Հայ Եկեղեցու դիրքորոշումներն այս կամ այն հարցի վերաբերյալ ամփոփված են եկեղեցական կանոնագրքում, արտահայտված են նաև տարբեր եկեղեցական հեղինակների կողմից:
Ներկա ժամանակներում, սակայն, երբ ի հայտ են եկել նոր երևույթներ, և նոր պայմանների մեջ է ընթանում քրիստոնեական կյանքը, արդիական հարցերին անդրադարձ է կատարվում Եկեղեցիների կողմից հրապարակվող համապատասխան պաշտոնական փաստաթղթերով, որպիսիք լայնորեն կիրառում է Կաթոլիկ Եկեղեցին, և հատկապես սոցիալական հայեցակարգով, որը Հայ Առաքելական Եկեղեցին դեռ չունի:
Սակայն նման արդիական հարցերին պարբերաբար անդրադառնում են առանձին եկեղեցականներ, ժողովական մարմիններ, որով հստակեցվում է Եկեղեցու դիրքորոշումը:
Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականներից յոգայի վերաբերյալ մանրակրկիտ ուսումնասիրություն է կատարել Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Այդ ուսումնասիրության վերնագիրն է «Ես եմ ճանապարհը. քրիստոնեության և յոգայի, թեոսոֆիայի, անթրոպոսոֆիայի աստվածճանաչողական համակարգերի ընդհանուր ուրվագծեր և քննական-համեմատական տեսություն»: Այն հրատարակվել է դեռևս Պարգև Սրբազանի եպիսկոպոսության ժամանակ «Գանձասար» աստվածաբանական կենտրոնի կողմից:
Աշխատության հիմքում ընկած է Սրբազան Հոր ծայրագույն վարդապետական թեզը: Գրքի սկզբում Պարգև Սրբազանը գրում է. «Յուրաքանչյուր Եկեղեցի ունի իր ավանդությունը, հոգևոր խնդիրների քննության և լուծման իր ուրույն մոտեցումները: Եվ որևէ ուսմունք, որ փորձում է արմատավորվել մեր հայրենիքում, պետք է մանրազնին քննության ենթարկվի Հայ Առաքելական Եկեղեցու վարդապետության տեսանկյունից և ներկայացվի մեր ժողովրդին, որպեսզի անտեղյակությունը պատճառ չդառնա շեղման և օտարամոլության:
…Հուսով ենք, որ այս գիրքը նոր լույս կսփռի նրանց գիտակցության վրա, ովքեր, անտեղյակ լինելով քրիստոնեական աստվածճանաչողությանը, չեն պատկերացնում, թե ինչպիսի անդունդ է բաժանում քրիստոնեությունը ոչ քրիստոնեական խորհրդապաշտական ուսմունքներից»:
Պարգև Սրբազանը ևս նշում է յոգայի հիմնված լինելը հնդկական կրոնափիլիսոփայական ուսմունքների, վերամարմնավորման գաղափարի վրա: Ըստ այդմ` յոգայի նպատակը ես-ի բազմաթիվ մարմնացումների` սանսարայի կամ սամսարայի (սանսկրիտերենից թարգմանաբար նշանակում է թափառում, շրջագայում) շրջանակներից դուրս գալն է, ինչն իրագործվում է գործնական յոգայի վերջին փուլում` սամադհիում, աստվածային Ես-ի հայեցողությամբ:
Բավականին տարբեր են հոգու մասին քրիստոնեության և յոգայի ուսմունքները: Յոգայի փիլիսոփայությունն ուսուցանում է, որ հոգին` սանսկրիտերենով` ատմանը, լինելով միակ իրականությունը, գտնվում է ամենուրեք և ամեն ինչում, բայց ոչ իբրև առանձին մասնիկ: Եթե յուրաքանչյուր մարդու պատկերացնենք որպես ուլունքի հատիկ, ապա հոգին այն ոսկե շղթան է, որի վրա հագցված են այդ ուլունքները, այն գտնվում է հատիկներից յուրաքանչյուրի մեջ և անցնում է բոլորի միջով:
Տարբերություններն ակնհայտ են նաև մարդու մարմնի մասին ուսմունքում: Յոգայի փիլիսոփայության համաձայն` մարդը բաղկացած է յոթ սկիզբներից՝ ճշմարիտ Եսը հոգին է, իսկ մնացած վեց սկիզբները հոգու դրսևորումներն են ստորին ոլորտներում: Մարդու յոթ սկիզբներն են` ֆիզիկական մարմին, աստրալ մարմին, կենսական ուժ, բնազդային միտք, խելամտություն, հոգևոր միտք, հոգի:
Քրիստոնեական վարդապետության հետ համեմատած` լուրջ հակասություն կա աստվածային ներազդեցության տեսակետի շուրջ: Ըստ յոգայի` բարձր ներշնչումները, տեսիլքները, աստվածային հայտնությունները, որոնք հաճախ վերագրվում են արտաքին ազդեցությանը, հիմնականում մարդու մեջ գտնվող և նրա հետ խոսող գերագույն Ես-ի ձայնն է: Հոգևոր մտքի գոյության մասին իմանալով` մարդն ըմբռնում է նրա ներշնչանքներն ու ցուցումները, և երբ վստահում է հոգուն, այն պատասխանում է` առաքելով պայծառատեսության և լուսավորության հաճախակի շողարձակումներ:
Մինչ քրիստոնեության մեջ ուսուցանվում է Սուրբ Հոգուց հեղվող աստվածային շնորհների, մարդու հոգևոր կյանքում գերբնական ազդեցության ու նախախնամության մասին, յոգայի փիլիսոփայությամբ այս ամենն ամփոփվում է միայն մարդու մեջ` որպես մարդու հոգուց իրեն եկող, այսինքն` մարդկային անձից ինքն իրեն տրվող զորություն: Այսպիսով, հոգևոր կյանքում աստվածակենտրոնությունը փոխարինվում է մարդակենտրոնությամբ, ավելի ճիշտ` անձնակենտրոնությամբ կամ ինքնակենտրոնությամբ:
Յոգայի ուսմունքի մարդակազմության պատկերացմանը հատուկ է աուրայի հասկացությունը, ըստ որի` զարգացած հոգեկան տեսողություն ունեցող անձերը կարողանում են տեսնել մարդու աուրան, որը նրան ձվաձև պարուրող լուսե ամպն է, և որի տարբեր գույները հուշում են տվյալ մարդու հատկությունների մասին:
Քրիստոնեության և յոգայի ու նմանատիպ խորհրդապաշտական ուսմունքների արմատական տարբերությունը հետևյալն է. քրիստոնեության մեջ Աստված անձ է, մարդուն խնամող, փրկող, մինչդեռ խորհրդապաշտական ուսմունքներում Աստված գրեթե միշտ անանձ է և կրավորական` մարդու հանդեպ: Տիեզերքը ոչ թե Աստծո արարչությունն է, այլ սոսկ Նրա հեղումը` էմանացիան, իսկ մարդն իր էությամբ անմահ է, քանի որ նրա ես-ը համագո է Աստծուն:
Ըստ քրիստոնեության` տիեզերքն Աստծո արարչագործությունն է, մարդն ունի առանձին անմահ հոգի և ոչ թե հոգին բոլորի համար մեկ է և անցնում է բոլորի միջով: Մարդը կամ նրա ես-ը համագո չեն Աստծուն, այլ մարդն Աստծո արարչագործության պսակն է: Յոգայի ուսմունքը շեշտում է մարդու բազմակի մարմնավորումները, ինչը միանգամայն մերժելի է քրիստոնեության կողմից:
Տրամաբանական անիմաստություն է երևում յոգայի և հինդուիստական նման ուսմունքներում: Եթե մարդիկ Աստծո մասնիկներն են, որ պատվում են տարբեր մարմիններով, ուրեմն մարդ գոյություն չունի, այլ գոյություն ունի Աստված` իր տարբեր մասնիկներով, որով և մարդկային աստվածճանաչողությունը դառնում է այդ ենթադրյալ աստծո կողմից ինքնաճանաչողություն, իսկ փրկությունը` ինքնափրկություն:
Ոչ քրիստոնեական խորհրդապաշտության մեջ գործուն է մարդը, և պասիվ է աստված. մարդն իր փրկությունը կարող է ձեռք բերել իր հոգեմտավոր գործողություններով ու փորձառությամբ, չնայած որ այդ փրկությունը, վերոնշյալ դատողության համաձայն, աստվածային ինքնափրկություն է: Յոգայի ուսմունքի մեջ գործնական և կենտրոնական տեղում մարդն է: Այսպես մտածողների մասին է ասում Պողոս առաքյալը. «Եվ անեղծն Աստծու փառքը փոխեցին` այն նմանեցնելով մարդու եղծելի պատկերի» :