Տանզանիայում անհայտ վարակի պատճառով առնվազն 15 մարդ է մահացել։ Եվս ավելի քան 50-ը հիվանդանոցում են հայտնվել։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով երկրի առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին։
Հիվանդների մոտ առկա է սրտխառնոց, արյան փսխում։
«Այս հիվանդությունը դեռևս լայնորեն տարածված չէ, բռնկումը տեղի է ունեցել միայն վարչական շրջաններից մեկում, որտեղ մարդիկ արյուն են փսխել ու մահացել, եթե ուշ են տեղափոխվել հիվանդանոց»,-ասել է Մբեյա նահանգի Չունյա շրջանի գլխավոր բժիշկ Ֆելիստա Կիսանդուն։
Բժիշկը հավելել է, որ նախնական կլինիկական հետազոտությունը ցույց է տվել, որ հիվանդները, հիմնականում տղամարդիկ, ունեցել են ստամոքսի խոց և լյարդի հիվանդություններ։
Տանզանիայի առողջապահության նախարարը փորձագետների խումբ է ուղարկել տարածաշրջան։ Նշվում է, որ նման բռնկում գրանցվել է նաև 2018-ին։