաժամը ունի շատ ավելի խորքային արմատներ ու պատճառներ, ըստ այդմ՝ հաղթահարման շատ ավելի բարդ ու համառ ճանապարհ: Այդ ճգնաժամն արտահայտվում է Մոնումենտի անտառի տեղում կառուցված դղյակներով, որոնք խոյացել են տարիներ շարունակ, այդ ճգնաժամն արտահայտվում է պետության նախկին նախագահի թանկարժեք որսորդությամբ և սպանված առյուծների հետ լուսանկարներով, այդ ճգնաժամն արտահայտվել և արտահայտվում է գրեթե ամենուրեք, ամեն քայլափոխի՝ հեռուստասերիալներից մինչև իրական կյանք: Մեծ հաշվով այստեղ է նաև թավշյա հեղափոխության խորքային խնդիրներից մեկը: Այն, որ այդ հեղափոխությունն էլ չուներ մեծ հաշվով արժեհամակարգային և քաղաքակրթական խորքային հիմք և առավելապես իրավիճակային զարգացում էր:

Հայաստանում շարունակում է հրատապ լինել արժեհամակարգային ռևոլյուցիայի խնդիրը, որը, սակայն, ըստ երեույթին հնարավոր է իրականացնել էվոլյուցիոն համառությամբ և համբերատարությամբ, բայց պետք է իրականացնել, եթե մենք մտածում ենք հայկական պետականության ապագայի մասին:

Նյութի աղբյուր ՝ Առաջին Լրատվական

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ