«Աստղիկ» բժշկական կենտրոնում գողության դեպքերը դառնում են «ավանդույթ». ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնում գողության դեպքեր են արձանագրվել, որոնց մասին հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը հրահանգել է, որպեսզի իրավապահներին չհայտնեն, մինչդեռ այդ ամենի արդյունքում գողը կամ գողերն ավելի անկաշկանդ են գործում ու շարունակում են իրենց սև գործն անել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ապրիլի 7-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Վանթյան փողոցում գործող «Աստղիկ» բժշկական կենտրոնի մոտից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել 61-ամյա Ռազմիկ Սուքիասյանին։

Պարզվել է, որ մարտ ամսին նա նշված բժշկական կենտրոնի միջանցքի սեղանի վրայից գողացել է բջջային հեռախոս։ Մալաթիայի ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ տուժած քաղաքացու ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված բժշկական կենտրոնի վերաբերյալ մեկ այլ գործ է քննվում ոստիկանության Մալաթիայի հետաքննչական բաժանմունքում և, ըստ նյութերի, հիվանդանոցի աշխատակցուհին հիվանդներից, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացուց, հափշտակել է գումար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •