Գիտնականները նշել են սրտանոթային հիվանդությունների կանխարգելման ամենապարզ միջոցը

Մաքմաստերի համալսարանի գիտնականների գլխավորած մի քանի խոշոր հետազոտությունները ցույց են տվել, որ կանոնավոր յուղոտ ձկնատեսակների գործածությունը կարող է օգնել կանխել սրտանոթային հիվանդությունների զարգացումը ռիսկային խմբում գտնվող, օրինակ՝ արդեն իսկ սրտանոթային որոշակի խնդիրներ ունեցող մարդկանց մոտ։ Հետազոտություններին, որոնց վերջնական արդյունքը հրապարակվել է JAMA Internal Medicine պարբերականում, մասնակցել են կամավորներ ավելի քան 60 երկրից։

Գիտնականները պարզել են, որ բարձր ռիսկային խմբում գտնվողների շրջանում սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացման հավանականությունը նվազում է մոտ 1/6-ով, եթե մարդը շաբաթական երկու բաժին օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ ձուկ է ուտում։ Ընդ որում՝ գիտնականները նկատել են, որ յուղոտ ձկնատեսակների գործածությունը որևէ դրական ազդեցություն չի ունենում սրտանոթային հիվանդություններ չունեցող մարդկանց մոտ։

Հետազոտության արդյունքները հիմնվել են չորս հետազոտության մասնակցած շուրջ 192 հազար մարդու տվյալների վրա։ Ընդ որում՝ մասնակիցներից 52 հազարի մոտ առկա են եղել սրտանոթային հիվանդություններ։ Սա նմանատիպ միակ հետազոտությունն է, որը ներառել է բոլոր հինգ մայրցամաքների բնակիչներին, ուստի համարվում է խոշորագույնը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ