Գիտնականները պարզել են, որ չիլի պղպեղի կանոնավոր օգտագործումը մեկ քառորդով նվազեցնում է մահվան վտանգը, հաղորդում է РИА Новости գործակալությունը։ Հետազոտությունը կատարել են Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայում։
Մասնագետներն ուսումնասիրել են ավելի քան 570 հազար մարդու առողջության և սնվելու վերաբերյալ տվյալները ԱՄՆ-ում, Իտալիայում, Չինաստանում և Իրանում, որպեսզի վերլուծեն ուտելու սովորությունների ազդեցությունը տարբեր հիվանդությունների և մահվան վրա:
Պարզվել է, որ իրենց սննդակարգում միշտ չիլի պղպեղ օգտագործող մարդկանց մոտ սրտանոթային հիվանդություններից մահանալու հավանականությունը նվազում է 26 %-ով, իսկ քաղցկեղից մահանալու հնարավորությունը՝ 23 %-ով: Ընդհանուր առմամբ, մահվան ռիսկը, անկախ պատճառներից, 25 %-ով ցածր է եղել:
Աշխատության հեղինակները ենթադրում են, որ ստացված արդյունքները կարելի է բացատրել տվյալ սննդամթերքի յուրահատուկ հատկություններով՝ հակաբորբոքային, հակաօքսիդիչ, հակաուռուցքային ազդեցությամբ և արյան մեջ գլյուկոզայի մակարդակը կարգավորելու ունակությամբ:
Միևնույն ժամանակ, գիտնականները նշում են, որ ապագայում անհրաժեշտ կլինեն լրացուցիչ հետազոտություններ, որոնք կօգնեն սահմանել չիլի պղպեղի օգտագործման այնպիսի նորմա, որը դրական ազդեցություն կթողնի օրգանիզմի վրա: