Յոդի դեֆիցիտը ցույց տվող 5 լրացուցիչ ախտանշան

Վզի առջեւի հատվածի այտուցվածությունը, քաշի ավելացումը, հոգնածությունը, մազաթափությունը եւ մաշկի չորությունն ու թեփոտումը կարող են ցույց տալ օրգանիզմում յոդի պակասը: Բայց դրանք այս խնդրի ամենեւին միակ ախտանշանները չեն: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 լրացուցիչ ախտանշան, որ կարող են ցույց տալ յոդի դեֆիցիտը:

Դաշտանային ցիկլի խանգարում

Առատ կամ հակառակը՝ սակավ ամսեկանները կարող են լինել ամենատարբեր խնդիրների հետեւանք, այդ թվում՝ վահանաձեւ գեղձի հորմոնների արտադրման խախտման: Այդ հորմոններն ազդում են սեռական հորմոնների վրա, որոնցից էլ կախված է դաշտանային ցիկլը:

Ցրտի նկատմամբ զգայունության բարձրացում

Եթե մշտապես մրսում եք, սա նույնպես կարող է ցույց տալ վահանաձեւ գեղձի հորմոնների հետ կապված խնդիրները: Յոդի դեֆիցիտը նյութափոխանակությունը դանդաղեցնում է, ինչի հետեւանքով մեծանում է ցրտի նկատմամբ զգայունությունը: Դրանից բացի, վահանաձեւ գեղձի հորմոններն ազդում են ճարպային գորշ հյուսվածքի ակտիվության վրա, որը կարեւոր դեր է կատարում մեր մարմինը «տաքացնելիս»:

Սկսել եք ավելի քիչ քրտնել

Վահանաձեւ գեղձի հորմոններն ազդում են նաեւ քրտնարտադրության կարգավորման վրա, եւ եթե արտադրումը նվազում է, դա նվազեցնում է քրտինքի արտազատումը: Եթե հանկարծ սկսել եք չափազանց հազվադեպ քրտնել, հնարավոր է, որ դա յոդի դեֆիցիտի նշան է:

Հիշողության խնդիրներ

Ավելի քան 1000 մեծահասակ կամավորների մասնակցությամբ հետազոտությունը ցույց է տվել, որ վահանաձեւ գեղձի հորմոնների նորմալ մակարդակով մարդիկ ավելի լավ են սովորում եւ չափազանց հազվադեպ են հիշողության հետ կապված խնդիրներ ունենում՝ նրանց համեմատությամբ, ում մոտ հորմոնների մակարդակը ցածր է: Այս հորմոնների հետ կապված խնդիրները կարող են մարդուն դարձնել ցրված եւ մոռացկոտ:

Հղիության ժամանակ վատ ինքնազգացողություն

Հղի կանայք հաճախ են բախվում յոդի պակասի խնդրին, որը կարող է արտահայտվել այնպիսի ախտանշաններով, ինչպես՝ թուլությունը, հոգնածությունը, սարսուռը: Շատ կարեւոր է խորհրդատվության համար ժամանակին էնդոկրինոլոգին դիմելը, քանի որ ծննդաբերությունից հետո յոդի դեֆիցիտը կարող է բացասաբար ազդել փոքրիկի վրա, քանի որ նորածինները յոդը ստանում են մայրական կաթով: Դրանից բացի, ըստ որոշ տվյալների՝ յոդի դեֆիցիտը զգալիորեն մեծացնում է մեռելածնության հավանականությունը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ