Արցախյան պատերազմում զոհված Դավիթ Ադոյանն ընդամենը 2 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց Ադրբեջանի կողմից սանձազերծված արցախյան պատերազմը: Նա 2020 թվականի հուլիսի 17-ին էր զորակոչվել բանակ, ծառայել է Ջրականում (Ջաբրայիլ):
Ծնողների խոսքով՝ Դավիթի ջոկատը Ջրականից ոտքով Հադրութ է հասել: Շրջափակման մեջ են եղել, ծնողները տեղյակ չեն եղել:
Դավիթ Ադոյանը եղել է այն 6 հոգու հետ, ովքեր պատերազմի ավարտից 70 օր հետո գտնվեցին: Նա վիրավոր է եղել, նռնակը կողնք է պայթել ու ոտքն ամբողջությամբ կոտրված է եղել, բայց հարազատներից ոչ ոք չի իմացել: Վիրավոր ընկերոջը 6 տղաներն իրենց հետ անընդհատ տեղափոխել են, սակայն զոհվել է: Երբ նա զոհվել է ընկերները նշան են արել ու Դավիթին թողել են Վանք գյուղից դեպի Հադրութ տանող ճանապարհին ու երդվել, որ եթե նրանցից մեկն էլ փրկվի պետք է հիշի, թե որտեղ են թողել զինակից ընկերոջը:
Երբ տղաները գտնվել են, Դավիթի հորն ասել են, թե որտեղ են թողել նրան: Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանի ջանքերի շնորհիվ կարողացել են մտնել արդեն օկուպացված Վանք գյուղ և գտնել, դուրս բերել Դավիթի դին:
«Մարտի մեջ են մտել Նախիջևանի «Յաշմա» թուրքական սպեցնազի խմբավորման հետ ու 6-ն էլ ասում էին՝ դուխով կռվում էր Դավիթը»,- պատմում է եղբայրը՝ Վահրամ Ադոյանը:
Դավիթ Ադոյանը ծնվել է 2002 թվականի մայիսի 18-ին, զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 28-ին: