Ֆիզիկոսները ստացել են նյութի նոր վիճակ

Ֆիզիկոսները քվազիմասնիկների միջոցով ստեղծել են նյութի նոր վիճակ, որը կոչվում է տարածական-ժամանակային բյուրեղ, և ուսումնասիրել են, թե ինչպես է այս վիճակում գտնվող նյութը փոխազդում այլ քվազիմասնիկների հետ: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ հետազոտության արդյունքները հրապարակված են Physical Review Letters ամսագրում:

Գերմանիայի և Լեհաստանի գիտնականները՝ Մաքս Պլանկի Ինտելեկտուալ համակարգերի ինստիտուտից Յոահիմ Գրեֆեի ղեկավարությամբ, հայտնաբերել են, որ էլեկտրոնային սպինային ալիքները խտանալիս առաջացնում են նյութի նոր էկզոտիկ վիճակ, որն ունի կրկնվող պատկեր ինչպես տարածության, այնպես էլ ժամանակի մեջ:

Ճիշտ այնպես, ինչպես սովորական բյուրեղներում խախտված է տարածության համաչափությունը, տարածական-ժամանակային բյուրեղն իրենից ներկայացնում է փոփոխվող ֆիզիկական համակարգ, որում համաչափությունը խախտված է նաև ժամանակի նկատմամբ:

Տարածական-ժամանակային բյուրեղներ կոչվող կառուցվածքներ առաջին անգամ փորձարարական ճանապարհով ստացել են դեռ 2017 թվականին։

Գրաֆեն և նրա գործընկերները ստեղծել են իրենց տարածական-ժամանակային բյուրեղը՝ սենյակային ջերմաստիճանում ռադիոհաճախական դաշտ կիրառելով նիկելի և երկաթի համաձուլվածքի միկրոմետրային շերտի վրա: Դաշտը գրգռել է մագնոնները, որոնք ձևավորել են դինամիկ տարածական կաղապար: Հեղինակները դա համեմատում են բիլիարդի սեղանի վրա գնդակների դասավորվածության հետ, եթե բիլիարդի գնդակները ցրվելուց հետո բազմիցս վերադառնան իրենց նախնական հավաքված վիճակին:

Հետազոտողների պնդմամբ՝ ժամանակային-տարածական բյուրեղը հեշտությամբ վերակոնֆիգուրացնելու հնարավորությունը՝ զուգորդված սենյակային ջերմաստիճանում դրա աշխատանքի հետ, սարքը դարձնում է հարմար հարթակ մագնոնի վրա հիմնված տեղեկատվական տեխնոլոգիաների համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ