Թե ինչպես հայ երկրպագուն՝ Հարութը, Նատալյա Օրեյրոյին հայերեն սովորեցրեց

Օրեյրոյի հայ երկրպագու Հարութ Մարկոսյանն այն մարդկանցից է, ով իրականացրել է իր երազանքը և հանդիպել Նատալյա Օրեյրոյին, անգամ հայերեն սովորեցրել նրան:

«Ամեն ինչ սկսվեց Հայաստանում: Ուրուգվայի ամենահայտնի ռադիոկայաններից մեկի աշխատակիցները որոշ ժամանակով Հայաստան էին եկել և այստեղ ռեպորտաժներ էին վարում:

 Ճակատագրի բերումով ծանոթացանք, և այնպես ստացվեց, որ Նատալյա Օրեյրոյի հետ խոսեցինք հենց իրենց ռադիոյի ուղիղ եթերով:

Նրանք մեծ դժվարությամբ և մեծ ջանքերի գնով կարողացել էին կազմակերպել մեր վիրտուալ զրույցը: Խոսեցինք, երգեցինք ուղիղ եթերում:

Այդ ամենն իրականում հեքիաթի էր նման»,- պատմեց Հարութը:

Դրանից հետո Հարութը շարունակում է կապ պահպանել ուրուգվայցիների և ռադիոյի հետ։

Ռադիոյի միջոցով էլ 2017-ին հայտնվում է Արգենտինայում և Ուրուգվայում: Արգենտինայում նա այցելում է Օրեյրոյի Las Oreiro խանութը, իսկ Ուրուգվայում, որտեղ տղան արդեն բավական հայտնի է, կատարվում է անսպասելին.

 

 «Ուրուգվայում եղել եմ բոլոր այն վայրերում, որոնք կապված են Օրեյրոյի հետ: Այցիս ամենաստացված ու գեղեցիկ անակնկալը Նատալյա Օրեյրոյի հետ հանդիպումն էր:Իսկապես անմոռանալի օր էր: Նատալյայի հետ հանդիպեցի նրա ստուդիայում: Ինձ համար անակնկալներ էր պատրաստել: Սկզբում դիմավորելիս իր երաժիշտների հետ երգեցինք իմ ամենասիրելի երգը, որը միասին կատարել էինք եթերում մեր վիրտուալ զրույցի ընթացքում»,- պատմում է Հարութը:

Հարութը Օրեյրոյին հայկական նվերներ էր տարել, հայերեն խոսել սովորեցրել, պատմել Հայաստանի մասին և ասել, որ այստեղ նրան շատ են սիրում և հույս ունեն, որ մի օր կգա մեր երկիր: Եվ հիմա նրա ցանկությունն իրականություն է դառնում:

Հարութը վստահեցնում է՝ պետք է հավատալ երազանքներին և ուրախությամբ սպասում Նատալյա Օրեյրոյի առաջին երևանյան համերգին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ