Լյարդի ֆունկցիայի վատթարացման 5 տարածված պատճառ

Լյարդը կարեւոր դեր է խաղում նյութափոխանակության եւ տոքսիններից օրգանիզմի ազատման գործում, եւ լյարդի խնդիրներն ազդում են ամբողջ օրգանիզմի վրա: FOCUS պարբերականը պատմել է այդ օրգանի աշխատանքի վատթարացման մի քանի տարածված պատճառների մասին:

Վիտամին A կամ B3 պարունակող սննդային հավելումներ

Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ վիտամին A (հատկապես բարձր չափաբաժնով) պարունակող դեղամիջոցները կարող են առաջացնել գլխացավեր, մաշկի գրգռվածություն, ինչպես նաեւ լյարդի խնդիրներ:

Վիտամին B3-ը (նիացին) նույնպես կարող է բացասաբար ազդել լյարդի աշխատանքի վրա երկարաժամկետ պարբերաբար օգտագործման դեպքում: Այդ պատճառով առանց լուրջ անհրաժեշտության վիտամիններն ընդունելը չի խրախուսվում:

Դեղամիջոցներ

Լյարդը կարեւոր դեր է խաղում դեղամիջոցները յուրացնելու գործընթացում, եւ մարդիկ, որոնք պարբերաբար ընդունում են դրանք, առավել հակված են լյարդի խնդիրների առաջացման ռիսկին: Անգամ սովորական պարացետամոլը կարող է վնաս հասցնել լյարդին, նախազգուշացնում են մասնագետները:

Մրգեր

Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ ֆրուկտոզայի չափազանց մեծ քանակությունը նպաստում է լյարդի ճարպակալմանը: Դա նշանակում է, որ անգամ չափազանց շատ մրգեր ուտելը խորհուրդ չի տրվում:

Ճարպակալում

Ճարպի կուտակումը լյարդի հիվանդությունների, անգամ ամենալուրջ եւ մահացու խնդիրների առաջացման եւս մեկ պատճառ է: Մասնագետների խոսքով՝ ամեն ցիրոզը չէ, որ առաջացել է ալկոհոլի չափազանց մեծ քանակություն օգտագործելու հետեւանքով: Այդ պաթոլոգիան ժամանակի ընթացքում կարող է զարգանալ լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման պատճառով, որի ժամանակ այդ օրգանն այտուցվում է եւ պնդանում:

Ալկոհոլ

Ալկոհոլը լյարդի համար ամենավտանգավոր նյութերից մեկն է: Նարկոլոգիայի հարցերով գերմանական կենտրոնական վարչությունը խորհուրդ է տալիս տղամարդկանց օգտագործել առավելագույնն օրական երկու գավաթ գինի կամ գարեջուր (24 գրամ ալկոհոլ): Կանանց համար, որոնց լյարդը շատ ավելի զգայուն է, սահմանաչափ է համարվում տղամարդկանց համար ալկոհոլի թույլատրելի չափաբաժնի կեսը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ